«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
– «Բեսպրեդել»-ը շարունակվում է․ երեկ՝ վաղ առավոտից, իրավապահները ներխուժել էին «Տաշիր» ընկերություն, ինչպես նաեւ՝ ընկերության հետ փոխկապակցված տարբեր անձանց առանձնատներ, բնակարաններ, խուզարկություններ էին իրականացրել, տարբեր անձանց ձերբակալել: Այս ամենին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն է կրկին անդրադարձել Վեհարանը գրավելու իր «հանճարեղ» գաղափարին եւ սպառնացել է, որ ինքն անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու պրոցեսը: Ձեր տպավորությամբ` ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչի՞ է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը՝ հայ հասարակությանն այսպիսի հոգեբանական տեռորի ենթարկելով:
– Նիկոլ Փաշինյանն ունի լավ մշակված նախընտրական ռազմավարություն: Նա ունի մի քանի սկզբունք, որոնց վրա հենված է տվյալ ռազմավարությունը: Դրանցից մեկը թշնամու կերպարի ստեղծումն է: Նա պետք է այնքան մարտահրավերներ նետի, այնքան տարբեր խուլիգանական քայլերի դիմի, մինչեւ ինչ-որ մեկը համաձայնի իր ընտրական թշնամին դառնալու, ինչից հետո նա փորձելու է իրացնել քաղաքական կամպանիան, այնպես, ինչպես դա արեց 2018 թվականին` մասնակի, իսկ 2021-ին` պարզապես հանճարեղ կերպով:
– Այսինքն` այս ընդդիմությունը համարժեք քայլեր չի՞ անում, իսկ Փաշինյանին պետք է ի՞ր նման ընդդիմություն:
– Ի ուրախություն ինձ, այն մակարդակը, խոսքը եւ դրա բովանդակությունը, որ ցույց է տալիս Փաշինյանը` գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում, քաղաքական կշիռ ունեցող որեւէ գործչի չի կարող ներքաշել այդ դաշտ: Խոսքն անդաստիարակ յութուբերների եւ տիկտոկերների մասին չէ: Նրանցից կան թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում: Ոչ մի կայացած, դաստիարակված քաղաքական գործիչ չի կարող իրեն թույլ տալ՝ իջնելու Փաշինյանի մակարդակին: Նա չի կարողանում իր քաղաքական թային գտնել, ինչպես ասում են: Այդ փաստն իրեն անհանգստացնում է, բայց չէի ասի, թե ցայտնոտի մեջ է, ոչ, մարդը շատ սառնասիրտ է գործում եւ ունի հստակ նախընտրական ռազմավարություն:
– Այդ դեպքում ՀԱԵ-ն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին:
– Թշնամու կերպարի ձեւավորման մեջ, այն սուբյեկտները, որոնք ունեն ստրուկտուրա եւ որոշակի արժեքաբանական հիմքեր, էական չէ՝ տվյալ ստրուկտուրայի հետեւորդները հավատարիմ են այդ արժեքներին, թե ոչ, այստեղ հարցն այն է, որ եթե կան հստակ արժեքաբանություն եւ ստրուկտուրա, ապա դա թշնամու կերպարի կարեւորագույն բաղադրիչներից է: Ներկայացվում է այն իբրեւ մի ստրուկտուրա, որը դեմ է իշխանության քարոզներին եւ հակառակ արժեքներ է քարոզում: Նիկոլ Փաշինյանի կերպարը, նրա ծրագրերն ու նպատակները բոլորս լավ գիտենք, հետեւաբար՝ ի՞նչ արժեքներ դավանող թշնամիներ պետք է նա գտնի, արդյո՞ք այն պատճառով, որ Եկեղեցին կառուցվածք ունի, եւ նաեւ այն պատճառով, որ այն հարում է որոշակի արժեքաբանական հիմքերի, խոսքը ոչ միայն կրոնական արժեքների, այլեւ հասարակական-քաղաքական արժեքների մասին է, չի կարող համարվել թշնամի: Այստեղ կա նաեւ համընդհանուր դավադրության տեսության խնդիր: Ներկայացվում է, թե իբրեւ բոլոր իր թշնամիները փոխկապակցված եղբայրներ են, խարդավանքներ են հյուսում մութ նկուղներում, եւ որքան էլ որ թվա, թե նրանք իրարից տարբեր են, միեւնույն է, նրանք՝ բոլորը, մեկ «սիմֆոնիայի» վրա են աշխատում: Օրինակ, այժմ ում կալանավորում են, թելերով կապում են մյուս կալանավորվածների հետ: Այստեղ կա հստակ տրամաբանություն. ցույց տալ, որ թշնամին զորեղ է, խորամանկ եւ դավադիր, իսկ իրենց տեսակը միամիտ է, բարի, եւ այս անգամ հազիվ կարողացան ամեն բան հասկանալ եւ վճռական գործել:
– Վարչապետն ասում է, որ անձամբ է Վեհարան մտնելու: Ի՞նչ կարող ենք սպասել այս հայտարարությունից: Հնարավո՞ր է բախումներ հրահրվեն: Գուցե Փաշինյանը նկատի ունի, որ իր ձեռքի խամաճիկը դարձած իրավապահներին է ուղղորդելու կամ, ասենք, ռոմանբաղդասարյաններին է եկեղեցի տանելու:
– Անիմաստ է այստեղ կանխատեսումներ անելը: Այդ ամենից հարցի էությունը չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների: Մնացածը կախված է իրավիճակից եւ դիմացինների վարքից: Այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից: Դրանում վաղուց ենք համոզվել:
– Մինչ մենք՝ բոլորս, քննարկում ենք Փաշինյանի ցածորակ դերասանական խաղերը, աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Թուրքական կողմն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, ավելի ճկուն է դարձել` Սյունիքի միջանցքի հարցում: Այս ընթացքում լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ռազմակայան է տեղադրում իր տարածքում եւ այլն: Այս իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա` այս փուլում:
– Հրապարակային աղբյուրների վերլուծությունների համաձայն` ԱՄՆ-ի առաջարկի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի կոմպրոմիսի եզրեր են տեսել, ինչը Հայաստանին չի բերելու էական բարենպաստ դիրքերի, այսինքն` նոյեմբերի 9-ի նման մի պայմանավորվածություն է զուտ կյանքի կոչվելու՝ իր բոլոր իրավաքաղաքական հետեւանքներով, պարզապես այս անգամ ՌԴ-ի փոխարեն լինելու է կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ ԱՄՆ-ի հայերի կողմից ստեղծված դե յուրե ինչ-որ մի կազմակերպություն: Բայց այդ ամենից չի փոխվում հարցի էությունը: Նորից Ադրբեջանը ստանալու է երաշխիքներ, արդեն Հայաստանի տարածքով, անգամ այն դեպքում, երբ մենք գտնվենք ամենածանր հակամարտության պայմաններում, իսկ մենք իրավիճակն ակտիվ փուլ չտանելու համար հանդուրժելու ենք այդ ամենը: Հակառակ դեպքում կսպառնան պատերազմով, ուստի քանի դեռ պատերազմ չի սկսվել, մենք ստիպված լռելու ենք, Ադրբեջանի գործողությունները հանդուրժելու ենք՝ որեւիցե պրետենզիա չներկայացնելով:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները