Նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջին հայացքից տարօրինակ թվացող որոշում է ընդունել՝ մերժելով ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները:
Հրապարակ թերթը գրել է․ ՀԷՑ-ը դիմել էր, որ ՀԾԿՀ-ն հաստատեր իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի փոփոխությունը, մասնավորապես՝ 2025 թվականի մասով, առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում` նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամի փոխարեն 53.98 միլիարդ դրամ։ Ընկերությունը ներդրումային ծրագրի փոփոխության կարիքը բացատրել է հաստատված ծավալների հստակեցման եւ նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
Առաջին հայացքից թվում էր, թե Հանձնաժողովը պետք է դրական որոշում ընդուներ, մանավանդ որ իշխանությունները հայտարարում են, թե Սամվել Կարապետյանն այս տարիներին ՀԷՑ-ից միայն շահույթ է ստացել, ներդրումներ չի արել, իսկ կայանները մաշվել են, եւ վերջին տարիների հոսանքազրկումներն էլ դրանով են պայմանավորված։ Իրականում, Փաշինյանի հպատակ ՀԾԿՀ-ի երեկվա որոշմամբ իշխանությունը սկսեց ՀԷՑ-ը խլելու գործընթացը, որը սկսվեց Սամվել Կարապետյանի կողմից Եկեղեցուն աջակցելու հայտնի հայտարարությունից հետո։ Ինչ վերաբերում է ՀԾԿՀ մերժմանը եւ ներկայացված փաստարկներին, դրանք, մեղմ ասած, զավեշտի ժանրից են։ Ի՞նչ հիմնավորումներով է ՀԾԿՀ-ն մերժել մոտ 6 մլրդ դրամի ներդրումների առաջարկը․ «Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների՝ առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների եւ կհանգեցնի բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման»: Այսինքն՝ Հանձնաժողովի տրամաբանությամբ, երբեւէ ոչ մի ներդրում, աշխատանք պետք չէ թույլ տալ, քանի որ, որպեսզի աշխատանքներ տարվեն, պետք է հոսանքազրկումներ իրականացվեն:
«Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տեւողության ինդեքսը (SAIDI) եւ համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI) զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների եւ 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ: Այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը»,- աբսուրդը շարունակում է Հանձնաժողովը, մինչդեռ կարող էին գոնե առաջարկել քիչ ներդրումներ անել, որից հոսանքազրկումների հաճախականությունն էլ նվազ կլիներ:
Նաեւ պարզվում է՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջ մասին մտածելով են մերժել, քանի որ դրա հետեւանքով կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ. «Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության եւ թույլատրելի շահույթի հանրագումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար: Սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը եւ ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման»։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հանձնաժողովի որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրել է հատուկ կարծիք)»։ Մենք տեղեկացանք, որ միայն Արա Նռանյանն է կողմ եղել ներդրումների առաջարկին, սակայն նրա հետ երեկ կապ հաստատել չկարողացանք։ Լսեցինք էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի գնահատականները՝ Հանձնաժողովի փաստարկների մասին։ «Այստեղ հիմնավորում չկա, չէր էլ կարող լինել, քանի որ կա զուտ քաղաքական որոշում՝ ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու մասին։ Եկեք հիշենք, որ նույն Հանձնաժողովն ամեն տարի տալիս է կառույցների, այդ թվում՝ ՀԷՑ-ի մասին իր զեկույց-գնահատականը, որով արձանագրում է, թե ինչպես են կատարել իրենց ներդրումային պարտավորությունները, դրա արդյունքում ինչ տեղաշարժ կա եւ այլն։ Ամեն տարի ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ում կատարվող ներդրումների, կառավարման առումով տվել է դրական կարծիք, իսկ վերջին զեկույցներում հատուկ ընդգծվում է, որ հոսանքազրկումները, հոսանքի կորուստներն ավելի են կրճատվել, աշխատանքում կա դրական տեղաշարժ, եւ հանկարծ այս հանձնաժողովը դեմ է ներդրումների ծավալների մեծացմանը։ Սա աբսուրդ է»,- ասաց փորձագետը՝ շեշտելով, որ ՀԾԿՀ-ն քաղաքական տեքստ է հրապարակել։ Նրա գնահատմամբ՝ հնարավոր չէ իսպառ խուսափել հոսանքազրկումներից․ «Դա մի համակարգ է, որը պարբերական ներդրումներ է պահանջում, եւ եթե դու մեկ տարի չանես, ամբողջ համակարգը կփլուզվի։ Հիմա, երբ ՀԷՑ-ը խլեցին, գողացան, իրենք երկու խնդրի են բախվելու․ առաջին՝ պետք է փոխհատուցեն, ինչպե՞ս են փոխհատուցելու` մեր եւ ձեր գրպաններից։ Երկրորդ․ իրենք պետք է այդ ներդրումներն ապահովեն, ո՞նց են ապահովելու` պետական բյուջեում այդ գումարները չկան, նշանակում է՝ արտաքին պարտքն են ավելացնելու։ Իսկ վաճառել ՀԷՑ-ը՝ չեն կարող, որովհետեւ «Տաշիր գրուպ»-ն արդեն մտել է միջազգային արբիտրաժային դատարան, եւ քանի դեռ գործը քննվում է այնտեղ, դա վաճառել կամ մեկ ուրիշին հանձնել չեն կարող, պետք է պետական կառավարման ներքո մնա: Իսկ հաշվի առնելով, թե պետությունը վերջին 7 տարվա ընթացքում ոնց են կառավարում, չզարմանաք, որ ձմռանը մենք լրջագույն խնդիրների առաջ կանգնենք, եւ անջատումները ոչ թե լինեն հազվադեպ, այլ՝ մասսայական»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները