Փաշինյանն արդեն Աբու Դաբիում է ու այսօր կհանդիպի Ալիեւի հետ։ Նրանց հանդիպումը հաջորդում է Թուրքիա կատարած այցերին՝ առանձին-առանձին ու ամերիկյան միջնորդության մասին դաշտ ներտված տեղեկատվությանը։
Հրապարակ թերթը արդեն գրել է, որ նախ Քարնեգի հիմնադրամի միջոցով տարածվեց տեղեկություն այն մասին, որ կողմերի սեղանին Թրամփի առաջարկը կա՝ մասնավորապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Առաջարկվում է 2008թ. ռուս-վրացական մոդելը՝ անկախ միջազգային կամ ամերիկյան կազմակերպության վերահսկողությամբ, ԱՄՆ ընտրությամբ։
Այս տեղեկատվությանն արդեն ինֆորմացիա հաջորդեց այն մասին, որ ԱՄՆ-ն ակնարկում է, որ «շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի»։ Միտքը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոնն է, որ հնչել է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած համատեղ հանդիպման ժամանակ։ Սա արդեն ուղիղ ազդակ է այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում զարգացումներն իր վերահսկողության ներքո տեղավորել ու չնայած որոշ վերլուծաբանների կանխատեսումներին, ամենեւին էլ մտադիր չէ Ռուսաստանին թողնել Հարավային Կովկասը։ Արդեն նախօրեին Փաշինյանի խոսնակը պաշտոնապես տեղեկացրեց, որ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում կկայանա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև։
Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել էին 2025 թ. մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որտեղ մասնակցում էին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Հենց այնտեղ էր Փաշինյանը սուրճ առաջարկել Ալիեւին։ Աբու Դաբիում գուցե թեյ առաջարկի, բայց, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր այնտեղ, ըստ մեր դիվանագիտական աղբյուրի, չի ստորագրվի։ Դա կարող է տեղի ունենալ 2026թ. ընտրություններին ընդառաջ, որպեսզի Փաշինյանն այն կարողանա օգտագործել վերարտադրվելու ու ժողովրդին ասելու համար, թե ձեզ այս թուղթն է խաղաղություն բերելու։
Բայց գանք ԱՄԷ-ում Ալիեւ-Փաշինյան հանդիպման համատեքստին։ Այն ըստ էության, իրականացվում է ամերիկյան միջնորդությամբ, չնայած նրան, որ կողմերը հայտարարում են, թե բանակցություններն ընթանում են առանց միջնորդների։ Վերջին շրջանի ամերիկյան բոլոր խաղաղարար նախաձեռնություններում ԱՄԷ-ն որոշակիորեն ներգրավված է եղել։ Հայ-ադրբեջանականը եւս բացառություն չէ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ-ը փորձում է մերձավորարեւելյան տարածաշրջանում որոշակի համակարգ ստեղծել ու արդեն խոսել է Աբրահամյան պայմանավորվածությունների մաս կազմող երկրների թվի ընդլայնման մասին։ Այս համատեքստում Մարկո Ռուբիոյի հայտարարությունը պատահական լինել չի կարող, բայց Աբրահամյան պայմանավորվածությունները վերաբերում են մի շարք արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորմանը /2020-2021թթ ստորագրված/, որոնք բոլորը կոնֆլիկտ են ունեցել Իսրայելի հետ, մինչդեռ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը Իսրայելի հետ կոնֆլիկտ չեն ունեցել ու հասկանալի չէ, թե ինչպես պետք է ներառվեն այդ շրջանակում։ Ըստ մեր աղբյուրի, չի բացառվում, որ ԱՄՆ-ը փորձի Աբրահամյան պայմանավորվածություններն ավելի լայնացնել եւ դրա հիման վրա տարածաշրջանային ինչ-որ նոր համակարգ ստեղծել։ Այս կերպ ԱՄՆ-ը փորձում է ուղիղ կերպով չներգրավվելով տարածաշրջանում, ինչն իր համար բավականին ծախսատար է, պահպանել ու ամրապնդել ազդեցությունը՝ արդեն ենթադրվող նոր համակարգի միջոցով։ Հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել նաեւ Հյուսիսային Իրաքում քրդերի ակտիվացումը, որտեղ հակամարտող կլաններից մեկը Իսրայելի ու Թուրքիայի ազդեցության տակ է, մյուսը հակված է դեպի Իրան ու դեռ խորհրդային տարիներին լավ հարաբերություններ է ունեցել Խորհրդային Միության հետ։ Ինչ վերաբերում է Իրանին, այս փուլում, ըստ աղբյուրի, Իրանին դեռ պետք է սանձել, ցանկալի հուն բերել, ապա նոր փորձել տեղավորել հնարավոր նոր համակարգում։
Այս մեծ ծրագրի իրականացման ներքո պետք է դիտարկել նաեւ զարգացումները, այսպես կոչված, կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, որն, ամենայն հավանականությամբ, տրվելու է` հիմա խնդիրն այն է, թե ում վերահսկողությամբ։ Եթե ամերիկյան կողմին հաջողվի ստանձնել այդ դերակատարությունը, դա, ըստ էության, կնշանակի տարածաշրջանից Մոսկվայի դուրս մղում։ Հասկանու՞մ են արդյոք սա Մոսկվայում, պետք է որ։ Բայց, ինչպես մեր աղբյուրն է նշում՝ տարածաշրջանային այս մեծ խաղում միանգամից մի քանի դերակատարներ կան եւ չի բացառվում, որ խաղի ընթացքում կանոններ փոխվեն եւ լինեն այլ իրողություններ։
Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հնարավոր է մի` ոչինչ չասող հայտարարություն ընդունվի, որի հետեւանքները, սակայն, Հայաստանը կզգա հաջորդիվ՝ արդեն Փաշինյանի վերադարձից հետո։ Դա կդրսեւորվի Էջմիածնի վրա նոր գրոհով եւ սահմանադրական հանրաքվեի մասին խոսակցությունների ակտիվացմամբ, որոնք արդեն այս փուլում նկատելի են։ Օրեր առաջ Հիքմեդ Հաջիեւը նորից էր հիշեցրել Երեւանին՝ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին։ Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցի եւ այս գործընթացների միջեւ եղած կապին, ըստ մեր աղբյուրի, այդ այցը հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել եւ դատելով Էրդողանի հայտարարություններից, տրվել է խոստում՝ ամերիկյան տարբերակով միջանցք՝ Ալիեւի ստորագրության դիմաց։ Այստեղ սակայն, խնդիր կա՝ Ադրբեջանը ձգտելու է որքան հնարավոր է՝ ժամանակ շահել ու ավելին կորզել Փաշինյանից։ Բաքվում հասկանում են՝ Փաշինյանն իրենց համար օգտակար է ու մի կողմից փորձելու են ամեն ինչ անել՝ նրա իշխանության գոյությունը երկարացնելու համար, մյուս կողմից, ձգտելու են առավելագույնը քամել նրանից։ Ի դեպ, ադրբեջանական փորձագիտական շրջանակներում արդեն թեզ է ձեւավորվել, որ եթե, այսպես կոչված, ռեւանշիստական ուժերը փորձեն Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Ադրբեջանն իր լեգիտիմ իրավունքն է համարելու ուղիղ միջամտությունը, որը կարող է լինել, օրինակ, սահմանին իրավիճակի սրմամբ, ինչը Փաշինյանին հնարավորություն կտա հայ հասարակությանը պատերազմի սպառնալիքով շանտաժի ենթարկել ու ասել՝ սա՞ էիք ուզում։
Բաց մի թողեք
Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն
Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են
Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել