Ինչո՞ւ իշխանության քարոզչությանը չի հաջողվում հոգեւորականների շրջանում գտնել որեւէ «համոզիչ» խոսնակի, որը կպախարակեր կալանավորված սրբազան հայրերին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Որովհետեւ ծառայության մեջ գտնվող ոչ մի լուրջ հոգեւորական, որքան էլ համակրի Փաշինյանին ու ՔՊ-ին, չի համաձայնի հրապարակավ անհարգալից խոսել նույն ծառայության մեջ գտնվող եպիսկոպոսների մասին՝ մանավանդ, որ նրանք անազատության մեջ են: Եվ ոչ այն պատճառով, որ վախենում է «պաշտոնը կորցնել»:
Սա այն դեպքը չէ՝ հոգեւորականները պետական պաշտոնյաներ չեն: Սա էթիկայի, համերաշխության խնդիր է: Նույն տրամաբանությամբ ես չեմ գնա որեւէ եթեր, որպեսզի արհամարհական, նվաստացուցիչ բառեր արտասանեմ որեւէ լրատվամիջոցի մասին, որքան էլ ես դրա հրապարակումները չհավանեմ:
Բայց, ցավոք, այս համերաշխությունը հաճախ սահմանափակվում է համքարության, մասնագիտական շրջանակներով: Համազգային, առավել եւս՝ համամարդկային մակարդակի այդ էթիկական նորմը շատ հազվադեպ է հասնում: Օրինակ, մարդուն կալանավորում են մի շատ անմեղ նախադասություն արտասանելու համար՝ «Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Արդյոք նշանակություն ունի»՝ նա միլիոնատե՞ր է, թե՞ տաքսու վարորդ, Ռուսաստանի՞ց է եկել, թե՞ ԱՄՆ-ից, կուսակցակա՞ն է, թե անկուսակցական, նրա ասածները մեզ դո՞ւր են գալիս, թե՞ ոչ: Վաղը ՔՊ-ականին կամ նիկոլականին բանտ կտանեն ինչ-որ բան ասելու համար (ինչո՞ւ եք կարծում, որ նման բան տեսանելի ապագայում տեղի չի ունենա), դրանից մեր վերաբերմունքը քաղաքական ռեպրեսիաների նկատմամբ պետք է փոխվի՞:
Ես Դաշնակցության համակիրը չեմ՝ ազգայնականությունից չափազանց հեռու եմ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է ուրախանամ, երբ վարչապետի մոգոնած «պետական հեղաշրջման գործի» շրջանակներում այդ կուսակցության անդամների տներում խուզարկություններ են անցկացնում:
Խնդիրներից մեկը ես տեսնում եմ նրանում, որ նրանք, ովքեր իրենց հռչակում են «ազատական» ու «եվրոպամետ», իրականում այդպիսիք չեն: Նրանք պատրաստ են արդարացնել ամենավայրագ բռնապետությունը, եթե դրա դրսեւորումները բխում են իրենց քաղաքական նախասիրություններից:
Գտնել «հոգեւորականներ», որոնք զազրախոսելու են, բամբասելու են Միքայել սրբազանից, բավականին դժվար է: Բայց գտնել հ/կ-ականներ (հասարակակա՛ն կազմակերպությունների անդամներ), որոնք դեմ են հասարակության համերաշխությանը՝ մեկից մեկ է:
Արամ Աբրահամյան
Բաց մի թողեք
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում․ Անանյան
Առանց ավելորդ հույզերի ամրագրում ենք հետևյալ փաստերը. Աբովյան
Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն … Մարուքյան