2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի իրականացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են:
Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:
Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ: Հուլիսի 12-ին ՄԻՊ թեժ գծին փաստաբանի կողմից կրկին ահազանգ է ստացվել իրավունքների երաշխավորմանն առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ լուծվել են:
Բացի դրանից՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ համացանցում փաստաբանի կողմից տարածվում է երեխայի մասնակցությամբ տեսանյութ:
Հարկ է նկատի ունենալ, որ նման զգայուն իրավիճակներում այդպիսի գործողությունների հետևանքով երեխաները հաճախ թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի ցանկացած դրսևորման բացառումը։
Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:
Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
«Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով։
Այս ամենի հիման վրա փաստում ենք, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն խումբն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ գնահատական հնչեցնելով Պաշտպանի գործունեության վերաբերյալ:
Հարկ ենք համարում արձանագրել, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների պահպանման մշտադիտարկումը Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն գործառույթներից է: Վերջինիս երկրորդական լինելու առնչությամբ ընկալումներ ձևավորելու փորձերը բազմաթիվ են, և հաճախ դրան նպաստում են իրավական ոլորտում գործունեություն իրականացնող դերակատարները: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս գործելակերպն անթույլատրելի է, իսկ երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը կամ այս լիազորության առնչությամբ թյուր հանրային պատկերացումներ ձևավորելը` արգելված` միջազգային չափանիշներով: Բնականաբար, այս հարցը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների կողմից քննարկման առարկա:
Անընդունելի ենք համարում մարդու իրավունքներին, հատկապես` երեխաներին վերաբերելի հարցերի ու երեխաների «օգտագործում»-ը իրավունքների հետ չկապված նպատակների իրագործման ու հանրային ուշադրություն գրավելու համար: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ երեխաներին խոցելի դարձնելը ու նրանց լավագույն շահը հաշվի չառնելը պետք է բացառվի և որևէ դերակատար չի կարող խոչընդոտել Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության` նշված ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող գործունեությանը:
Անթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ:
Ինչ վերաբերում է նշված գործով կալանքի հետ կապված հարցին, ապա Հայաստանում գործունեություն իրականացնող ցանկացած փաստաբան լավագույնս տեղյակ է Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանված օրենսդրական արգելքից` չմիջամտելու դատավորների գործունեությանը: Ուստի ակնհայտ է Պաշտպանի կողմից դատարանի կողմից որոշում ենթադրող կոնկրետ գործով դիրքորոշում հայտնելու հնարավորության բացակայությունը: Ավելին, ցանկացած փաստաբան տեղյակ է, որ աշխարհում շատ են դեպքերը, երբ ազատությունից զրկվում են կանայք, մի շարք դեպքերում` մանկահասակ երեխաներ ունենալով: Սա բացառիկություն ներկայացնող դեպք չէ, և հարցին անհրաժեշտ է անդրադառնալ դեպքի բոլոր մանրամասներն ու հանգամանքները քննարկելու և դրա արդյունքում վերջնական դիրքորոշում ձևավորելու, այլ ոչ` դեպքի ու երեխայի «շահարկմամբ» հանրային դիվիդենտներ ձեռք բերելու տեսանկյունից: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում և վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, որ առանց բավարար հիմնավորվածության տեսակետ ձևավորելու` այն չի ներկայացվելու հրապարակային: Անհրաժեշտ տեղեկատվության վերլուծության արդյունքում և ՄԻՊ համար նախատեսված օրենսդրական սահմանափակումների պահպանմամբ` Պաշտպանի դիրքորոշումը առաջիկայում կներկայացվի հրապարակային եղանակով:
Պաշտպանը հանձնառու է ինչպես կալանավորված կնոջ, այնպես էլ վերջինիս երեխայի իրավունքների պաշտպանությանը և գործընկեր փաստաբանին անհրաժեշտության դեպքում աջակցություն տրամադրելուն:
Ինչ վերաբերում է նշված գործով իրավունքներին առնչվող այլ խնդիրներին, դրանց մի մասը հընթացս լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ:
Փաստաբանների պալատի` որպես ՄԻՊ հաստատության կարևոր գործընկեր կառույցի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ փաստաբանությունը` որպես իրավապաշտպան գործունեություն, կարող է հաջողությամբ իրականացվել բացառապես իրավապաշտպան գործունեությանը վերաբերելի պահանջների ու սկզբունքների պահպանման ու մարդու իրավունքների վերաբերյալ պատճաշ ընկալումների ձևավորմանը հենց փաստաբանների կողմից նպաստելու պարագայում: Մինչդեռ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ գործունեությունը խոչընդոտելու ու այդ ոլորտի առնչությամբ ձևախեղված հանրային ընկալումներ ձևավորելու հանգամանքին հենց փաստաբանների կողմից նպաստելու կամ նույն խումբը ներկայացնող առանձին փաստաբանների կողմից տարբեր հիմքերով տարբեր ժամանակներում ատելության խոսք տարածելու դրսևորումները պետք է հենց համայնքի ու այն ներկայացնող մարմնի կողմից արժանան պատշաճ հակազդեցության, ինչին փաստացի ականատես չենք լինում: Ավելին, երբևէ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները որևէ փաստաբանի հետ իրենց թույլ չեն տվել էթիկայի նորմերը խախտող հաղորդակցություն` անկախ ունեցած տարբերվող տեսակետներից ու իրավիճակից: Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ամենօրյա ռեժիմով ՄԻՊ ներկայացուցիչների հետ տարբեր փաստաբաններ վարում են այնպիսի ձևաչափով հաղորդակցություն, որը ոչ միայն հարիր չէ իրավական ոլորտում գործունեություն իրականացնող գործընկերներին, այլ նաև ընդունելի չէ սովորական շփման էթիկայի տեսանկյունից:
Կրկին հիշեցնում ենք, որ թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ ՄԻՊ ներկայացուցիչները մշտապես պահպանում են զգայունությունը փաստաբանների առնչությամբ որևէ հանրային խոսք ներկայացնելու կամ նրանց հետ հաղորդակցության ընթացքում` անկախ բոլոր հանգամանքներից և իրավիճակներից:
Պաշտպանը մշտապես պահպանում է զգայունությունը և էթիկայի նորմերը տարբեր փաստաբանների և հանրային պաշտպանների գործունեության առնչությամբ ամենօրյա ռեժիմով ստացվող բազմաթիվ բողոքները ոչ միայն Պալատի գործընկերների հետ գործընկերային եղանակով քննարկելիս, այլ նաև ազատությունից զրկված անձանց կողմից այդ բողոքները ներկայացնելու ընթացքում նրանց հետ հաղորդակցությունը վարելիս:
Միևնույն ժամանակ, մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բազմաթիվ փաստաբան գոծընկերներին, ովքեր իրենց բարեվարք ու պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստում են Հայաստանում մարդու իրավունքների` գոյություն ունեցող բազում խնդիրների լուծմանը: Ձեր աշխատանքն անգնահատելի է Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ պատշաճ ընկալումներ ձևավորելու և բազմաթիվ մարդկանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից:
Բաց մի թողեք
Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը. Ամստերդամ
Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը
Հավաքվում ենք Օպերայի հրապարակում, երթ կլինի․ Նարեկ Կարապետյան