«Հայաստանի ղեկավարության հետ Միացյալ Նահանգների երկխոսության մեջ «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության առաջարկությունը տնտեսա-քաղաքական սցենարներից միայն մեկն է»,- նման վստահ տեսակետ Բաքվի իշխանական լրատվամիջոցին հարցազրույցում արտահայտել է Կովկասի հարցերով մասնագիտացած թուրք քաղաքագետ Սարդար Յըլմազը:
«Երևանը հակված է Վաշինգտոնի ներկայացրած այլ տարբերակների, որ վերաբերվում են Զանգեզուրի երթուղու գործարկման մեխանիզմներին»,- ասել է թուրք փորձագետը՝ Բաքվի լրատվամիջոցի համար մեկնաբանելով, թե ինչու է Երևանը հերքել «Զանգեզուրի միջանցքն» ամերիկյան մասնավոր ընկերությանը վարձակալության տալու մասին ԱՄՆ վարչակազմի առաջարկությունը:
Յըլմազի գնահատմամբ՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվացումը սահմանափակում է Մոսկվայի մանևրի հնարավորությունը՝ «նրան զրկելով (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական) բանակցությունները ձախողելու արդյունավետ գործիքակազմից»:
Ընդսմին, նա պնդում է, որ Թուրքիան Հարավային Կովկասում համագործակցության «նախապատվությունը տալիս է Միացյալ Նահանգներին, որպես ավելի պրագմատիկ և կանխատեսելի պարտնյորի և ի տարբերություն Ռուսաստանի, որ տարածաշրջանն ընկալում է արտոնյալ ազդեցության գոտու պարադիգմայով»:
Թուրքիայի փորձագիտական հանրությունը, որքանով դիտարկվում է մամուլի հետ նրանց շփումներից, նման դելիկատ հարցերում չափազանց պահպանողական է և հիմնականում գեներացնում է պաշտոնական նարատիվներ:
Այս իմաստով դիտարժան է, որ Յըլմազն, ի տարբերություն Բաքվի խոսույթի, «Զանգեզուրի միջանցք»-ի փոխարեն օգտագործում է «երթուղի» տերմինը, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի իշխանությունների օրակարգում Հայաստանի հարավում «արտատարածքային միջանցքի» հարցն առնվազն ակտուալ չէ: Այլ բան է, որ այդ դիրքորոշումը կարող է լինել թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունք:
Երկրորդ կարևոր «բացահայտումը», որ հետևում է թուրք փորձագետի դիտարկումներից, այն է, որ «երթուղու գործարկման մեխանիզմների մի քանի սցենար գոյություն ունի, որ Վաշինգտոնը քննարկում է Հայաստանի ղեկավարության հետ երկխոսությամբ»:
Այսինքն, Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման կամ վերականգնման հարցում Ադրբեջանը բանակցային սուբյեկտ չէ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն Հայաստանի տարածքում գործարկվելիք ոչ մի երթուղու սուբյեկտային շահառու չէ:
Երրորդ ու, թերևս, ամենաէական ազդակն այն է, որ, ըստ Յըլմազի, Թուրքիան Հարավային Կովկասի ստատուս-քվոյի հարցում համագործակցության նախապատվությունը տվել է Միացյալ Նահանգներին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանն «ընկալում է արտոնյալ ազդեցության գոտու պարադիգմայով»:
Առաջին հայացքից «գրավիչ» թվացող այս միտքը խորքային առումով Հայաստանի համար չափազանց խնդրահարույց է այն իմաստով, թե Միացյալ Նահանգներն արդյոք Հարավային Կովկասում ներկայանում է այսպես ասած՝ ի՞ր, թե՞ Թուրքիայի «դեմքով»:
Եթե Հարավային Կովկասը ռուսական «արտոնյալ ազդեցիկ գոտուց վերածվելու է թուրքականի», ապա սա մի սցենար է, և բոլորովին այլ, եթե «գերմոդերատոր լինելու է Վաշինգտոնը, իսկ Թուրքիան և Հարավային Կովկասի երեք երկրները՝ հավասարազոր գործընկերներ»:
Պետք է, ամենայն հավանականությամբ, հաշվի առնել նաև ԱՄՆ նախագահի, մեղմ ասած, էքստրավագանտությունը, վաղը նա նույն հաջողությամբ կարող է Հարավային Կովկասը «գրողի ծոցն ուղարկել», ուստի ծագում է նոր իրողությունների իրավապայմանագրային ամրագրման անհրաժեշտություն:
Ադրբեջանում հակված են «պատմական նվաճումները» ֆորմալացնել Թուրքիայի հետ նոր պայմանագրով: Հայաստանի համար Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագի՞րն է երաշխիք լինելու: Հարավային Կովկասի Լենին-Աթաթուրք ստատուս քվոն փլուզվո՞ւմ է:
Բաց մի թողեք
Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել
Պուտինը հիմա էլ ատամ ունի Մոլդովայի վրա․ Օդեսայի ուղղությամբ «հումանիտար միջանց» բացել և մտնել Մոլդովա
Ալիևին հեղինակազրկում են իբրև իսրայելա-արաբական կարգավորման միջնորդի