Վլադիմիր Պուտինի համար ուկրաինական պատերազմը դադարեցնելու հիսունօրյա «դեդլայն» սահմանելուց, հակառակ դեպքում «դժոխային պատժամիջոցներ կիրառելու» սպառնալիք հնչեցնելուց հետո Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Այդ մասին թելեգրամ-ալիքում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահը: Նա խոսակցությունը գնահատել է «շատ լավ», շնորհակալություն հայտնել Ուկրաինային աջակցելու պատրաստակամության համար» և հավաստիացրել, որ պատրաստ է համատեղ աշխատել, որպեսզի հասնեն խաղաղության:
Կողմերը պայմանավորվել են «հաճախակի հեռախոսազրույցներ ունենա»:
«Վաշինգտոն փոստի» սյունակագիր Դեվիդ Իգնատիուսը, որ լուսաբանում է ամերիկյան քաղաքական հետ կապված առանցքային հարցերը, հղում անելով Սպիտակ տան սեփական աղբյուրներին, Թրամփ- Զելենսկի հեռախոսազրույցից սենսացիոն «մանրամասնություն է բացահայտել»:
Ըստ Իգնատիուսի, ԱՄՆ նախագահը Զելենսկուն ուղղակի հարցրել է, թե ինչու՞ նա «չի հարվածում Մոսկվային», ինչին Ուկրաինայի ղեկավարը պատասխանել է. «Մենք կարող ենք, եթե հեռահար զինատեսակներ տրամադրեք» և, իբր, Թրամփը հորդորել է «ճնշում գործադրել Պուտինի վրա ոչ միայն Մոսկվայի, այլև Սանկտ-Պետերբուրգի ուղղությամբ»:
Որքանո՞վ է հավաստի Իգնատիուսի սենսացիան՝ խիստ կասկածելի է մի քանի առումներով, բայց առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ նույն օրը՝ հուլիսի 14-ին, ամերիկացի պաշտոնակից Հեթգեսի հետ բանակցություններից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Պիկտուրիուսը, ով, թերևս, Ռուսաստանի հանդեպ ամենաարմատական դիրքորոշումն ունի, չափազանց հոռետեսական հայտարարություն է արել՝ բացահայտելով, որ Ուկրաինային խոստացած Patriot համակարգերը և ծանր սպառազինությունները գործնականում ռազմաճակատի գոտի «կարող են հասնել միայն ամիսներ անց»:
Այս համատեքստում ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հիսունօրյա «դեդլայնը» կարելի է համարել Ուկրաինայում նոր տարածքային նվաճումների հասնելու «ինդուլգենցիա», որ Դոնալդ Թրամփը տալիս է Վլադիմիր Պուտինին:
Այդ ընթացքում, ինչ խոսք, ռուս-ամերիկյան բանակցություններ չեն լինի, կողմերը, գուցե, մեծացնեն դիվանագիտական «փոխհրաձգության» ծավալները, խստացնեն տոնայնությունը:
Դրանից իրականությունը չի փոխվում. Վաշինգտոնը հիսուն օր Մոսկվայի դեմ ոչինչ չի ձեռնարկի, իսկ Ուկրաինան խոստացած սպառազինությունների մատակարարումներն ուշացնելու կամ բանավոր խոստումները չեղարկելու «հիմնավոր պատճառներ» միշտ կգտնվեն:
Ռազմաճակատներում նախաձեռնությունը մնում է Ռուսաստանի ձեռքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մոսկվան «նոր լայնածավալ հարձակում է նախապատրաստում և ռազմաճակատի բոլոր ուղղություններով կենտրոնացրել է ավելի քան յոթ հարյուր հազար ցամաքային ուժեր»:
Հիսուն օր հետո Ուկրաինայի տարածքի ո՞ր մասով կանցնի «կրակային շփման գիծը»՝ ոչ ոք չի կարող ստույգ ասել, բայց կարելի է վստահաբար ասել, որ այն հօգուտ Ուկրաինայի չի լինի:
Բավական ինտրիգային է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «մոտալուտ կարգավորման» մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ընթացքում:
Գոնե առերևույթ տպավորություն է, որ նա հայ-ադրբեջանական հնարավոր կարգավորումը դիտարկել է ուկրաինական պատերազմի դադարեցման կամ դրա բացակայության դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման համատեքստում:
Ընդ որում, ուշադրություն է հայցում, որ նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ֆրանսիա-Հայաստան ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրման չափազանց անորոշ «դեդլայն է սահմանել», իսկ Եվրամիությունն անվտանգության հարցերով «խորացված երկխոսություն» է միայն անոնսավորել:
Տպավորություն է, որ բոլորն սպասում են ուկրաինական պատերազմի ելքին, բայց ոչ ոք գործնականում չգիտի, թե իրավա-պայմանագրային ի՞նչ ամրագրում կունենա դա: Եթե պայմանականություններից, դիվանագիտական այլասացություններից վերացարկվենք, ապա հավաքական Արևմուտքն սկզբունքորեն ընդունում է, որ Ուկրաինան 1991 թվականի սահմանները չի ունենա:
Իսկ եթե անկեղծ լինենք, ապա պիտի ասենք, որ Աբու Դաբիում, կարծես, Իլհամ Ալիևը համաձայնել է, որ Սյունիքը Հայաստանի լիարժեք իրավազորության տարածք է, բայց «միջանցքի» նկատմամբ այն «պետք է սահմանափակվի»:
Հուլիսի 14-ին վարչապետ Փաշինյանի մամուլի քարտուղարը վերահաստատել է այդ հարցում Հայաստանի անփոփոխ դիրքորոշումը՝ բոլոր հաղորդուղիները, որ կանցնեն Հայաստանի տարածքով, կգտնվեն նրա լիակատար իրավազորության ներքո:
Ասվածը վերաբերում է նաև ճանապարհների շահագործման իրավական ռեժիմի՞ն: Թրամփի ուկրաինական «դեդլայնը» նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման «վերջնաժամկե՞տ է»:
Բաց մի թողեք
Մեհրիբան Ալիևայի իշխանատենչությունը և Իլհամ Ալիևի նկատմամբ Փաշաևների մեծ ազդեցությունը
Պուտինին մնացել է «բոլոր խաղաքարտերը բացել», ինչն էլ արել է` նրա սիրտը համաշխարհային պատերազմ է ուզում
Ալիևը՝ հակառուսականության «ջինը շշից բաց է թողել»