16/07/2025

Պուտինը հիմա էլ ատամ ունի Մոլդովայի վրա․ Օդեսայի ուղղությամբ «հումանիտար միջանց» բացել և մտնել Մոլդովա

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հերթական կանխատեսումն է հրապարակել, այս անգամ՝ Մոլդովայի վերաբերյալ: «Հյուսիս-ատլանտյան դաշինքը ցանկանում է Քիշնևն օգտագործել Մոսկվայի հետ հակամարտության ժամանակ:

Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկությունների համաձայն ՆԱՏՕ-ն ակտիվորեն պատրաստվում է, որպեսզի Մոլդովան օգտագործի Ռուսաստանի հետ ռազմական հավանական հակամարտության ընթացքում:

Բրյուսելում որոշում է կայացվել՝ արագացնել այդ երկրի վերափոխումը դաշինքի արևելյան թևի պլացդարմի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈՒ առաջխաղացումն Ուկրաինայում»,- ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրությունը մեջբերում է ՌԻԱ-Նովոստին:

Ռուսաստանի ԱՀԾ այս հայտարարությունը հաջորդում է նախօրեին հեռուստալրագրող Զարուբինին Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որտեղ նա ասել է, որ Մոսկվան «միայնակ դիմակայում է հավաքական Արևմուտքի երկրներին»:

Կարևոր է նաև, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի արևելյան թևի «հակառուսական պլացդարմ դարձնելու Բրյուսելի որոշման» մասին ՌԴ ԱՀԾ-ն խոսում է մի փուլում, երբ գրեթե բոլոր ներգրավված կողմերի համար այլևս պարզ է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հավանականությունը մոտ է զրոյականին, և մարտական գործողությունները շարունակվելու են առնվազն մինչև առաջիկա խոր աշուն:

Այդ հայտարարության «բանալի միտքն» այն է, որ ՆԱՏՕ-ն Մոլդովայում «նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈՒ առաջխաղացումն Ուկրաինայում»:

Ասվածից ուղղակիորեն հետևում է, որ Ռուսաստանը ծրագրում է այնպիսի խոշոր հարձակում, որի հաջողության դեպքում իր զորքերը կարող են դուրս գալ Մոլդովայի հետ Ուկրաինայի սահման:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերջերս վստահաբար հայտարարել է, որ «ռուսական դեսանտը երբեք չի մտնելու Օդեսա»: Օդեսայի մարզը սահմանակցում է Մոլդովային, որ, սակայն, չի վերահսկում Դնեստրի ձախափնյակը, այնտեղ ավելի քան երեք տասնամյակ է՝ տերուտնօրեն են Ռուսաստանի «խաղաղապահ զորքերը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Քիշնևին չենթարկվող Մերձդնեստրում «ստեղծվել է տնտեսական աղետալի վիճակ»: Դա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի «Մերձդնեստրի հանրապետությունը» դիմի և Մոսկվայից օգնություն խնդրի:

Դնեստրի ձախափնյակի բնակչության կեսից ավելին ռուս է, ունի ՌԴ քաղաքացու անձնագիր:

Եթե Տիրասպոլի կառավարիչները ենթարկվեն Մոսկվայի «եղբայրական խորհրդին» և զինված ապստամբություն բարձրացնեն, ապա Ռուսաստանը կարող է առիթն օգտագործել և Օդեսայի ուղղությամբ «հումանիտար միջանց» բացել և մտնել Մոլդովա:

Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը՝ բոլորովին այլ հարց է: Շատ մեծ է հավանականությունը, որ տեղեկատվա-քարոզչական «մշակումն» արվում է Ռումինիայի համար, որ Մոլդովայի երաշխավորն է: Տարիներ առաջ, սակայն, քննարկվել է տարբերակ, որ Ռումինիան կարող է «կլանեն մոլդովախոս շրջանները, իսկ Դնեստրի ձախափնյակը և Գագուզիան՝ թողնել Ռուսաստանին»: