27/07/2025

Սկանդալ «Ալաշկերտի»-ի հետ կապված, չեռնոգորական թիմը որակազրկվել է 10 տարով

ՈւԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ՝ պայմանավորված խաղերի մեջ ներգրավվածության պատճառով։

Ակումբը հեռացվել է եվրոպական մրցաշարերից մինչև 2034/35 մրցաշրջանի ավարտը և տուգանվել է 500,000 եվրոյով։

Խախտումները տեղի են ունեցել 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում՝ հայաստանյան «Ալաշկերտի» հետ խաղերի ժամանակ։ Առաջին խաղը, որը կայացել է Հայաստանում, ավարտվել է 1:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպմանը Չեռնոգորիայում «Արսենալը» պարտվել է 1:6 հաշվով։ Վերջին խաղում թիմը երկու գոլ է բաց թողել ավելացված ժամանակում։

Չնայած ՈւԵՖԱ-ն չի հրապարակել պայմանավորված խաղերի մանրամասները կամ խաղադրույքների հետ կապված տվյալներ, կազմակերպությունն իրականացրել է մի շարք կոշտ պատժամիջոցներ։ Ակումբի սպորտային տնօրեն Ռանկո Կրգովիչը և ֆուտբոլիստ Նիկոլա Չելեբիչը հավերժ զրկվել են ֆուտբոլում մասնակցությունից։ Միևնույն ժամանակ, մի քանի այլ խաղացողներ որակազրկվել են 10 տարով։

Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել նաև սերբական «Ռադնիչկի Օբրենովաց» ակումբի ներկայացուցիչների նկատմամբ․ Միլան Վիգնյևիչը որակազրկվել է 10 տարով, Գորան Յանյուշևիչը՝ 6 տարով, իսկ մեկ այլ անձ՝ Քրիստոս Փսոմիադիսը, ստացել է 8 տարվա որակազրկում։