Այսօր գրող, դրամատուրգ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարզապես հրաշալի անհատականություն ու մտավորական Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշել է Սիմոն Սարգսյանը։
Ահա և նրա մտքերից մի փոքրիկ ծաղկաքաղ․ Մոր ամենամեծ զենքը արցունքն է: Ո՛չ խոսքը, ո՛չ խրատը, ո՛չ տրամաբանությունը, ո՛չ սպառնալիքը չեն կարող այն արդյունքին հասնել, ինչ ընդամենը աղից ու ջրից բաղկացաց մայրական արցունքը:
Եթե հանկարծ ականջիս շշնջաս … Ու եթե հանկարծ քո բառը ծնվի … Չթաքցնես … Անպայման կասես … Թող դա լինի ամենասովորական բառը … Բայց կլինի ամենալավագույնը իմ լսածներից…Ամենաանծանոթը … Ուզում ես … Շատ էիր ուզում … Մի րոպե լռենք … Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք…
Զոհերի թիվը, ինչպես միշտ, ինչպես ամենուրեք հաշվվում էին մոտավորապես, հաշվվում էին, մեղա՜, մեղա՜ նրանց հիշատակին «աչքաչափով» … Բայց ինչո՞ւ … Ինչո՞ւ մոտավորապես … Ամեն մարդ մի աշխարհ է, տիեզերքի մի մեծ գաղտնիք, ամեն մարդ՝ առանձին-առանձին վերցրած… Եվ այս մետավորապեսի մեջ որքան աշխարհներ են երկրորդ անգամ փլուզվում, ոտնահարվում, յոթնապատիկ խոցվում և հիշատակներն անգամ աղտոտվում… Մոտավորապես… Երբ մարդու մահը մոտավոր չափում չունի և չի ունեցել երբեք…
Մինչդեռ ամեն պատերազմ, ամեն ցեղասպանություն մարդկային կյանքը հաշվում և գնահատում է հենց այսպես՝ մոտավորապես, ու այս մոտավոր հաշվումի մեջ ի հայտ է գալիս ողբերգության մռայլ ու սև էությունը…
Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ… անկախությունը բացարձակ արժեք է յուրաքանչյուր ազգի համար, սակարկության ենթակա չէ, չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է… Գրականության մեջ և կյանքում առհասարակ ես ունեմ մի սկզբունք՝ սիրել հայրենիքն այնպես, ինչպես այն կա: Հայրենիքը պետք է սիրել, սիրել բաց աչքերով։
Թատրոնը իմ սերն է և իմ թուլությունը։ Թատրոնի բացիլը ինձ վարակեց 1963 թվականին Մոսկվայում, երբ ՄԽԱՏ-ում դիտեցի Ա Չեխովի «Երեք քույրը»՝ Նեմիրովիչ-Դանչենկոյի բեմադրությամբ։ Ու թեև բեմադրությունը մի քանի տասնամյակի կյանք ուներ, այնուամենայնիվ, իր հմայքը դեռ չէր կորցրել։ Նեմիրովիչ – Դանչենկոն մի երեկոյի ընթացքում ինձ «բացատրեց», «հասկացրեց», թե ինչ բան է իսկական թատրոնը։ Եվ այդ օրվանից ես անհուսալիորեն վարակված եմ թատրոնով, այն հազվագյուտ վարակով, որը, Աստված տա, երբեք չբուժվի։
Բաց մի թողեք
Աննա և Ասատուր Քալաշյանների 10 տարվա ամուր ընտանիքն ու 13 տարվա բեմական հաղթարշավը. Լուսանկարներ
Վերին Արտաշատի մշակույթի տունն է, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային հերթական համերգն անցկացրեց․ ԿԳՄՍ նախարարը լուսանկարներ է հրապարակել
«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում. Լուսանկարներ