Այսօր գրող, դրամատուրգ, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարզապես հրաշալի անհատականություն ու մտավորական Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշել է Սիմոն Սարգսյանը։
Ահա և նրա մտքերից մի փոքրիկ ծաղկաքաղ․ Մոր ամենամեծ զենքը արցունքն է: Ո՛չ խոսքը, ո՛չ խրատը, ո՛չ տրամաբանությունը, ո՛չ սպառնալիքը չեն կարող այն արդյունքին հասնել, ինչ ընդամենը աղից ու ջրից բաղկացաց մայրական արցունքը:
Եթե հանկարծ ականջիս շշնջաս … Ու եթե հանկարծ քո բառը ծնվի … Չթաքցնես … Անպայման կասես … Թող դա լինի ամենասովորական բառը … Բայց կլինի ամենալավագույնը իմ լսածներից…Ամենաանծանոթը … Ուզում ես … Շատ էիր ուզում … Մի րոպե լռենք … Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք…
Զոհերի թիվը, ինչպես միշտ, ինչպես ամենուրեք հաշվվում էին մոտավորապես, հաշվվում էին, մեղա՜, մեղա՜ նրանց հիշատակին «աչքաչափով» … Բայց ինչո՞ւ … Ինչո՞ւ մոտավորապես … Ամեն մարդ մի աշխարհ է, տիեզերքի մի մեծ գաղտնիք, ամեն մարդ՝ առանձին-առանձին վերցրած… Եվ այս մետավորապեսի մեջ որքան աշխարհներ են երկրորդ անգամ փլուզվում, ոտնահարվում, յոթնապատիկ խոցվում և հիշատակներն անգամ աղտոտվում… Մոտավորապես… Երբ մարդու մահը մոտավոր չափում չունի և չի ունեցել երբեք…
Մինչդեռ ամեն պատերազմ, ամեն ցեղասպանություն մարդկային կյանքը հաշվում և գնահատում է հենց այսպես՝ մոտավորապես, ու այս մոտավոր հաշվումի մեջ ի հայտ է գալիս ողբերգության մռայլ ու սև էությունը…
Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ… անկախությունը բացարձակ արժեք է յուրաքանչյուր ազգի համար, սակարկության ենթակա չէ, չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է… Գրականության մեջ և կյանքում առհասարակ ես ունեմ մի սկզբունք՝ սիրել հայրենիքն այնպես, ինչպես այն կա: Հայրենիքը պետք է սիրել, սիրել բաց աչքերով։
Թատրոնը իմ սերն է և իմ թուլությունը։ Թատրոնի բացիլը ինձ վարակեց 1963 թվականին Մոսկվայում, երբ ՄԽԱՏ-ում դիտեցի Ա Չեխովի «Երեք քույրը»՝ Նեմիրովիչ-Դանչենկոյի բեմադրությամբ։ Ու թեև բեմադրությունը մի քանի տասնամյակի կյանք ուներ, այնուամենայնիվ, իր հմայքը դեռ չէր կորցրել։ Նեմիրովիչ – Դանչենկոն մի երեկոյի ընթացքում ինձ «բացատրեց», «հասկացրեց», թե ինչ բան է իսկական թատրոնը։ Եվ այդ օրվանից ես անհուսալիորեն վարակված եմ թատրոնով, այն հազվագյուտ վարակով, որը, Աստված տա, երբեք չբուժվի։



Բաց մի թողեք
Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ. Լուսանկար
Ես փորձում էի պարզել Կերկիրայում որտեղ է ապրել Կոստան Զարյանը․ Լուսանկարներ․ Տիգրան Մկրտչյան
Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլևը հանդես կգա Երևանում և մարզերում․ Լուսանկար