ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ իր նախագահության երկրորդ շրջանում բազմաթիվ կոնֆլիկտներ են լուծում ստացել, օրինակ՝ Պակիստան-Հնդկաստան կոնֆլիկտը, Ռուանդայի եւ Կոնգոյի խնդիրը, որ շուտով Գազայի մասով լավ լուրեր կլինեն, ու հավելեց, որ շուտով նաեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծման մասին դրական լուրեր կլսենք:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պետք է արձանագրել՝ որեւէ հակամարտություն այս պահի դրությամբ լուծում չի ստացել: Ինչ-որ մի պահի սրված բախումները կանգնեցնելը դեռ չի նշանակում հակամարտության լուծում: Հակամարտության լուծում՝ նշանակում է հակամարտության համար արմատական խնդիր հանդիսացող հարցերի կարգավորում, ընդ որում՝ երկուստեք ընդունելի տարբերակով, որը կարող է ապահովել երկարատեւ խաղաղություն, եւ նման խնդրի դեպքում հեռահար կտրվածքով նոր հակամարտություններ ծագելու հնարավորություն թույլ չի տա այլեւս: Այս առումով որեւէ հակամարտություն չի լուծվել՝ շեշտում է արտակարգ եւ լիազոր դեսպանը: Հատկապես որ այդ հակամարտությունների հիմքում ընկած է արեւմտյան տարբեր ուժերի՝ տարբեր ժամանակներում ներթափանցման, իրենց ծրագրերի իրականացման փաստը, նախկինում՝ բրիտանական, այսօր` բրիտանա-ամերիկյան, եվրոպական տարբեր շահերի ներթափանցմամբ, եւ այս առումով որեւէ հակամարտություն որեւէ լուծում չի ստացել:
«Հակառակը, մենք տեսնում ենք հակամարտությունների թեժացում եւ թեժացման արդյունքում բազմահազար զոհեր ու ցեղասպանության իրականացում, որը տեղի ունեցավ թե՛ Արցախում էթնիկ զտման միջոցով՝ բազմահազար տարիների հայաբնակ Արցախը հայաթափելու միջոցով, բացի այդ, տեսնում ենք ընթացիկ ցեղասպանություն Գազայում: Նմանատիպ մոտեցումները կամ բարձրագոչ հայտարարությունները որեւէ առնչություն չունեն հաջողությունների եւ, առավել եւս, որեւէ հակամարտության լուծման գործընթացի հետ: Եթե կարող են ուղղակի հռետորական մակարդակի հայտարարություններ անել, դա չի նշանակում, որ ինչ-որ մի բան տեղից շարժվել է: Հակառակը` մենք տեսնում ենք շատ խնդիրների խորացում: Տարբեր տարածաշրջաններում եթե քիչ թե շատ կայուն իրավիճակ կար, ապա դրա ամբողջովին ձեւախեղում եւ կոտրում, որը նորանոր բռնկումների եւ պրոբլեմների աղբյուր է դարձել»,- ասաց Աղաջանյանը:
Մեր զրուցակիցը վստահ է, որ այս առումով էլ մոտ ապագայում ավելի բարդ իրավիճակների ականատես կլինենք, եւ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները զուտ իր ցանկությունների մասին բարձրաձայնում են, որն ամերիկյան ներկայիս մոտեցումների պարագայում իրականություն դառնալու որեւէ շանս չունի: Իսկ այդ մոտեցումները հիմնված են սեփական քմահաճույքների եւ սեփական ցանկությունների թելադրանքով այլ պետություններին ստիպելու ռազմավարության վրա: «Դա որեւէ կերպ հակամարտության լուծման կամ խաղաղության հաստատման բանաձեւ չէ»,- շեշտեց Աղաջանյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Հայաստան հակամարտության մասին Թրամփի հայտարարությանը, որ հարցը շուտով հաջող հանգուցալուծում է ունենալու, Աղաջանյանն ասաց. «Որեւէ հաջող հանգուցալուծման մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե ամբողջովին խաթարվել են անվտանգային համակարգը եւ հավասարակշռությունը, որը քիչ թե շատ կար մեր տարածաշրջանում, եւ Արցախի հայաթափումով ու երկու ագրեսիվ պատերազմներով Ադրբեջանը փաստացիորեն նոր եւ ավելի խոր վերքեր բացեց, որոնք թույլ չեն տալու որեւէ խաղաղություն հաստատել՝ ներկայիս ստորաքարշ վիճակով առաջնորդվող ՀՀ իշխանությունների պարագայում: Առավել եւս, երբ մենք ունենք երկու հարեւան՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք զարթնում, նստում, երազում են՝ տեսնելու Հայաստան պետության վերացումը եւ հայ քաղաքական, էթնիկ տարրի ոչնչացումն այս տարածաշրջանում, լինի դա տնտեսական էքսպանսիայի միջոցով ցեղասպանական գործողություններ իրականացնելու, թե ուղղակի ռազմական գործողությունների միջոցով այդ քայլերին դիմելու առումով: Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ենթադրում է, որ նման մոտեցումներով կարող է խաղաղություն հաստատել, կա՛մ բռունցքով, կա՛մ պարտադրանքով կարող է այստեղ խաղաղություն հաստատել, ուրեմն ես կարող եմ եզրակացնել, որ իրենք բացարձակապես գաղափար չունեն քաղաքականության եւ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների տրամաբանական, Մերձավոր Արեւելքում ընդհանրապես խնդիրների լուծման մասին»:
Դիվանագետը հավելեց, որ խիստ կասկածում է, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որեւէ կերպ կհամաձայնեն Թրամփի հրահանգներին՝ նրանք շատ լավ սովորել են Թրամփի վարչակազմի ատամները հաշվել, եւ ենթադրում է, որ հիմա կտեսնենք ամենատարբեր մանեւրների միջոցով սպրդումներ՝ իրենց իսկ ստանձնած հանձնառություններից, որը նաեւ իր հետ կբերի Թրամփի կողմից ակնկալվող հաջողությունների չեզոքացմանն ու ի չիք դարձնելուն:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է