ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին և խնդրել, որ նա մեկնաբանի Գազայում միակ կաթոլիկ տաճարի դեմ նույն օրվա առավոտյան ՑԱՀԱԼ-ի իրակաանցրած հարձակումը, որի հետևանքով շուրջ մեկ տասնյակ հավատացյալ է զոհվել:
Իսրայելում պնդում են, որ ողբերգության պատճառը ոչ թե կանխամտածված հարվածն է, այլ տաճարի տարածքում «թիրախից շեղված արկի պայթյունը»:
Այդ առթիվ Սպիտակ տան մամուլի խոսնակն ավելի վաղ լրագրողներին ասել է, որ տեղի ունեցածի նկատմամբ նախագահի վերաբերմունքը բացասական է և ավելացրել, որ Իսրայելի վարչապետը Թրամփին խոստացել է հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:
Կարճ ժամանակ անց Նաթանյահուի գրասենյակը տարածել է անգլերեն լեզվով հետևյալ տեքստը. «Իսրայելի կառավարությունը խորապես ափսոսում է, որ Գազայի կաթոլիկ տաճարում տեղի է ունեցել հնացած չկառավարվող զինամթերքի պայթյուն:
Անմեղ մարկանց մահվան յուրաքանչյուր դեպք ողբերգություն է: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հավատացյալներին: Իսրայելը սփոփանքի խոսքի համար երախտագետ է Լևոն պապին»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն, այսպիսով, պարտավորեցրել է, որ Իսրայելի վարչապետը, թեև ոչ ուղղակի, բայց ընդունի Գազայում կաթոլիկ եկեղեցու դեմ հարձակման փաստը և ներողություն խնդրի կատարվածի համար:
Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն էր, երբ Ադրբեջանն ուղիղ նշանառությամբ թիրախավորեց Շուշիի Ղազանչեցող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, իսրայելական «Լորա» հրթիռով:
Այդ պատերազմի ընթացքում Դոնալդ Թրամփի մեկ հայտարարություն է հիշվում. «Հայերը հերոսական ժողովուրդ են, ես կարծում եմ, որ նրանք մինչև վերջ կկռվեն»:
Թրամփը կարո՞ղ էր մեկ հեռախոսազանգով կանգնեցնել Արցախի հայ բնակչության դեմ Իլհամ Ալիևի սանձազերծած ահաբեկչական պատերազմը:
Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, 2023 թվականի սեպտեմբերի 19 –ի ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները Ստամբուլում գաղտնի հանդիպում են ունեցել:
Արցախի հայ բնակչության բռնատեղահանության համար պատասխանատվությունն, այսպիսով, կրում են նաև Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:
Ոչ ոք չգիտի, թե այսօր Ադրբեջանն ինչպես է վարվում Արցախի և հարակից տարածքներում մնացած քրիստոնեական-հայկական պատմա-մշակութային ժառանգության հետ: Ադրբեջանը համառորեն արգելափակում է այդ տարածքներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը:
Գազայում, անշուշտ, ողբերգություն է տեղի ունեցել, քրիստոնեական եկեղեցին հարձակման է ենթարկվել, երբ հավատացյալներն այնտեղ էին: Միացյալ Նահանգների նախագահի, Հռոմի պապի արձագանքը միանգամայն օրինաչափ է, պահանջված:
Հակամարտությունները չպետք է ազդեն մարդկանց կրոնական զգացմունքների վրա, սահմանափակեն նրանց ազատ դավանանքի իրավունքը:
Ադրբեջանը ոչ միայն էթնիկ զտումներ է իրականացրել և հայրենազարկել մոտ կես միլիոն հայ բնակչության, այլև հետևողականորեն յուրացնում է հայկական ժառանգությունը:
Ցավոք, այդ նպատակին հասնելու համար պաշտոնական Բաքուն օգտագործում է նաև Վատիկանի, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետ իր ոչ հրապարակային կապերը:
Բոլորովին վերջերս Վատիկանում կազմակերպվել է այսպես կոչված «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության վերաբերյալ գիտաժողով, որի ընթացքում կոպտորեն կեղծվել է պատմական իրողությունը:
Ցավալի է, բայց փաստ, որ հենց այդ շրջանում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին բացահայտվել որպես Հայաստանի իշխանությունների քաղաքական հակառակորդ, թեև նրա գլխավոր մտահոգությունը պիտի լիներ Հռոմի պապի հետ լուրջ կոմունիկացիայի հաստատումը:
Սուրբ Էջմիածինը, մինչդեռ, նույնիսկ չմիացավ Վատիկանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությանը:
Կա՞ հնարավորություն, որպեսզի Արցախում քրիստոնեական ժառանգության պահպանման հարցով Միացյալ Նահանգներն ազդեցություն գործեն Իլհամ Ալիևի նկատմամբ: Պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի դա տեղի ունենա: Պարտադիր չէ, որ այդ մասին հրապարակային հայտարարություններ հնչեն:
Բաց մի թողեք
Թրամփի կինը սիրում է Պուտինին․ Ահա, թե ինչու է նա պաշտպանում ստահակին
Սյունիքի այդ ո՞ր փակ դարպասն է ՀՀ նախագահն ուզում բացված տեսնել, մերօրյա Տեր-Ավետիսը
Ադրբեջանի պետական կառավարման համակարգից հարյուրավոր գյուլենականներ են հեռացվել