28/07/2025

Սnւր են կախել Բաբայանի գլխին

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել:

ՔԿ-ից հաստատել էին մեր լուրը։ Բաբայանի` ՔԿ դիմելու առիթը եղել էր այն, որ համացանցում օգտատերերից մեկը նրան մեղադրել էր 7 հոգու, այդ թվում՝ Խորխոռունու սպանության մեջ, եւ Բաբայանը պահանջել էր գրառման հեղինակին կանչել հարցաքննության ու պարզել իրողությունը: Հաղորդումը մերժվել էր, սակայն սկսել էին սպանության գործը քննել:

Հիմա, փաստորեն, այս գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետը` Սասուն Առուշանյանը, որը, ըստ որոշ լուրերի, Բաբայանին առաջադրված մեղադրանքում` Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով, դերակատարում է ունեցել։

ՊԲ ղեկավարը, ըստ էության, «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն», չնայած ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել:

Ընդ որում, նորից խոսքը սպանությունը կատարողների մասին է, իսկ պատվիրատուները բացահայտված չեն:

Իշխանական մեր աղբյուրի խոսքով՝ իրականում Բաբայանի գլխին հիմա սուր է կախված․ 2026-ի ընտրություններից առաջ եթե ոչիշխանահաճո խաղեր տա, ապա նրան էլ այս գործում կներգրավեն։

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ ազդարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է. «Ս. Ա.-ն, Հ. Ն.-ն եւ Ա. Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս. Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Սպանության դրդապատճառը, ըստ ՔԿ-ի, շահադիտական նկատառումներն են եղել: «Ս. Ա.-ն, հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը»: Կատարողներին տրվել է 10 եւ 15 հազար դոլար, բայց թե ով է եղել պատվիրատուն, ՔԿ-ն չի հայտնում, նշում է երեք անուն՝ Ս. Ա., որպես սպանության կազմակերպիչ, Հ. Ն․ եւ Ա. Ա․ եւ, չգիտես ինչու, հատուկ շեշտում է, որ նրանք ԼՂՀ բնակիչներ էին: Առաջինը, մեր ստույգ տեղեկություններով, գեներալ Սամվել Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է:

Այն ժամանակ Սամվել Բաբայանը ԼՂՀ կառավարության եւ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ էր: Առուշանյանը ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է հետապնդում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Ըստ գործի նյութերի՝ 1998 թ. դեկտեմբերի 9-ի երեկոյան նա Հանրապետության հրապարակում հանդիպել է Ա. Ա.-ին եւ Հ. Ն.-ին, Հ. Ն.-ի վարած մեքենայով ուղեւորվել Խորխոռունու բնակության վայր` Սայաթ-Նովա 39, որտեղ դարանակալել են: Հ. Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ «Ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն … հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է»,- գրում է ՔԿ-ն:

Հաղորդագրության մեջ նշված Հ. Ն․-ն Հրայր Նարիմանյանն է, որի անունը նոր չէ: Նախկինում նա Խորխոռունու սպանության գործով կալանավորված էր: 2000-ին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հրապարակել էր Հրայր Նարիմանյանի նամակը, որում վերջինս պատմում էր, թե ինչպես է Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցն իրեն մեղադրել իր ծանոթի՝ Արմեն Առաքելյանի սպանության համար, եւ քանի որ Խորխոռունու սպանությունը նույն օրն էր եղել՝ 1998 թ. դեկտեմբերի 10-ին, իրեն ստիպում էին իր վրա վերցնել այդ 2 սպանությունները՝ ծեծելով իրեն, ձերբակալելով կնոջը, սպառնալով բռնել նաեւ եղբորը: Նարիմանյանը պատմել էր, որ իր վրա է վերցրել Արմեն Առաքելյանի սպանությունը, սակայն այն բանից հետո, երբ իրեն այցելել է Վազգեն Սարգսյանը, որը չէր հավատում դատախազության վարկածին, Խորխոռունու հարցով իրեն հանգիստ են թողել: Հ. Նարիմանյանը դատապարտվել է Արմեն Առաքելյանի սպանության համար 15 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ եթե հավատանք Քննչական կոմիտեին, նույն Արմեն Առաքելյանը, որը նույն օրը մահացել էր, մասնակցել է Խորխոռունու սպանությանը: Այն ժամանակ հանրությունը հակասական վերաբերմունք ունեցավ Նարիմանյանի նամակին, որը սենսացիա էր, անշուշտ: Այն լայնորեն քննարկվում էր, թերթերը հարցազրույցներ էին անում Նարիմանյանի կնոջ հետ: Ոմանք հավատում էին Նարիմանյանին, ոմանք՝ ոչ: Եվ այսօր գործը քննող քննիչները վերադառնում են Աղվան Հովսեփյանի վարկածին՝ որ Նարիմանյանն է եղել Խորխոռունու վրա կրակողներից մեկը: Այն վարկածին, որը, ըստ Փաշինյանի ՀԺ-ի, հորինված էր ու չապացուցվեց:

Այսպիսով, ՔԿ-ն ընդամենը օրինականացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք առաջ քաշված վարկածը, որն այն ժամանակ չի հաստատվել, եւ այն ժամանակ ծագած հարցերը հիմա էլ անպատասխան են: Եվ գլխավորն այն է, թե ով էր պատվիրել Խորխոռունու սպանությունը: Իսկ որ սպանությունը պատվիրատու ուներ, ի սկզբանե պարզ էր: Խորխոռունին իր ժամանակվա ամենաազդեցիկ գործիչներից էր, Վազգեն Սարգսյանի մտերիմը, պրոֆեսիոնալ ոստիկան, 6-րդ վարչության պետն էր եղել, իսկ պատերազմի ծանր շրջանում՝ Ստեփանակերտի պարետը: Հետո ղեկավարել էր ռազմական ոստիկանությունը, 97-ից ՊՆ սպառազինության գծով փոխնախարարն էր: Ներքաղաքական իրավիճակը 98-ի վերջում բարդ էր ու լարված: Խորխոռունու սպանությունը ձեռնտու էր շատերին, հատկապես՝ Վազգեն Սարգսյանի թշնամիներին: Պատահական չէր, որ ՊՆ-ն 100 հազար դոլար էր խոստացել սպանության բացահայտման համար: Ո՞վ եւ ինչո՞ւ էր պատվիրել Խորխոռունու սպանությունը՝ այս հարցը հիմա էլ մնում է օդում կախված: Սամվել Բաբայանի թիկնազորի պետի ինչի՞ն էր պետք՝ սպանել նրան: Հնարավոր է, որ այս տեղեկությունը հաղորդել է Սամվել Բաբայանը, որն օրեր առաջ դիմել էր ՔԿ՝ Վահրամ Խորխոռունու գործով: Ս. Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, այս գործը դեռ շատ ջուր է վերցնելու: Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակն ընդլայնվի: