Անհնար է չգերվել Լոռվա բնաշխարհի գեղեցկությամբ, չզգալ թումանյանական շունչը այն խոր անտառների փեշերին, վեր բարձրացող ժայռերի ծերպերին, այն խորախորհուրդ ձորերում, որոնք միաժամանակ հիշեցնում են ինձ Արցախի բնությունը, մեր անձեռակերտ հուշարձանները…
Մեր այցելությունը դեպի Հաղպատի վանքն է, դեպի միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղի բարձունքում։ Պատահական չէր Սայաթ-Նովայի երգի հնչողությունը Հաղպատի վանքում, որտեղ աշուղ-բանաստեղծն ապրել եւ ստեղծագործել է երկու տասնյակ տարի՝ ըստ որոշ կենսագիրների։
Տեղեկանում ենք, որ այն կառուցվել է 10-րդ դարում, իսկ 10-13-րդ դարերում եղել է Հայաստանի նշանավոր հոգեւոր եւ մշակութային կենտրոններից մեկը:
Վանքն ունեցել է հարուստ գրադարան եւ դպրոց։ Սբ. Նշանը եկեղեցիներից ամենահինն է։ Համալիրը մեզ հուշում է, որ ժամանակին ներառել է տապանատունը, գրատունը, զանգակատունը, աղոթասրահը, սեղանատունը, 4-րդ դարի եկեղեցու ավերակները, այլ շինություններ, խաչքարեր:
Համալիրի Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1025թ.-ին, Սբ. Աստվածածին եկեղեցին էլ 13-րդ դարից է:
Թե ինչքանով ենք կարողանում տեր կանգնել մեր հոգեւոր մշակույթին՝ նոր օրերում իրականությունը փաստում է շատ ավելին բռնազավթված Արցախի պատկերով եւ այն իրադարձություններով, որոնց ականատեսն ենք այսօր Էջմիածնի Մայր աթոռի շուրջը, բայց գոնե ողջունելի է, որ 1996-ին Հաղպատի վանքն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
…Վանաձորի «Լճերը» մեր ուշադրությանն արժանացավ առաջին օրը քաղաքում` նախքան «Արմենիա» առողջարան մտնելը։ Առիթը բաց չթողեցինք մի երկու օր անց երեկոյան այցելելու այդ «Լճերը»։ Արտաքին տպավորությունը գեղեցիկ էր, նաեւ նպատակադրված էինք զբոսնել արհեստական լճի շուրջը, որը առողջարար ազդեցություն կունենար մեզ համար։
Անձրեւից հետո՝ ամպամած երկինք, մաքուր օդի զովություն, լճի անդորր, մեծեր ու փոքրեր, որ զբոսնելու էին եկել բնության այդ գողտրիկ տարածքը։ Եվ որքա՜ն մեր հոգուն ներդաշնակ հնչողություն են ստանում վաղամեռիկ բանաստեղծի տողերը.
Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։
Պիտի ապրել` առանց նահանջի, ու ինձ այդ ճանապարհը ցույց է տալիս ՀՀ վաստակավոր մանկավարժ, հարգարժան Ռուզաննա Կիրակոսյանը` նորից հրավիրելով Գյումրի, այնտեղից էլ` Վանաձորի առողջարան ու այլ տեսարժան վայրեր։ Պատմության լավագույն մասնագետ լինելով՝ նա մի շատ հետաքրքիր պատմական էքսկուրսի կազմակերպման հեղինակ է դառնում ինձ համար ոչ առաջին անգամ։
Անցած ամռանը վայելել եմ մեկշաբաթյա հյուրընկալություն իր օջախում, ապա ականատեսը դարձել Գյումրվա տեսարժան վայրերի։ Հենց այդ ժամանակ էլ՝ դեռեւս մեկ տարի առաջ, տիկին Կիրակոսյանը հրավիրեց հաջորդ ամռանը լինել Լոռիի մարզկենտրոնում։
Ու նորից Արցախի թոշակառու ուսուցչուհիս, երախտագիտության խոր զգացումով առնչվում է մարդկային բարձրարժեք վերաբերմունքի՝ հանձին հարգարժան մանկավարժի եւ իր մեծահոգի որդու՝ Վարդանի։
Արցախն ինքնին ցավ ու տառապանք ունի իր ներսում, արցախցիներս այդ մեծ վշտի կրողն ենք, ու որքա՜ն սեր, հարգանք ու մեծ ակնածանք են ծնվում, երբ առերեսվում ենք մարդկային բարձր որակներով օժտված անհատների, ովքեր մեզ երբեք մենակ չեն թողնում` անկախ իրենց նյութական վիճակից, ապրելակերպից կամ բնակության վայրից։
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ Փաշինյանի գրոհը հետաձգվում է
ԱՄՆ ամրանում է Հարավային Կովկասում, որտեղից Ռուսաստանը դուրս կմղվի
Չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը. Սատար Արցախին Միություն