23/07/2025

Վերջնախաղ է, որովհետև կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը. Մարտիրոսյան

Վերջին համարյա բոլոր մտքերս ու գրառումներս այստեղ ավարտում եմ ՎԵՐՋՆԱԽԱՂ բառով: Դա պատահական չեմ անում, որովհետև տեսնում եմ, որ Վեհարանի գրավման այս օպերացիան իր ողջ իմաստով ու քաղաքական փիլիսոփայությամբ վերջնախաղային է և այլ պատնեշ ու գիծ այլևս չի լինելու:

Վերջնախաղ է, որովհետև կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը: Փաշինյանը այսօր երկու գրառումներով նախանշեց Վեհարանի գրավման պլանը: Սա իրեն պետք է հասկանալու համար մեծ ծրագրի ավարտման գործադրման ռեսուրս ունի՞, թե ոչ: Նրան անհրաժեշտ է վերացնել վերջին պաշտպանական գիծը:

Ուշադիր սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, շարժումների, քաղաքական և քաղաքացիական միավորումների, հոսանքների, նախաձեռնությունների, կարծիքի առաջատարների, զանազան իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և առհասարակ հակաիշխանական և ընդդիմադիր դիրքավորում ունեցողների, ոչ թե գնահատականին Փաշինյանի կոնկրետ գործողությանը Վեհարանի դեմ, որի առաջնորդությունը, տեղն ու ձևը հստակ  նա արդեն նշել է, այլ  կոնկրետ հակաքայլին և հողի վրա դիմադրությանը՝  տեղով, ձևով և առաջնորդություններով:

Հիշեցնեմ, Փաշինյանը 2021-ի ընտրությունները հաղթեց ոչ թե ընտրությունների օրը, այլ երբ կարողացավ  մտնել  եռաբլուր: Վեհափառին հեռացնելու հանրային նեռվն ու դիմադրության պոտենցիալն է ստուգում: Դրա հաջողումը անիմաստ է դարձնելու վերը նշված բոլոր քաղաքական իմաստ, նշանակություն  և հատկապես հավակնություններ ունեցող կուսակցությունների, շարժումների, նախաձեռնությունների, անձանց  առհասարակ քաղաքական իմաստն ու գոյությունը:

Կա երկու սցենար

1.  Վեհափառը մնում է Վեհարանում և դուք դա վերածում եք Փաշինյանի ֆիասկոի և հեռացման գործընթացի:

2.  Փաշինյանի  մարտահրավերը չեք ընդունում և նա դա հասկանալով  անում է այն, ինչ պատրաստվում է անել:

Հաջորդիվ նույնը անելու է բոլորի հետ և այդ ժամ ոչ ոք չի լինի, որ մյուսի մեջքը պահի: Հարձակումը պետք է ընդունել հայելային, միայն այդ ժամանակ նա  կնահանջի: Հակահարձակումն այդ ժամանակ արդեն կդառնա անխուսափելի:

P.S. Ինչպես մտավ եռաբլուր և հաղթեց ընտրությունները, այնպես կմտնի Վեհարան և կվերացնի այն Հայաստանը, որը դեռ կա, բայց մազից է կախված:

Վլադիմիր Մարտիրոսյան