Հեղուկ գազի գինը Հայաստանում կրկին բարձրացել է՝ 180 դրամ 1 լիտրի համար: Արդեն տեւական ժամանակ է, ինչ նվազել է հեղուկ գազի մուտքը Հայաստան, եւ որպես հետևանք բարձրացել է գինը:
Հայաստան ուղևորվող ցիստերնները` հեղուկ գազով բեռնված, կանգնեցնում են սահմանին, ուղարկում լաբորատոր քննությունների, որոնք տևում են օրեր ու շաբաթներ:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ստիպված եղավ իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնել, որ միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար, իսկ վերջին 4 օրում՝ 143 մեքենա։ Նախարարի այս հանգստացնող գրառումից հետո ոչինչ չփոխվեց: Հեղուկ գազի գները շարունակում են բարձրանալ:
Եւ իրոք, եթե Հայաստան մուտք է գործում բավականաչափ հեղուկ գազ, ապա ինչո՞ւ է հեղուկ գազի գինը նվազելու փոխարեն բարձրանում օրական 1-2 դրամով: 2 շաբաթ առաջ հեղուկ գազի լիտրը վաճառվում էր 110-120 դրամով:
4 օր առաջ այն 170 դրամ էր, այսօր՝ 180 դրամ: Վրաստանի անցակետերում էլ Հայաստան եկող հարյուրավոր մեքենաների հերթը չի նվազում: Նախարար Պապոյանը բացատրություն չունի:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց: Տպավորություն է, թե նրանց վերևից ուղղակի արգելել են խոսել:
Հրապարակ թերթի տեղեկություններով, որոնք ակտիվորեն քննարկվում են տնտեսվարողների շրջանում, խնդիրը զուտ տնտեսական չէ, այլ արտաքին քաղաքականությանն է վերաբերում, եւ միայն էկոնոմիկայի նախարարությունն այն չի կարող լուծել:
Հեղուկ գազի, ինչպես նաև այլ ապրանքների՝ հայկական կոնյակի, գինու ճանապարհը փակելու պատճառը Վրաստանի նոր իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է, որը վերջերս կտրուկ վատացել է: «Իրենց մոտ նոր իշխանությունների գալով, երկիրը կառավարվում է մաֆիայի կողմից ու հետ են գնացել 90-ականներ, երբ գործարարներին ուղղակի ռեկետ էին անում Վրաստանի սահմանին», – ասում է կառավարության շրջանակին մոտ գործարարը:
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ընդամենը հայտնում է, որ ներմուծման գործընթացում ի հայտ են եկել «Նոր զարգացումներ», որոնք հաշվի առնելով «հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները»:
Ի՞նչ նոր զարգացումներ հարցին, ՄՊՀ մամուլի խոսնակը պատասխանում է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, քանի որ գազ ներկրողները 90-ից ավելի են, եւ յուրաքանչյուրի մասով պետք է հարցում արվի: «Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, կան մամուլի հրապարակումներ այն մասին, որ միջնորդներ կան, որ գումարներ են վերցնում: Մենք պետք է տեսնենք, թե տնտեսական հիմք կա՞ թանկացման, թե՞ ոչ»:
Այս պահին հանձնաժողովը չի կարող պատասխանել, թե ինչ փոփոխություն է եղել եւ ինչ է կատարվում հեղուկ գազի շուկայում, անգամ չի կարող ասել, թե թանկացում կա՞, թե՞ ոչ: Տնտեսվարողներն ասում են, որ ավել գումարներ են վճարում, եւ սա հայտնի է հանձնաժողովին: «Ուսումնասիրությամբ այդ ամենը կպարզենք եւ կհաղորդենք», – ասում է Անի Սմբատյանը:
ՄՊՀ ուսումնասիրությունը կարող է տեւել 1-ից 6 ամիս, եթե ոչ ավելի, քանի որ հեղուկ գազի շուկան մրցակցային է, բազմաթիվ մասնակիցներով:
Ինչպես ասում են՝ ավանակ ջան, մի սատկի, գարուն կգա: Իսկ աշնանը ՄՊՀ ուսումնասիրության արդյունքը լինելու է ժամկետանց, եւ ոչ տնտեսվարողին, ոչ սպառողին պետք չի լինի:
ՀԳ. Ի դեպ, այս օրերին Վրաստան է մեկնել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, այսօր հաղորդեցին, որ նա Վրաստանի վարչապետի հետ է նաեւ հանդիպում ունեցել: Հուսանք հենց այս խնդիրներն են քննարկվելու եւ ինչ որ տեղաշարժ կարձանագրվի:
Բաց մի թողեք
Ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել․ Տեր-Ղազարյան
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա, թե՝ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա