23/07/2025

Հարցվածների որքանը կքվեարկի ՔՊ-ի, որքանն՝ «ընդդիմադիրների» օգտին

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, նույնքանը՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն։

Հարցվածների 12 տոկոսը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ կփչացնի քվեաթերթիկը, 28 տոկոսը՝ չի քվեարկի, իսկ 22 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Նշենք, որ հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։

Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։