23/07/2025

Անակնկալ հյուրեր՝ Փաշինյանի քավոր Ղալումյանի ծնունդին․ Շատ ուրախ 50-ամյակ է ստացվել

ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ Վահե Ղալումյանը նախօրեին ճոխ ծնունդ է նշել Արարատի մարզի նորաբաց «Ադանա» ռեստորանում, որի դահլիճները նվազագույնը 800, իսկ առավելագույնը 1200 մարդ են տեղավորում եւ անհամեմատ ավելի մեծ են, քան ստանդարտ ռեստորանները։

Ղալումյանն իր 50-ամյակն է նշել, որին մասնակցել է ողջ ազգուտակը, մարզպետները, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Տավուշի ուժային կառույցի ներկայիս որոշ ղեկավարներ: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մասնակցել։

Թեպետ մեզ ասացին, որ նախապես ծնունդի հյուրերին ասվել է, որ անձնագրերով ներկայանան, հավանաբար՝ ակնկալել են վարչապետի մասնակցությունը, եւ, դրանով պայմանավորված, հյուրերի ներկայությունն էլ, ավանդույթի պես, անձը հաստատող փաստաթղթով պետք է լիներ։

Բայց Փաշինյանը կնոջ հետ իր կարճատեւ հանգիստն է անցկացնում Հայաստանի հանգստյան տներում:

Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի, երգել են հայկական էստրադայի հայտնի աստղեր, DJ Dark-ն է երաժշտական մասի պատասխանատուն եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։

Մամուլը գրել էր, որ Արտաշատում գտնվող «Ադանա» ռեստորանում մեծ շուքով իր 50-ամյակն է նշել ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Վահե Ղալումյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ: Նկատելի է եղել նաև, որ Հովհաննիսյանի հետ գրկախառնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։

Դատելով այն հանգամանքից, որ Հովհաննիսյանը չի մնացել ԱՄՆ-ում եւ ՔՊ-ականների հետ ծննդյան առիթին էլ ջերմ ընդունելության է արժանացել, պետք է ասել, որ չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն։

Ինչ պաշտոնի՝ բարդ է ասել, քանի որ «ազատ տեղեր» Փաշինյանի կառավարության ներսում հաճախ են մնում»։