27/07/2025

Անահիտ Ավանեսյանն իր համակարգի գործերն ավարտել՝ մտել է քաղաքական բուռն պայքարի մեջ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր համակարգի գործերն ավարտել՝ մտել է քաղաքական բուռն պայքարի մեջ: Որոշել է Նիկոլ Փաշինյանի աչքի լույսը դառնալ` դատարան է դիմել կալանավորված եւ ԱԱԾ-ին կից մեկուսարանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ:

Հրապարակ թերթը գրել է․ Որոշել է, որ Սրբազանի դեմ հարուցված ծանր քրեական գործը բավարար չէ, պետք է նաեւ քաղաքացիական հայցով մտնի դատարան: Երեւի որոշել է հիշել իր իրավաբանի մասնագիտությունը, իսկ այս ընթացքում էլ առողջապահության ոլորտին բնորոշ հումանիստի որակներ ձեռք չի բերել, որ նեղ վիճակում գտնվող մարդուն չհարվածի:

Ամբիոններից նրա հասցեին լուտանքներ թափելով էլ չի բավարարվել: Մի խոսքով, առողջապահական ոլորտի հազարավոր խնդիրները թողած, Ավանեսյանը որոշել է դատի տալ Սրբազանին, նրա քրեական գործով հրապարակված վիճահարույց ձայնագրություններից մեկի մեջ քաղաքացիներին ուղղված «խորը անասուն» արտահայտության համար։ Հիշեցնենք նաեւ․ սեպտեմբերին ՔՊ համագումարն է, որի ժամանակ ՔՊ վարչություն է ընտրվելու, որի կազմում Ավանեսյանն ուզում է տեղ ունենալ։

«Խորը անասունի» գործով հայցին որոշել են միանալ նաեւ ուրիշ ՔՊ-ականներ։ «Եվ այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն՝ նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ: Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը:

Ճիշտ է, մենք ներողամիտ եւ մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է: Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի եւ հանրօգուտ գործի: Հայցին միանալու եւ գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել էր Ավանեսյանը։

Բագրատ սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեզ ասաց՝ Ավանեսյանն իրավաբանական ֆակուլտետն է ավարտել, սակայն այժմ կոպիտ կերպով խախտում է Սրբազանի անմեղության կանխավարկածը․ «Ես հասկանում եմ, որ ՔՊ գործունեության ընթացքում դա իրենց գործիքակազմն է՝ տեռորով, ճնշումով իրավապահ համակարգի վրա: Ես հիշեցնեմ, որ այս թեմաներով ժողովրդի անունից հանդես գալու իրավունք չունի։ Նո՞ր է իմացել, բառեր չեմ գտնելու ասելու։ Հայց ներկայացվեց իրենց նկատմամբ, դրանից հետո՞ իրենք կոլեկտիվ հասկացան, կարեւորություն տվեցին, պարզ է, չէ՞, որ հերթական ճնշման գործիքն են ուզում կիրառել կամ իրենց պատկերացմամբ՝ պատասխա՞ն են ուզում տալ։ Այդ հայցերը` իրենց կողմից ներկայացված, ապագա չունեն, այստեղ հարցը բարոյական կողմում է նաեւ։ Հուլիսի 4-ին Ազգային ժողովի ՔՊ ֆրակցիան հայտարարություն արեց՝ իբր ահաբեկչությունը դատապարտելու վերաբերյալ, որն անուղղակի կարող ենք համարել ճնշում համակարգի վրա եւ անմեղության կանխավարկածի խախտում»։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ այս խմբային հայցի վերաբերյալ նշեց․ «Ինձ թվում է՝ այդտեղ մի բան այն չէ, ես պետք է այդ հայցը տեսնեմ, դրա իրավաչափության վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող։ Խմբակային հայց տալիս են այն անձինք, ում իրավունքները կոնկրետ խախտվել են, ես դժվար եմ պատկերացնում, որ իրենք կարող են հիմնավորել, թե Բագրատ սրբազանն ինչպես է վիրավորել, եւ երկրորդ` ո՞նց է ստացվում, որ իրենց է վիրավորել, որովհետեւ իրենց իրավունքը պետք է խախտվի»։

Հավելենք նաեւ, որ Քաղաքացիական օրենսգրքով զրպարտություն եւ վիրավորանք հոդվածներն անձի դեմ ուղղված զանցանք են համարվում, եւ դատարան կարող է դիմել միայն այն անձը, ում իրավունքները կոնկրետ վիրավորվել են: Այսինքն՝ մարդը պետք է լինի պատշաճ հայցվոր եւ կարողանա դատարանում հիմնավորել, որ հենց իր իրավունքներն են ոտնահարվել: