Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի ռազմական հարցերով փորձագետ պաշտոնաթող գեներալ Նետկաչևը, որ տևական ժամանակ հանդիսացել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի փոխհրամանատար, ուշադրություն է հրավիրել Բաքվի minval-ի հրապարակմանը, ըստ որի Ադրբեջանը կարող է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում հասնել նրան, որ Ռուսաստանի հետ սահմանին Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմահենակայան տեղաբաշխվի:
Ադրբեջանական լրատվամիջոցը նույնիսկ նշել է տեղակայման հավանական վայրը՝ Խաչմազի շրջան: Գեներալ Նետկաչևի տեղեկացվածությամբ, վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հուշագիր են ստորագրել, որ նախատեսում է մինչև 2027 թվականը «ֆորմալացնել դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանից Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը»:
Ռուսաստանյան պարբերականի մեկ այլ փորձագետ՝ Վլադիմիր Պոպովը, լուրջ ուշադրություն է դարձրել վերջերս Կասպից ծովում անցակցված ռուս-իրանական զորավարժություններին: Նա համարում է, որ դա «հստակ ուղերձ է, որ Կասպից ավազանում երրորդ, ոչ տարածաշրջանային երկրի ռազմածովային ուժեր չեն կարող տեղաբաշխվել, իսկ Մոսկվան և Թեհրանը մնում են անվտանգության և անխոչընդոտ նավագնացության ապահովման երաշխավորներ»:
Նրա գնահատմամբ, Ռուսաստանը բոլոր ռեսուրսներն ունի, որպեսզի թույլ չտա Կասպից ավազանում և առհասարակ Հարավային Կովկասում արտաքին ռազմական ներկայություն: Գեներալ Նետկաչևի կարծիքով՝ «մոտ ապագայում Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ից հեռանալու մասին և կպահանջի, որ Ռուսաստանը դուրս բերի Գյումրիի 102-րդ ռազմակայանը, իսկ դրա փոխարեն այնտեղ կհայտնվեն ամերիկյան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինված ուժեր»: Նա գտնում է, որ Ռուսաստանը «դա չպետք է թույլ տա, իսկ այդ գործում նրան աջակից կլինի Իրանը»:
Նման հրապարակումներն ռուսաստանյան մամուլում նորություն չեն, բայց հարկ է ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի: Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ ռազմական օգնության մասին համաձայնագիրը, որ անվանվել է «Շուշիի հռչակագիր», նախագահների մակարդակով ստորագրվել է 2021 թվականին, երբ Ռուսաստանի «խաղաղապահ զորախումբը» գտնվում էր Լեռնային Ղարաբաղում, իսկ Աղդամում գործում էր ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը:
Միամտություն կլինի ասել, թե Մոսկվայում չէին հասկանում, որ «Շուշիի հռչակագրով» Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային երաշխիքները վերաբերվում էին ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կողմից հավանական սպառնալիքների հակակշռմանը: Այլ կերպ ասած, այդ պայմանավորվածությամբ Թուրքիան երաշխավորում է Ռուսաստանից Ադրբեջանի լիակատար անկախությունը, իսկ դա չէր կարող չազդել Բաքվի արտաքին, աշխարհաքաղաքական կողմնորոշմանը:
Երկրորդ ուշագրավ պահն այն է, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի հետ բանակցությունների ամենահարմար հարթակ ընդունել Ստամբուլը, այսինքն՝ Թուրքիայի միջնորդությունը: Ընդ որում, հուլիսի 23-ի մոտ մեկ ժամ տևած բանակցություններին Թուրքիան մասնակցել է արտաքին գործերի նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի և Ազգային հետախուզության ծառայության տնօրենի մակարդակով: Այդ ընթացքում արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան բոլոր ենթակառուցվածքային հնարավորություններն ունի, որպեսզի մշտադիտարկի ռուս-ուկրաինական հնարավոր հրադադարի պահպանումը:
Այդ առթիվ ռուսական կողմից որևէ մեկնաբանություն չի հնչել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն առնվազն ի գիտություն է ընդունել Թուրքիայի «խաղաղարար» նախաձեռնությունը: Ընդհանուր առմամբ Հարավային Կովկաս Թուրքիայի ռազմա-տնտեսա-քաղաքական մուտքը տեղի է ունեցել տասնամյակների ընթացքում և երբեք Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման առիթ չի հանդիսացել:
Մոսկվայում գերազանց են պատկերացնում, որ Ադրբեջանում Թուրքիայից բացի ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրի ռազմահենակայան չի կարող հիմնվել: Ռուսաստանը կգնա՞ Ադրբեջանում Թուրքիայի հետ առճակատման, թե Մոսկվան ընդամենը քարոզչական «գոլորշի է բաց թողնում»:
Ադրբեջանը և Թուրքիան կհամաձայնե՞ն, որ Սյունիքի հաղորդուղին վերահսկի Ռուսաստանը: Տպավորություն է, որ ռուս-ադրբեջանական լարվածությունն իրականում Սյունիքի հաղորդուղու շուրջ է:
Բաց մի թողեք
Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կընթանան Իսրայելում և Իրանում
ԱՄՆ նախագահը փորձում է նեղը գցել ռուսաստանցի պաշտոնակցին
Եթե Մերձավոր Արևելքում թուրք-ամերիկյան համաձայնություն չի կայանում, ապա դա հնարավո՞ր է Հարավային Կովկասում