26/07/2025

Մեսրոպյանի որոշումը հայաստանյան սպառողներին փրկեց մութ ու ցուրտ տարիների վերադարձի սպառնալիքից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ասելով, ինքը քաղաքական հրահանգներ չի կատարում:

Ջերմաէներգետիկայի գծով ինժեները կարող էր եւ տեղյակ չլինել, որ շահույթով գործող մասնավոր ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ, նախ, չեն նշանակում:

Եվ եթե նույնիսկ նման բան է լինում, ապա այդ անձը չի կարող ավելի բարձր լինել սեփականատիրոջից: Ու, ըստ այդմ, թե՛ նշանակումը եւ թե՛ վերջինիս որոշումներն առոչինչ են հայտարարվելու լուրջ, այսինքն՝ ոչ Նիկոլի ասած վնգստացող, դատարանի կողմից: Երեւի կարող էր նաեւ չիմանալ, որ պետությունն իրավունք չունի խախտել Սահմանադրությամբ ամրագրված՝ մասնավոր սեփականության իրավունքը:

Իսկ իրեն նման «իրավունք» ընձեռած օրենսդրական դրույթը ոչ միայն քաղաքական կոռուպցիայի դրսեւորում է, այլեւ օրենսդրորեն կրկին առոչինչ: Ու ինքն էլ, որպես կարգավորող հանձնաժողովի նախագահ, իրավունք չունի դրա հիման վրա լիազորություններ տրամադրել ժամանակավոր կառավարչին: Դրա փոխարեն, այսպես կոչված, վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու վերաբերյալ իր որոշմամբ ամրագրել է իշխանության հերթական ապօրինությունը:

Երբ կարդում ես 28 էջանոց այդ փաստաթուղթը, քեզ թվում է, թե ՀՀ էներգետիկ համակարգը գտնվում էր փլուզվելու շեմին: Եվ հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանի որոշումը հայաստանյան սպառողներին փրկեց մութ ու ցուրտ տարիների վերադարձի սպառնալիքից:

Բայց քանի որ իրականությունը լրիվ հակառակն է, ինչպե՞ս կարող եմ ես՝ շարքային սպառողս, վստահ լինել, որ հանձնաժողովի նախագահը չի կատարել իր խղճի դեմ քայլ՝ ընդունելով վարչապետի առաջադրած անօրինական խաղի կանոնները եւ ԺՊ նշանակելով: Եվ եթե առաջնորդվենք ոչ թե վերը նշված փաստաթղթի բովանդակությամբ, այլ ՀԷՑ-ի սեփականատիրոջ շուրջը տեղի ունեցած իրադարձություններով, պետք է բացարձակ չվստահենք ՀԾԿՀ նախագահի արդարացումներին:

Ի դեպ, եթե խնդիրը ՀԷՑ-ում առկա խնդիրներն են, ապա զարմանալի է, թե ինչու 30 էջանոց մի առանձին որոշում չի ընդունվում «Վեոլիա ջրի» մասով՝ վերջին մի քանի տարում ամառվա սեզոնին Նորքի 4-րդ զանգվածի 3-րդ հարկից բարձր հարկերի բնակիչներս նորմալ ջրամատակարարում չենք ունեցել: Չնայած իր բոլոր հաշվետվություններում «Վեոլիա ջուրը» նշել է, որ կլոր տարին մեզ ապահովել է 24-ժամյա ջրամատակարարմամբ:

Այժմ քննարկենք ԺՊ Ռոմանոս Պետրոսյանի նշանակման նպատակները: Ըստ այդմ, վերջինս պետք է կանխարգելի միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերը (1), ապահովի հանրային կարգը, վերացնի պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը (2), բացառի ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկումը եւ կանխարգելի հետագա չարաշահումները (3):

Պարզվում է, որ այս 3 գործոնն էլ կարող են ազդել պետություն-ներդրող փոխհարաբերությունների վրա արբիտրաժային դատարանում, ինչը կարող է իրավունք տալ պետությանը ներդրողների համար խնդիրներ ստեղծելու առումով: Բայց քանի որ պետությունների ղեկավարները սովորաբար ադեկվատ անձնավորություններ են լինում, իսկ ներդրողներն էլ դեբիլ չեն, որ փող ներդնեն տնտեսության մեջ ու, ասենք, հանրային կարգ խախտեն, դրա համար նման ռիսկեր ոչ մի տեղ չեն ծագել:

Պարզ է, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնում եւ լրացուցիչ ներդրումներ էր անում ոչ թե չարաշահումներ անելու, այլ իր հայրենիքին օգտակար լինելու համար: Ենթադրում եմ, որ այս ամենը ներկայացվել է Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտին: Ու այդ պատճառով էլ նիկոլական կեղծիքը շվեդների վրա ազդեցություն չի ունեցել: Բայց դա չէր նշանակելու, որ Նիկոլը չէր խաղարկելու այդ կեղծիքը երկրի ներսում:

Ես անձնական ոչինչ չունեմ Մեսրոպ Մեսրոպյան դեմ, որովհետեւ նրա տեղում կարող էր լինել ցանկացած Պողոս Պողոսյան, ու կրկին կընդունվեր նույնատիպ որոշում, որով ԺՊ կնշանակվեր ոչ թե Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը, այլ, ասենք, Պետրոս Վանիչկայի Ռոմանոսյանը: Եվ դրանից ոչինչ չէր փոխվի, որովհետեւ մեր միամիտ խելքով վարչապետ կարգեցինք մեկին, որը իրավունք չուներ մոտենալու կառավարության շենքին, ուր մնաց, թե ղեկավարեր արժանապատիվ ժողովրդով հաղթանակած պետություն ու այդ ամենը փլուզեր:

Ու պարզ է, որ Սամվել Կարապետյանի բարձրաձայնած՝ «խնդիրը մեր ձեւով» լուծելուն նիկոլական արձագանքը պետք է վերածվեր իշխանական բոլոլայի՝ սահմանադրորեն անկախ պետական կառույցների մասնակցությամբ, որոնցից մեկի ղեկավարն էլ փորձեր արդարանալ, թե ինքը քաղաքական հրահանգ եւ իր խղճի դեմ քայլ չի արել: Իսկապե՞ս, պարոն Մեսրոպյան…