30/07/2025

Կթրքանա․ Էրդողանի հետ բանակցություններում Տոկաևին «քննություն է սպասվում»

Կասիմ Ժոմարտ Տոկաևը մեկօրյա պաշտոնական այցով մեկնում է Անկարա: Նրա օրակարգում նախատեսված է առանձին հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև երկու երկրների առաջնորդները կմասնակցեն տնտեսական համագործակցության խորհրդի նիստին:

Ղազախստանյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ այն վերջին անգամ գումարվել երեք տարի առաջ, երբ Թուրքիայի նախագահն էր այցելել Աստանա: Ղազախստանի նախագահը Թուրքիա է մեկնում կողմերի միջև ոչ այնքան «անամպ» հարաբերությունների ֆոնին:

Պետք է նկատի ունենալ, որ օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին՝ ի տարբերություն Ուզբեկստանի, Ղազախստանը մասնակցել է պետության ոչ առաջին դեմքի մակարդակով, իսկ առհասարակ Աստանայից Անկարայի դժգոհությունն սկսվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական Ասիայի երկրները Եվրահանձնաժողովի նախագահ Լայենի հետ համաձայնագրով ճանաչել են Կիպրոսի հանրապետության իքնիշխանությունը և պարտավորվել, որ չեն ճանաչի կղզու հյուիսային հատվածի թուրքական վարչակազմը:

Ավելի վաղ Ղազախստանը մերժել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը» Թուրքական պետությունների կազմակերպության անդամ ընդունելու առաջարկությունը: Թուրքիայի և Ղազախստանի հարաբերություններում բարդություններ կան նաև կրթա-մշակութային հարցերում:

Նախկինում Ղազախստանն արտոնել է Ֆեթհուլլա Գյուլենի հովանավորած ուսումնական հաստատությունների գործունեությունը: Դրանք փակվել են, երբ Գյուլենը Թուրքիայում ճանաչվել է «ահաբեկչական կազմակերպության ղեկավար», բայց փոխարենը նորերը չեն բացվել:

Ռուսաստանյան աղբյուրների տեղեկացվածությամբ, Անկարայում Տոկաևը փորձելու է Էրդողանից ղազախստանյան նավթի որոշակի ծավալներ Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու հարցում աջակցություն ստանալ: Այդ խնդիրը նա քննարկել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, բայց սկզբունքային առաջընթացի չի հասել:

Ադրբեջանցի փորձագետների ներկայացմամբ՝ ղազախստանյան նավթի որակը ցածր է, և ադրբեջանականի հետ նույն խողովակաշարով արտահանվելու դեպքում Ադրբեջանը կորուստներ կունենա՝ կապված գնային տարբերության հետ:

Փաստացի Անկարայում Ղազախստանի նախագահին բավական բարդ «քննություն» է սպասվում: Էրդողանը, անկասկած, Տոկաևին «հորդորելու» է Կիպրոսի հարցում պաշտպանել «համաթուրքական տեսակետը», որ նրա համար սակրալ նշանակություն ունի:

Ղազախստանը, մինչդեռ, պայմանավորվածություններ ունի Եվրամիության հետ և ակնկալում է մի քանի միլիարդ եվրոյի ներդրումներ:

Տոկաևը միաժամանակ նավթի տարանցման այլընտրանքային երթուղի է փնտրում, որպեսզի հնարավորինս մեղմի այդ հարցում Ռուսաստանից կախվածությունը. Տրանսկասպյան նավթային խողովակաշարն անցնում է Ռուսաստանի տարածքով, և Մոսկվան ցանկացած պահի կարող է «տեխնիկական խնդիրներով պայմանավորված»՝ դադարեցնել ղազախստանյան նավթի առաքումը:

Տոկաևի Անկարա այցը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին: Բաքու-Գրոզնի օդանավն անցյալ տարեվերջին խորտակվել է ղազախստանյան Ակտաու քաղաքի մերձակայքում, հետաքննությունն իրականացնում է Ղազախստանի կառավարական հանձնաժողովը:

Ադրբեջանը պահանջում է, որ Ռուսաստանը պաշտոնապես պատասխանատվություն ստանձնի մարդատար օդանավի կործանման համար: Այդ առումով Ղազախստանի կառավարական հանձնաժողովի վերջնական եզրակացությունից, որ պետք է հրապարակվի մինչև տարեվերջ, շատ բան է կախված:

Հավանական է, որ Էրդողանի հետ բանակցություններում Տոկաևին «քննություն է սպասվում» նաև այդ հարցում: