Օկուպացված Ստեփանակերտի «միջազգային մեդիաֆորումի» ելույթում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինչպես 2003 թվականին խոստացել է, որ «Ղարաբաղը կլինի ադրբեջանական, քսաներկու տարի հետո հավաստիացնում է, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է»:
2003 թվականին Իլհամ Ալիևը չափազանց կասկածելի հանգամանքներում «նշանակվել է» Ադրբեջանի վարչապետ, առաջադրվել նախագահի թեկնածու և վիճելի ընտրություններում «հաղթել»:
Ադրբեջանի այդ շրջանի ներքաղաքական կյանքին լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Իլհամ Ալիևը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է սահմանադրության խախտմամբ: Ադրբեջանի հիմնական օրենքը վարչապետի նշանակման իրավունքը վերապահում է Միլլի մեջլիսին, որ թեկնածուին հաստատում է նախագահի ներկայացմամբ:
Իլհամ Ալիևը, սակայն, վարչապետ Արթուր Ռասիզադեին փոխարինել է Հեյդար Ալիևի «հրամանագրով»՝ առանց Միլլի մեջլիսի հաստատման:
Ադրբեջանական ընդդիմությունը բազմիցս կասկածել է, որ Թուրքիայի «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում «կոմայի մեջ գտնվող Հեյդար Ալիևը կարող էր նման հրամանագիր ստորագրել» և հակված է այն վարկածին, որ Իլհամ Ալիևը պարզապես Արթուր Ռասիզադեի հետ «գործարք է կնքել»:
Դա շատ հավանական է, քանի որ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Ալիևը Ռասիզադեին կրկին վարչապետ է հաստատել:
Շեշտադրելով, որ ինքը խոստացել է «վերադարձնել Ղարաբաղը» և «երդմնազանց չի եղել»՝ Իլհամ Ալիևը, թերևս առաջին անգամ, չի կարևորել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի դերը: Այդ հանգամանքը, թերեւս, կապված է Ռուսաստանի հետ:
Հեյդար Ալիևի իշխանության գլխավոր հենարանը Մոսկվայում խորհրդային շրջանից ունեցած կապերն էին, որ փոխանցվել են նաև Իլհամ Ալիևին: Այսօր նա այդ կախվածությունը հաղթահարելու խնդիր ունի:
Ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանության վերնախավում այդ խնդրի քարոզչական ապահովման շուրջ քննարկումներ են ծավալվել կամ ընթացել են: Վտարանդի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան չափազանց ուշագրավ գրառում է կատարել. «Նախկինում Ռասիմ Բաբաևն ասում էր, որ Իլհամ Ալիևն իսկը Բաբեկն է, այսինքն նրան համեմատում էր հազար երկու հարյուր տարի առաջ ապրած մարդու հետ: Հիմա Ռաուֆ Արիֆօղլուն ասում է, որ Իլհամ Ալիևը վերջին երկու հարյուր տարում Ադրբեջանի ստացած ամենամեծ նվերն է: Այդպիսով նա Իլհամ Ալիևի հերոսությունը կրճատում է ուղիղ հազար տարով: Ես հասկանում եմ, որ պատճառն ինֆլյացիան է, բայց ամեն դեպքում ի՞նչ անենք Հեյդար Ալիևի հետ: Չէ՞ որ ասում էին, որ նա էլ է Ադրբեջանի համար նվեր, բայց ո՞ր դարաշրջանի»:
Իրոնան՝ իրոնիա, մանավանդ որ Բաբեկի դարաշրջանում, ինչպես և երկու հարյուր տարի առաջ ոչ մի Ադրբեջան և ադրբեջանական ժողովուրդ չի եղել, իսկ Արիֆ Յունուսովը բարեխիղճ լինելու դեպքում պիտի հիշեր, որ Իլհամ Ալիևին համեմատել են նաև Իրանի տիրակալ շահ Իսմայիլի հետ, բայց Բաքվի իշխանական քարոզիչներն իրոք ինչու՞ են մոռացության տալիս Հեյդար Ալիևին:
Ադրբեջանի ներքաղաքական կյանքում նման սկզբունքային փոփոխություն կարող է կատարվել միայն մի մարդու՝ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ կամ առնվազն լուռ համաձայնությամբ: Չպետք է մոռանալ, որ նախագահական վերջին արտահերթ «ընտրություններին» ընդառաջ Իլհամ Ալիևը քաղաքական, գիտական և հանրային շրջանակներին առաջարկել է քննարկել «նոր Ադրբեջանի գաղափարա-քարոզչական հայեցակարգը»:
Ի՞նչ է դա ենթադրում: Այդ շրջանում Բաքվի մամուլում ակնարկներ կային, որ Ալիևը մտադիր է սահմանադրական փոփոխություններ կատարել և Ադրբեջանը «հռչակել սահմանադրական միապետություն»:
Այլ աղբյուրների ասելով՝ սահմանադրական փոփոխություններով «կարող է ստեղծվել համազգային առաջնորդի ինստիտուտ՝ պահպանելով նախագահի պաշտոնը»:
Մի երկրում, ինչ խոսք, երկու «համազգային առաջնորդ» չի կարող լինել: Վերջերս Բաքու է այցելել Թուրքմենստանի «Խալգ մասլահաթի» նախագահ, երկրի փաստացի առաջնորդ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը, որ նախագահի պաշտոնը փոխանցել է որդուն:
Բաց մի թողեք
Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ նախարարության պայմանագրերի հետքերով
Հայաստանի մասին իսպանական լրատվամիջոցում հոդվածի հեղինակը համարվում է «Պուտինի պաշտպան»
Ռուսաստանը` Հայաստանի միակ փրկիչ. ինչ նարատիվներ են շրջանառում պրոռուսական ալիքները