Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը մեկօրյա պաուզայից հետո, բայց հղում անելով mehr կիսապաշտոնական գործակալությանը, հաստատել է, որ Բաքուն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարվածները և բարձրաստիճան զինվորականների, միջուկագետ գիտնականների սպանությունների առթիվ ցավակցություն հայտնել:
Ալիևի աշխատակազմը միաժամանակ ենթակա կայքի միջոցով ճշտում է կատարել, Հիքմեթ Հաջիևը հեռախոսային զրուցակիցը ոչ թե Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանն է եղել, ինչպես տարածել են մի շարք լրատվամիջոցներ, այլ նրա տեղակալներից մեկը, ում ինքնությունը չի բացահայտվում:
Հրապարակման ենթատեքստից դատելով՝ խոսակցության նպատակը մեկն է եղել՝ պաշտոնական Թեհրանին համոզել, որ Ադրբեջանը Սյունիքի «անցուղու» շահագործմանը Միացյալ Նահանգների ներգրավվածության շուրջ քննարկումներին չի մասնակցել, ներգրավվելու մտադրություն չունի:
Եվ եթե այդ հարցում Իրանը մտահոգ է, ապա հարցերը պետք է ուղղի Երևանին: Այդ կապակցությամբ ադրբեջանցի հեղինակը հղում է անում «միջազգային մեդիաֆորումի» շրջանակներում Իլհամ Ալիևի հայտարարությանը և գերմանական «Բեռլիներ ցայթունգ» թերթին Հիքմեթ Հաջիևի հարցազրույցի այն ձևակերպմանը, որ եթե «հայերն ամերիկացիների հետ աշխատում են, դա նրանց գործն է»:
Քաղաքականության մեջ մի կողմի դժգոհությունը հակառակորդին հասցեագրելու հնարքը նորություն չէ: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ այն օգտագործել է ռուս-հայկական հարաբերությունները բարդացնելու նպատակով:
Հերթը, ինչպես հասկացվում է, հասել է հայ-իրանական գժտություն հրահրելուն: Այս առումով չափազանց զգաստացնող է Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենիի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Վելայեթիի վերջին դիտարկումը:
Ընդսմին, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Իրանի հանդեպ պաշտոնական Բաքվի դիրքորոշման «փոփոխությունը տեղի է ունենում» Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցից հետո, երբ ակնկալվում է, որ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան: Իլհամ Ալիևը փաստացի նրան Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների թեմա է հուշում՝ քննարկել, թե որքանո՞վ է հավանական Սյունիքում ամերիկյան «ռազմական ներկայությունը»:
Ի՞նչ է ուզում Իրանը: Եթե Թեհրանը դեմ է Թուրքիա-Կենտրոնական Ասիա-Չինաստան ուղղակի հաղորդակցությանը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանին Նախիջևանի հետ «Արաքսի միջանցք» առաջարկում, ինչո՞ւ Արաքսի վրայով ուղեանց կամուրջ է կառուցվում, որ տարեվերջին շահագործման կհանձնվի: Մանավանդ որ այն նախատեսված է նաև երկաթուղային հաղորդակցության համար:
Այդ նախագիծը, իհարկե, Իրանի և Ադրբեջանի, մասամբ նաև Ռուսաստանի միջև հարաբերությունների տիրույթում է, բայց Սյունիքի «անցուղու» հարցում իրանական կողմի վերջնական դիրքորոշման հստակեցումը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի:
Քաղաքականությունն, ինչ խոսք, միանշանակ «այո» կամ «ոչ» չունի, մանավանդ ընդունված է, որ պարսկերենում այդ բառերը մի քանի իմաստային «ընթերցում» ունեն, բայց դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի ցանկացած խնդրում գործնական նշանակության պարզություն մտցնի:
Եթե Իրանը, ինչպես դեսպան Սոբհանին է վերջերս ասել, համաձայն է Հայաստանի իրավազորության ներքո Սյունիքի «անցուղու» գործարկմանը, ապա պետք է Երեւանին դիվանագիտական աջակցություն ցուցաբերի:
Հյուսիսային սահմաններին զորավարժությունների կամ դիվիզիաներ կենտրոնացնելու մասին հավաստիացումները, պետք է պարզ ասել, առնվազն լուրջ չեն:
Թեհրանը կարո՞ղ է նախաձեռնել իրանա-ադրբեջանա-հայաստանյան «սահմանակցվածքը» ֆիքսելու եռակողմ գործընթաց: Սյունիքի «անցուղու» նկատմամբ Հայաստանի լիակատար իրավազորությունն այդ դեպքում որևէ տարընկալման տեղ չի թողնի:
Այլապես պաշտոնական Թեհրանի տարաբնույթ հայտարարությունները թողնում են բոլորովին այլ տպավորություն:






Բաց մի թողեք
Մեհթիևը «չի հանձնվում», Ադրբեջանում առնետավազք է սկսվել
Իշխանությունն արդեն մտնում է մեր ննջարաններն ու զուգարանները
Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ