28/10/2025

Հինգ քայլ՝ իշխանությունը պահելու համար

Ժամանակակից աշխարհում, իհարկե, փիառ տեխնոլոգիաներն են ամեն ինչ որոշում, ուստի որ իշխանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, նա տիրապետում է մասսաներին:

Հրապարակ թերթը գրել է․ Եվ առնվազն ծիծաղելի են համեմատություններն այս իշխանությունների փիառ ջանքերի և նախկինների միջև, որքան էլ լեգենդներ հյուսվեն մեդիամագնատ փեսաների մասին:

Թվարկեմ այդ ջանքերից մի քանիսը.

Քայլ 1. Համացանցում ունենում ես մի քանի հազար օգտատեր, հազարն իրական ՔՊ-ականներ, մնացածը` վճարովի ծառայություններ մատուցողներ, որոնք իրենց վաստակածի դիմաց պարտավոր են զինվորի հնազանդությամբ, կամ` որոշակի իմպրովիզներով քո անձի ու քո քաղաքականության փիառն անել:

Եվ միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ: Այս բանակը նաև կարող է պատշաճ ֆոն լինել հետագա ընտրակեղծիքների համար, եթե կեղծելուց բացի ուրիշ ճար չունենաս իշխանության մնալու:

Քայլ 2. ամեն մի մետր ասֆալտը, ամեն աշակերտական սեղանն ու մանկապարտեզի նորոգված հրապարակը հնարավոր լայնորեն լուսաբանում ես ու ներկայացնում, որ աննախադեպ բարի գործ ես արել: Ճիշտ է` պետական պարտքը կրկնապատկել ես, բայց Ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում:

Քայլ 3. Յուրաքանչյուր տոն և ուրախություն, ամեն հարսանիք, կնունք ու ծնունդ ներկայացնում ես որպես քո անձնական ձեռքբերում, քո նվեր հանրությանը: Ինչպես ջրոցին ներկայացրեց: Ընդ որում, արանքում հիշեցնում ես` բա ասում եք ժողովուրդը սթրեսի մե՞ջ ա։ Իսկ էդ խելահեղ տոներն ու անզուսպ ուրախությունը հենց սթրեսի և այդ սթրեսից դուրս գալու ջանքերի մասին են վկայում:

Քայլ 4. Դու, կինդ, երեխաներդ, թիմդ ողջ օրը ստատուսներ են գրում, իրենց անհոգ ու ուրախ կյանքը ցուցադրում: Մի կողմից «չուզողներին» ի ցույց, որ նյարդային խանգարում ստանան,մյուս կողմից` մյուսներին ներշնչելու համար, որ ամեն ինչ երկրում օքեյ է:

Քայլ 5. Անընդհատ նոր թիրախներ, նոր սկանդալներ ես հրահրում երկրում, որ ակտիվ հանրությունը քննարկելու բան ունենա. կրթարշավ ու վիճելի թեզեր, Իրական Հայաստան ու կեղծված Սահմանադրություն, Թուրանի ջուրը խմենք և միջանցքը արտապատվիրակենք, սրբազանների քեռակին ու կաթողիկոսի կուսակրոնություն, հասեք` ուզում են ինձ սպանեն, Գյումրու տոն և Վարդանիկի քրեական ենթամշակույթ: