16/10/2025

Ադրբեջանական սկանդալ Գերմանիայում

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակներում։

Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։

Բացի այդ, դատարանը որոշել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգորդից բռնագանձել մոտ 110,000 եվրո, որը նա, ենթադրաբար, ստացել է Լինտներից։

«Ադրբեջանական գործով» մեղադրյալների թվում են, մասնավորապես, քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները: Առաջինը մեղադրվում էր կաշառակերության մեջ, երկրորդը՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու համար։

Հետաքննության համաձայն՝ Լինտները, որը ԵԽԽՎ անդամ է եղել 2010 թվականից, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Այդ գումարի մի մասը նա փոխանցել է վեհաժողովի այլ անդամներին, որոնք, ըստ քննիչների, պետք է ազդեին որոշումների ընդունման վրա։

Դատավճռից հետևում է, որ 2014 թվականին Լինտները համաձայնության է եկել Շտրենցի հետ, որ նա ԵԽԽՎ-ում կքվեարկի Ադրբեջանի շահերից ելնելով և դրա համար ամսական կստանա մոտ 7500 եվրո։

Էդուարդ Լինտները պնդել է, որ դա «լիովին նորմալ լոբբինգ» է եղել։ Սակայն դատարանը մերժել է այս տարբերակը։

2021 թվականի մարտին Ստրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում։ Դատարանը դրանից առաջ նրան զրկել էր անձեռնմխելիությունից։

Մյուս երկու մեղադրյալների դեմ վարույթը դադարեցվել է տուգանքը վճարելուց հետո։ Ֆիշերի դեմ վարույթը կվերսկսվի աշնանը. դադարը պայմանավորված է նրա առողջական վիճակով։