Մի երեւույթ կար մինչեւ 2018 թվականի ապրիլի 23. ի՞նչ անում էր Սերժ Սարգսյանը, լիներ ներքին, թե արտաքին քաղաքականության դաշտում՝ սխալ էր: Հասկանալի է, որ խոսքը նրա ընդդիմախոսների մասին է:
Նույն երեւույթը կա հիմա՝ ինչ արվում է ներքին կամ արտաքին դաշտում այս կառավարության «կատարմամբ»՝ սխալ է, մեղմ ասած:
Այո, Նիկոլ Փաշինյանի վրա է Արցախի կորստի պաատասխանատվությունը: Սա ինձ համար քննարկելու հարց չէ: Եվ դրա, ինչպես նաեւ դրա հետեւանքով մի շարք այլ ծանր իրողությունների համար նա արժանի է ամենախիստ ու անողոք մեղադրանքի, քննադատության ու գնահատականի:
Եվ կան Փաշինյանի հասցեին սուր քննադատության ու ընդդիմախոսության բազմաթիվ այլ հիմնավոր պատճառներ:
Բայց, հենց այդ հանգամանքը ավելորդ է դարձնում ինքնանպատակ ընդդիմախոսության առիթներ փնտրելը, այդպիսին դիտարկելով ներքին ու արտաքին ցանկացած քայլ:
Հարցն այն է, որ, երբ հասարակական-քաղաքական ընդդիմախոսության համար սահմանում ենք այդպիսի պարամետրեր, երբ ուղենիշը անձն է, այլ ոչ թե բովանդակությունը, այդ պարամետրերը «լուռ քայքայում» են հանրային մտածողության համակարգը:
Իսկ քայքայված ցանկացած համակարգի վրա բազմանում ու զարգանում են միայն «մակաբույծները»՝ բառի բուն ու պատկերավոր իմաստով:
Վերջին հաշվով, այսօր արդեն թերեւս շատերի համար է պարզ, որ այդ իմաաստով քայքայում էր նաեւ հենց այն, որ Սերժ Սարգսյանի ամեն քայլ քննադատելը դարձել էր շահեկան ինքնանպատակ, մինչդեռ այդ միջավայրում «զարգացողը» միայն հասարակական-քաղաքական «մակաբուծությունն» էր՝ թող ներվի այդ ձեւակերպումս: Դա էր նաեւ պատճառը, որ 2018-ի փոփոխությամբ առաջացած նոր հնարավորությունը իրականում գնաց դեպի ողբերգություն:
Հասկանում եմ, սրանք որեւէ կողմում պահանջարկ վայելող կամ «նորաձեւ» դիտարկումներ չեն:
Հակոբ Բադալյան
Բաց մի թողեք
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին». ԻՀՊԿ գեներալ
Կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով` ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից
Ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Կոստանյան