11/08/2025

Մի երեւույթ կար մինչեւ 2018 թվականի ապրիլի 23, նույն երեւույթը կա հիմա

Մի երեւույթ կար մինչեւ 2018 թվականի ապրիլի 23. ի՞նչ անում էր Սերժ Սարգսյանը, լիներ ներքին, թե արտաքին քաղաքականության դաշտում՝ սխալ էր: Հասկանալի է, որ խոսքը նրա ընդդիմախոսների մասին է:

Նույն երեւույթը կա հիմա՝ ինչ արվում է ներքին կամ արտաքին դաշտում այս կառավարության «կատարմամբ»՝ սխալ է, մեղմ ասած:

Այո, Նիկոլ Փաշինյանի վրա է Արցախի կորստի պաատասխանատվությունը: Սա ինձ համար քննարկելու հարց չէ: Եվ դրա, ինչպես նաեւ դրա հետեւանքով մի շարք այլ ծանր իրողությունների համար նա արժանի է ամենախիստ ու անողոք մեղադրանքի, քննադատության ու գնահատականի:

Եվ կան Փաշինյանի հասցեին սուր քննադատության ու ընդդիմախոսության բազմաթիվ այլ հիմնավոր պատճառներ:

Բայց, հենց այդ հանգամանքը ավելորդ է դարձնում ինքնանպատակ ընդդիմախոսության առիթներ փնտրելը, այդպիսին դիտարկելով ներքին ու արտաքին ցանկացած քայլ:

Հարցն այն է, որ, երբ հասարակական-քաղաքական ընդդիմախոսության համար սահմանում ենք այդպիսի պարամետրեր, երբ ուղենիշը անձն է, այլ ոչ թե բովանդակությունը, այդ պարամետրերը «լուռ քայքայում» են հանրային մտածողության համակարգը:

Իսկ քայքայված ցանկացած համակարգի վրա բազմանում ու զարգանում են միայն «մակաբույծները»՝ բառի բուն ու պատկերավոր իմաստով:

Վերջին հաշվով, այսօր արդեն թերեւս շատերի համար է պարզ, որ այդ իմաաստով քայքայում էր նաեւ հենց այն, որ Սերժ Սարգսյանի ամեն քայլ քննադատելը դարձել էր շահեկան ինքնանպատակ, մինչդեռ այդ միջավայրում «զարգացողը» միայն հասարակական-քաղաքական «մակաբուծությունն» էր՝ թող ներվի այդ ձեւակերպումս: Դա էր նաեւ պատճառը, որ 2018-ի փոփոխությամբ առաջացած նոր հնարավորությունը իրականում գնաց դեպի ողբերգություն:

Հասկանում եմ, սրանք որեւէ կողմում պահանջարկ վայելող կամ «նորաձեւ» դիտարկումներ չեն:

Հակոբ Բադալյան