15/10/2025

Ինչի հետևանքով է խնդիրներ ծագել Arca վճարային համակարգում. ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Ըստ նրա՝ խնդիրները պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։

«Սարքը տրամադրվել է շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից, և թեև արտաքինից գործառուները ցույց են տվել, որ այն աշխատում է, փաստացի կապի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։ Հիմա փաստացի հետազոտություններ են արվում, և մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված։ Պետք է հասկանալ՝ ինչ պետք է անել, որ ապագայում նման բաներ չկրկնվեն»,- ասել է Նուրբեկյանը։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ավելի վաղ անդրադարձել էր համակարգի խափանումներին՝ նշելով, որ արձանագրվել են տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։

Խափանումները տեղի են ունեցել՝

2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50,
2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25: