16/10/2025

Ուիթքոֆֆն ու Պուտինը արդյունավետ հանդիպում են ունեցել. Թրամփն էլ Զելենսկու հետ է զրուցել

Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆն ու Վլադիմիր Պուտինը արդյունավետ հանդիպում են ունեցել։

«Սթիվ Ուիթքոֆֆը շատ արդյունավետ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել»։

Թրամփը հայտնել է, որ հանդիպման արդյունքների մասին խոսացել է եվրոպացի որոշ դաշնակիցների հետ. «Տեղեկացրել եմ մեր որոշ եվրոպացի դաշնակիցներին։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք կաշխատենք դրա ուղղությամբ առաջիկա օրերին և շաբաթներին»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուիթքոֆֆի Մոսկվա այցից հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. «Ուիթքոֆֆի Մոսկվա այցից հետո խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Մեր գործընկերների համատեղ դիրքորոշումը բացարձակապես պարզ է՝ պատերազմը պետք է ավարտվի»։

Զելենսկին հայտնել է, որ Ուիթքոֆֆի այցի վերաբերյալ քննարկումներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ. «Եվրոպացի առաջնորդները զանգահարեցին։ Ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին աջակցության համար։ Քննարկեցինք այն, ինչ խոսվել էր Մոսկվայում»։

Bild-ի աղբյուրների համաձայն` Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆֆի և Պուտինի միջև զրույցն ավելի արդյունավետ է եղել, քան սպասվում էր։

Միևնույն ժամանակ The New York Times-ը հայտնել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Թրամփը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Կարճ ժամանակ անց նաև նախատեսում է եռակողմ հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ։