18/08/2025

Պետական-իրավական մակարդակով հանրությանը մատուցված փաստացի խաբեություն

Օրերս հանրայնացվեց Բագրատ Սրբազանի «գործով» հայտնի ամբողջական ձայնագրությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես են իրավապահները հանրությանը ներկայացրել ակնհայտորեն մոնտաժված, կտրտված, ըստ քաղաքական ու քարոզչական անհրաժեշտության հավաքված ձայնագրություն:

Ինքս կասկած չեմ ունեցել, որ գործ ունենք հենց այդպիսի իրողության հետ: Դրա համար է նաեւ, որ այդ կապակցությամբ հարցերին ի պատասխան միշտ ասել եմ, որ ներկայացվածը ինձ համար բացարձակապես համոզիչ չէ՝ որպես ահաբեկչական մտադրության ապացույց: Եվ նույնիսկ նշել եմ, որ հնարավոր է պարզապես եղել է միջանձնային խոսակցություն, որի մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ կարող են ձայնագրվել, իսկ հետո նույնիսկ մեղադրվել՝ ընդամենը միջանձնային խոսակցության համար:

Այս ամենում ինձ զարմացրել է մեկ այլ բան, երբ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը:
Պարզ դարձավ, թե ինչպես են շատ ու շատերը կամա, շատերը գուցե ակամա, դարձել շինծու գործի «մունետիկներ»:

Ինձ զարմացնողը սակայն այն չէ, որ նրանք չեն շտապում հանրությունից ներողություն խնդրել իրենց այդ կարգավիճակում հայտնվելու համար:

Զարմացնողը եղել է ռեակցիայի մեկ այլ տեսակ, ընդ որում այդ թվում նաեւ այսպես ասած ակադեմիական միջավայր ներկայացնող շրջանակներում: Խոսքս այն մասին, որ դատապարտվում է ակնհայտորեն միջանձնային խոսակցության մակարդակում «գյուլլելու» մասին խոսքը, որ օգտագործում է Բագրատ Սրբազանը:

Աստված գիտե, թե ով ինչ խոսույթ է օգտագործում այս երկրում ու այս մոլորակում, երբ խոսակցությունը մրջանձնային մակարդակում է: Միջանձնային խոսակցությունը, կամ խոհանոցային խոսակցությունը իհարկե անկողնային ինտիմի աստիճան չէ, բայց ըստ էության այդքան էլ հեռու չէ դրանից:

Ըստ այդմ, այդօրինակ խոսակցության լոկ բառակազմությունը կամ դարձվածքայկազմությունը ոչ միայն չի կարող դառնալ քրեական գործի հիմք, այլ նաեւ մարդուն տրվող հասարակական, արժեհամակարգային, մարդկային բնութագրի, նկարագրի հիմք:

Առավել զարմացնողը սակայն այն է, որ ընդհուպ ակադեմիական «գերստերիլ» սանդղակով դատապարտման է արժանանում այդօրինակ խոսակցության, կրկնեմ՝ միջանձնային խոսակցության հանգամանքը, այլ ոչ թե պետական-իրավական մակարդակով հանրությանը մատուցված փաստացի խաբեության:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը