18/08/2025

Պուտինի ինքնաթիռի վայրէջքով ՌԴ-ն հաշվել է Թրամփի ատամները․ ԱՄՆ խաբված նախագահը մոլորված սպասել է

Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե, մինչդեռ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը կանխատեսել էր, որ Թրամփը և Պուտինը վեց-յոթ ժամ քննարկումներ կունենան:

Վերջին պահին փոխվել է նաև ձևաչափը: Նախապես ծրագրված էր, որ նախագահները կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, ապա բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ընթացքում, որին կմիանան նաև կողմերի պատվիրակությունների անդամները:

Թրամփը և Պուտինը հանդիպել և բանակցություններ են վարել «երեքը՝ երեքի հետ» ձևաչափով: ԱՄՆ նախագահի բանակցային թիմում ընդգրկվել են պետքարտուղար Ռուբիոն և հատուկ բանագնաց Ուիթկոֆը, Վլադիմիր Պուտինի հետ են եղել արտգործնախարար Լավրովը և արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովը:

Բանակցությունների ավարտին չեղարկվել է նախատեսված մամուլի ասուլիսը, Թրամփը և Պուտինը հանդես են եկել հայտարարությամբ և հեռացել՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:

Մամուլի հետ շփում չեն ունեցել նաև կողմերի պատվիրակությունների անդամներ: Բացառություն է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Դարչիևի հայտարարությունը, որ բանակցությունները կառուցողական և օգտակար էին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ հայտարարել է, որ գործարք չի կայացել, որովհետև չի հաջողվել հասնել լիակատար փոխըմբռնման: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը լավատեսություն է դրսևորել. «Մենք ունենք խաղաղության հասնելու լավ շանս, մենք դեռևս այնտեղ չենք, բայց այնտեղ հասնելու շանսը մեծ է»:

Ի տարբերություն Թրամփի՝ Ռուսաստանի նախագահը բանակցությունների հիմնական արդյունք է գնահատել այն, որ «կա ըմբռնում», Թրամփը խորամուխ է եղել խնդրի էության մեջ: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինան և եվրոպական երկրները «չեն փորձի խաթարել ուրվագծված առաջընթացը»:

Սա, թերևս, Թրամփ-Պուտին բանակցությունների էության գաղտնազերծում կարելի է ընկալել այն իմաստով, որ եթե Ռուսաստանի նախագահը վերապահում ունի, որ Ուկրաինան և եվրոպական երկրները «կարող են փորձել խաթարել ուրվագծված առաջընթացը», ուրեմն նա Թրամփի հետ հասել է այնպեսի «ըմբռնման», որը Կիևի և եվրոպական «եռյակի համար ընդունելի չէ»:

Պետք է ընդգծել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հայտարարությունների միջև մի չափազանց էական տարբերություն: Թրամփը նոր գագաթնաժողովի կազմակերպման հույս է հայտնել, մինչդեռ Պուտինի խոսքում ամերիկացի պաշտոնակցին Ռուսաստան հրավերի մասին ակնարկ իսկ չկա:

Վլադիմիր Պուտինը միայն հիշեցրել է, որ փորձել է Բայդենին համոզել, որ իրավիճակը չհասցնի նրան, որպեսզի ռազմական գործողությունները դառնան անխուսափելի, բայց չի հաջողել:

Կարելի է այնպես հասկանալ, որ Թրամփի հետ բանակցություններում Վլադիմիր Պուտինը նույն տրամաբանությամբ առաջարկել է ընդունել «հակամարտության նախապատճառները վերացնելու» իր կոնցեպտուալ դիրքորոշումը, հակառակ դեպքում իրավիճակը կարող է հասնել համաեվրոպական պատերազմի:

Դա էլ, գուցե, այն «ըմբռնումն» է, որ Պուտինը չափազանց կարևորել է: Բայց է մնում հարցը, թե հաջորդ հանդիպումը երբ է ծրագրվում: Կողմերը ավելի ցածր մակարդակում շփումների ակտիվացման մասին առայժմ ոչինչ չեն ասել:

Իրականում՝ Պուտինը հաշվել է Թրամփի ատամները․ Կրեմլը Պուտինի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված դիմել է խորամանկության, վայրէջքից հետո պարզվել է, որ Պուտինն այնտեղ չէ, նա հայտնվել է վերջին պահին՝ անակնկալ։