Թրամփ-Պուտին գագաթնաժողովից Ռուսաստանի նախագահի ամենանշանակալի շահը փորձագետների մեծ մասը համարում է այն, որ նրան հաջողվեց հաղթահարել միջազգային մեկուսացումը և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահի կողմից:
Ըստ երևույթին՝ դա իրականությանը շատ մոտ գնահատական է: Այստեղ, երևի, պետք է, գոնե Հայաստանի պարագայում, ուշադրություն դարձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ձևակերպմանը, որ ուկրաինական կարգավորման «նոր գործընթաց է սկսվել»:
Էրդողանը փաստացի ընդունում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան հարթակի «էջը փակված է», դրա հետ էլ՝ Թուրքիայի միջնորդության հետ կապված հեռանկարը:
Այլևս ակնհայտ է, որ Ստամբուլը դադարում է ռուս-ուկրաինական «ժամադրավայր» լինել, բացառված է, որ Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպումը, եթե այն մոտ կամ հեռավոր ապագայում կազմակերպվի, կկայանա Ստամբուլում՝ ինչպես դեռ երեք շաբաթ առաջ ակնկալում էր Էրդողանը:
Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի անմիջական կողմ չէ, բայց ակնհայտորեն աջակցել է Ուկրաինային, մշտապես սատարել նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ ներառյալ Ղրիմը, որի հանդեպ նույնիսկ պատմական «իրավունքի» գործոն է կիրառել:
Այսօր մի իրավիճակ է, երբ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է ուկրաինական կարգավորման պուտինյան սցենարներին, որ ներառնում են առաջին հերթին Ղրիմի ռուսաստանապատկանության ֆորմալ ճանաչումը:
Ուկրաինան տարածքային հարցերում գոնե առերևույթ անզիջում է, նրան հրապարակային հայտարարություններով աջակցում են եվրոպական առաջատար երկրները, Եվրահանձնաժողովի նախագահը:
Չափազանց կարևոր է, թե ի՞նչ ընտրություն է կատարելու Թուրքիան, ո՞ր «զամբյուղում է ձու դնելու», միանալու է ռուս-ամերիկյան համաձայնությա՞նը, թե ուղղակի կամ միջնորդավորված աջակցություն է ցուցաբերելու, պայմանականորեն ասած՝ Կիև-Բրյուսել «տանդեմի՞ն»:
Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, որ երկար տարիներ ապրել է Թուրքիայում, պնդում է, որ Էրդողանը «դժգոհ է, որ հայ-ադրբեջանական վաշինգտոնյան գագաթնաժողովից դուրս է մնացել»:
Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես Վաշինգտոնի հանդիպումներին դրական է արձագանքել, ինչպես նաև՝ Եվրամիությունը: Այդուհանդերձ, դժվար է միանշանակորեն ասել, թե Բրյուսելում և Անկարայում մասնավորապես «Թրամփի կամուրջ» կոմունիկացիոն նախագծի վերաբերյալ առնվազն վերապահումներ չունեն:
Հայաստանի հարավում հաղորդուղիների ապաշրջափակման ծրագիրը որքանո՞վ է ներգրվում ռուա-ամերիկյան հարաբերությունների բարեկարգման միտումներին:
Չպետք է մոռանալ, որ Պուտինի հետ հանդիպման անոնսը Միացյալ Նահանգների նախագահն արել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քաղաքական Հռչակագիր ստորագրելուց հետո:
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի հարցում Թարմփ-Պուտին «սեպարատ գործարքին» ազդելու լծակներ կամ նույնիսկ ցանկություն չունի:
Բայց Սյունիքում հաղորդուղիների բացման ծրագիրն ուղղակիորեն շոշափում է նրա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը: Այս դեպքում Էրդողանը նաև ազդեցության լծակներ ունի:
Բաց մի թողեք
Կամ հերքել Պուտինի հետ սեպարատ համաձայնությունը, կամ կոտրել միասնական Եվրոպայի դիմադրությունը
Պուտինի ինքնաթիռի վայրէջքով ՌԴ-ն հաշվել է Թրամփի ատամները․ ԱՄՆ խաբված նախագահը մոլորված սպասել է
Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը մի քանի ժամ. Հանդիպման մանրամասները