«Զոհողության սուգը պիտի հաղթահարենք խաղաղության բերկրանքով»,- ասում է Նիկոլ Փաշինյանն իր հերթական «խաղաղության» ուղերձում: Ըստ նրա, Թրամփի ուղին տանում է դեպի Նոր Հարավային Կովկաս:
Հրապարակ թերթը գրել է․ Այն ներկայացվում է որպես երջանկության ու բարգավաճման ճանապարհ, իսկ երկու երկրների միջեւ փոխադրումների երկկողմ հաղորդագրության հաստատումը՝ որպես Հայաստանի զարգացման համար կարեւոր գործոն, Հայաստանի պայծառ ապագայի գրավական: Այդ պայծառ ապագան առնվազն 99 տարի տեւելու է:
Թրամփը, բնականաբար, այդքան չի ապրի, իսկ նրա հետեւորդների օրոք ճանապարհի ճակատագիրը մշուշոտ է, բայցեւայնպես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու Հայաստանի համար, ու խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե անց ՀՀ եւ ԱՀ բնակիչները սկսելու են իրար հետ ակտիվորեն առեւտուր անել: Բայց ի՞նչ է տալու Հայաստանին Ադրբեջանի հետ հաղորդակցությունը, ի՞նչ ենք տանելու Ադրբեջան, ու ի՞նչ են նրանք՝ ադրբեջանցիները բերելու այստեղ վաճառքի: Այս հարցերի պատասխանը պաշտոնապես չի հնչում:
Մի տվյալ միայն՝ Վրաստանի հետ, որի ճանապարհը հայերիս համար միշտ բաց է եղել, բավականին խղճուկ առեւտուր ունենք: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտուրը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է 100,623 մլն ԱՄՆ դոլար:
Թուրքիայի հետ, որի սահմանները փակ են, Հայաստանը կրկնակի ավելի՝ մոտ 220 մլն դոլարի առեւտուր ունի: Այլ կերպ ասած՝ բաց սահմաններով պետությունից մենք կրկնակի քիչ ապրանք ենք բերում, քան փակ սահմաններով պետությունից: Թերեւս արժե նշել տուրիստական ծառայությունները, որոնք ստանում ենք ամռանը՝ Քոբուլեթի, Բաթումի, Ուռեկի մեկնելով:
Ժամանակին Բագրատաշենի ազատ գոտում կենցաղային ապրանքների՝ շոր ու չուլկու առեւտուր էր լինում, բայց հիմա այդ ապրանքներն ամեն տեղ լիքն են, եւ դրանց համար Վրաստանի սահմանը հատելն անիմաստ է:
Բագրատաշեն համայնքի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանին հարցրինք, թե Բագրատաշեն բնակավայրից Վրաստան որեւէ քաղաքացի գնո՞ւմ է առեւտուր անելու, ասենք, պանիր առնելու, թե՞ ոչ, եւ ի՞նչ է բերում: «Հիմա էլ չկա առաջվա առավելությունը, որ Բագրատաշենի բնակիչներն ունեին:
Հիմա, Հայաստանի մյուս քաղաքացիների նման՝ նույնն էլ իրենք են: Ասենք, մի մարդ, որ գործով գնում է Վրաստան, կարող է ինչ որ էժան է, քիչ քանակությամբ բերի, բայց զուտ իր համար, ոչ վաճառքի: Մի ժամանակ լվացքի փոշի, պամպերս էին բերում, բայց հիմա սկի դրա կարիքը չկա: Արդեն շատ ապրանքներ Հայաստանում էժան են:
Անգամ միրգն այնտեղից չեն բերում, մենակ մանդարինը, երեւի, ձմռանը, դե, Հայաստանում չկա, պիտի այնտեղից բերեն: Նույնիսկ կարտոֆիլը, ասենք, այնտեղից գալիս է, բայց հենց մեզ մոտ հասնում է, էլ չեն բերում: Հիմնականում տուրիստական հոսքն է, ուրիշ բան Վրաստանի հետ չկա»,- ասում է Բագրատաշենի վարչական ղեկավարը:
Հարցին՝ իսկ վրացիք ի՞նչ են այստեղից տանում, կա՞ մի մարդ, որ Հայաստան է գալիս առեւտրի, վարչականի ղեկավարը բացասական պատասխան տվեց. «Հավատացեք՝ ոչ, ոչինչ էլ չեն տանում»:
Հիմա դառնանք Ադրբեջանին, որն ահռելի առավելություն է ստանում Թրամփի ճանապարհի շնորհիվ՝ կապելով Նախիջեւանն իր մյուս տարածքներին: Բայց ի՞նչ ենք մենք գնելու Ադրբեջանից Amazon-ի այս օնլայն դարում, երբ մարդը կարող է բազմոցին պառկած՝ ինքնաթիռ գնել իր հետ սահման չունեցող պետությունից:
Թերեւս Սյունիքի դաշտերում անասուն պահող հովիվները կարող են մի շիշ «Կոկա կոլա» գնել ադրբեջանական «բուդկից», այն էլ, եթե ինչ-որ «էկոակտիվիստներ» կրկին չհայտնվեն ու չփակեն Թրամփի ճանապարհը՝ ասելով, թե Հայաստանը ոչնչացնում է միջանցքի էկոհամակարգը, հանքերից պղինձ ու մոլիբդեն հանելով:
Բայց դա էլ մի կողմ, համարենք, որ Ադրբեջանը սրբորեն պահում է Դոնալդ Թրամփին տված խոստումը եւ չի խաղում նրա հեղինակության հետ: Այդ ի՞նչ կա Ադրբեջանում, որ չկա Հայաստանում: Երեւի՝ միայն նավթ: Բայց, օրինակ, գորիսեցին հաստատ չի գնալու Աղդամ՝ նավթ բերելու, միայն այն պատճառով, որ վերջինս ավելի մոտ է, քան, ասենք, Վենեսուելան: Իսկ գործարարները՝ «Ֆլեշը», մյուսները, նավթը բերում են մեզ կպած պետությունից՝ Իրանից, որտեղ աշխարհի նավթն ու գազն են, եւ որտեղից նավթը «դարերով» ենք բերում:
Ի դեպ, երեկ Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ Իրանի հետ առեւտրաշրջանառությունը մոտենում է 1 մլրդ դոլարի: Եվ, ուրեմն, ի՞նչ պետք է մենք առնենք Ադրբեջանից խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե անց:
Հուլիսին Ռուսաստանն արգելեց մրգի, բանջարեղենի, կաթի ներմուծումն Ադրբեջանից, եւ տրամաբանական է ենթադրել, որ հենց գյուղատնտեսական արտադրանք էլ գալու է Ադրբեջանից Հայաստան, ընդ որում, ավելի էժան գներով, ինչպես որ դա տեղի էր ունենում խորհրդային ժամանակներում, եւ մենք, ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր դեռ հիշում են Սովետը, մեծ հաճույքով էինք գնում ադրբեջանական կանաչին ու միրգը, որը հայկականից էժան էր:
Հասկանալի է, որ եթե անգամ դա տեղի ունենա, ապա հայկական շուկայի ու գյուղատնտեսության համար սա անդիմադրելի մրցակցություն է լինելու, որը վերջնականապես տապալելու է շուկան: Սա ուղղակի վերդիկտ է՝ ադրբեջանական սահմանի բացումը միայն վնաս է բերելու Հայաստանին ե՛ւ տնտեսապես, ե՛ւ անվտանգային առումով: Գալու են, տուն գնեն, հող գնեն, երեխաներ ունենան, ու չենք իմանալու՝ մեր հարեւանը թուրք է, թե հայ:
Բաց մի թողեք
Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները. միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել․ Լուսանկար
Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքել Սիմիդյանի կադրերից Տիգրան Գաբրիելյանը. Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով արձակուրդից, ՔՊ նիստ է արել