18/10/2025

«Անխոչընդոտ ճանապարհի» մասին դիտարկումներ․ Բաբայան

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ԱՄՆ նախագահի վկայությամբ, նախաստորագրված հռչակագիր-համաձայնագրով նախատեսված «Անխոչընդոտ ճանապարհի» մասին դիտարկումներ.

«Անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումը նման համաձայնագրերում միշտ ունի շատ զգայուն և բազմաշերտ նշանակություն․ այն վերաբերում է անցման իրավական ռեժիմին։

«Անխոչընդոտ» բառի իրավական բովանդակությունը

Այն կարող է ունենալ տարբեր աստիճաններ՝ կախված կողմերի պայմանավորվածությունից․

1) Տրանսպորտային ազատ երթևեկություն. մեքենաները կարող են անցնել առանց ստանդարտ սահմանային և մաքսային ընթացակարգերի, օրինակ՝ առանց անձանց և բեռների ստանդարտ խիստ ստուգումների։

2) Տրանզիտային արտոնություններ.

կիրառվում են հատուկ ռեժիմներ, երբ բեռներն ու քաղաքացիները տեղափոխվում են Հայաստանի տարածքով, բայց գրեթե չեն ենթարկվում Հայաստանի իրավասություններին (մաքսային վճար, հարկային ստուգումներ և այլն)։

3) Ապահովված անվտանգություն.

Հայաստանը պարտավորվում է ապահովել, որ այդ ճանապարհը փակ չլինի, չլինեն արգելքներ կամ խոչընդոտներ (օրենսդրական, իրավական կամ ֆիզիկական)։

Այսինքն՝ «անխոչընդոտ»–ը ոչ միայն ճանապարհային տեխնիկական հասանելիություն է, այլ նաև կառավարչական և իրավական ռեժիմի մեղմացում կամ բացառիկություն։
Ինչպե՞ս կարող է գործնականում դա իրականացվել

Կախված կլինի, թե կողմերը ինչ վերջնական հստակեցումներ կձևակերպեն վերջնական համաձայնագրում:

Օրինակ՝

1) Հայաստանի վերահսկողությամբ, բայց հատուկ ռեժիմով:

2) Ճանապարհն ամբողջությամբ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո (մնացյալ ճանապարհներին մինչ այս մեր ունեցած ստանդարտ պայմաններով)։

4) Կիրառվում են թեթևացված մաքսային և սահմանային ստուգումներ (օրինակ՝ միայն փաստաթղթերի ստուգում առանց մանրակրկիտ զննման)։

5) Կարող է լինել միջազգային կամ երկկողմ մոնիթորինգի մեխանիզմ՝ վստահության համար։

6) Տրանսպորտային միջանցքի մոդել (ավելի ծայրահեղ տարբերակ).
Ճանապարհն ամբողջությամբ կամ դրա մի հատված գործում է այնպես, կարծես «արտատարածք» լինի՝ առանց Հայաստանի պետական մարմինների միջամտության։ Այս տարբերակը կարող է ընկալվել որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում։

7) Միջազգային երաշխիքներով վերահսկվող տարբերակ.

Ճանապարհը բաց է, բայց դրա անվտանգությունն ապահովում են, օրինակ՝ այլ պետություն, արտաքին խաղաղապահներ կամ այլ միջազգային ուժ։ Այս դեպքում Հայաստանը վերահսկում է ճանապարհը, բայց երաշխիքները տրվում են արտաքին դերակատարների կողմից։

Հիմնական խնդիրը

«Անխոչընդոտ» ձևակերպման շուրջ կողմերի միջ հնարավոր քաղաքական վեճը․

1) Ադրբեջանի ընկալմամբ՝ դա նշանակում է միջանցք՝ առանց Հայաստանի սահմանային վերահսկողության։

2) Հայաստանի համար ընդունելի է միայն տրանսպորտային հաղորդակցություն Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց ոչ միջանցք։

Այսպիսով՝ «անխոչընդոտը» գործնականում կարող է նշանակել ինչպես պարզեցված անցակետեր Հայաստանի վերահսկողությամբ, այնպես էլ ֆունկցիոնալ միջանցք Հայաստանի վերահսկողությունից դուրս․ կախված է, թե «Հիմնական խնդրի» շուրջ հնարավոր վեճն ինչպես կլուծվի և վերջնական ստորագրված համաձայնագրում ինչպես դա կֆիքսվի:

Վտանգ, որ նախաստորագրված հռչակագիր-համաձայնագրով չի լուծվել.

«Հիմնական խնդիր» վեճին մասնակցող կողմերից կարող է հաղթել այն կողմը, ումից խնդրում են խաղաղություն: