24/08/2025

Գնալու ենք պարզեցումների ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր. վարչապետ

«Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև գնալու ենք մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, տարանցումը, ներմուծումը, արտահանումը հնարավորինս լինեն պարզեցված»:

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում: Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ ես համոզված եմ, որ բոլորդ դա կտեսնեք մեր տնտեսության մեջ: Միանշանակ այդպես է: Մայիս-հունիս-հուլիսին արդեն բոլոր ժամանակների համար պատմականորեն առավելագույն թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան»:

Նիկոլ Փաշինյանը թվի աճը կապում է 2025 թվականի մարտին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցման հետ. «Ինձ համար գոնե ակնհայտ է, որ զբոսաշրջության թվի աճերը միանշանակ կապված են մարտի վերջին մեր և Ադրբեջանի կառավարության հայտարարության հետ, որ մենք խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված աշխատանքներն ավարտել ենք, և նախագիծը պատրաստ է ստորագրման: Հիմա տեղի ունեցավ նախաստորագրումը․ մի բան, որ շատ-շատերը ՀՀ-ում համարում էին անհնար, ֆանտաստիկ»:

«Եթե հիշում եք, 2022 թ․-ի հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին ընդդիմադիրներն ահազանգում էին, որ իշխանությունը պատրաստվում է կապիտուլյացիա ստորագրել, դրանից առաջ 2020 նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանք որակել էին որպես կապիտուլյացիա, չնայած դրան՝ ասում էին, որ իշխանափոխության դեպքում նրանք Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից ստորագրություն չեն հանելու, այսինքն՝ իրենք պատրաստ էին վերցնել իրենց իսկ որակած կապիտուլյացիայի պատասխանատվությունը»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մինչդեռ այս դեպքում, երբ խաղաղություն է հաստատվել, նրանք ասում են, որ պատրաստվում են հետ վերցնել իրենց ստորագրությունը և չստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ վերադառնալով մեթոդաբանական սխալին․ կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին, մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել և, դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել։ Սա արդեն բավարար վերլուծական բազա է՝ արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա»:

«Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ 7-րդ դասարանից և ԱԺ ամբիոնից ասել եմ, որ վարչապետի իմ փորձառության հետևությունն այն է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունն արել եմ 2025 թ.-ի մարտին։ Հետո հայտարարել եմ, որ այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը, և եթե ՀՀ քաղաքացիները համարում են, որ այդպես չպետք է լինի, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև շեշտեց՝ ենթադրում է, որ աշխարհի և պատմության առաջին վարչապետն է, որ իր քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել, եթե քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարությանը. «Փաստն այն է, որ մեր քաղաքացիները չարեցին այդ հեղափոխությունը, որովհետև հասկացան, որ առանց այդ որոշման կայացման խաղաղությունը ո՛չ գործնականում, ո՛չ տեսական հնարավոր չէ։ Նաև հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ, ցավոք, երկար ժամանակ և գուցե ի սկզբանե այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել, նրանք համարել են, որ դա հարմար լծակ է օգտագործելու համար, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան։ Պետք է խոստովանել, որ այդ լծակը բարեհաջող օգտագործվել է։ Հիմա եկել է խաղաղության ժամանակաշրջանը, և թույլ տվեք ասել, որ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը: Հիմա եկել է խաղաղության ժամանակաշրջանը, և թույլ տվեք ասել, որ ՀՀ քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը, և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, և դա հերքող ոչ մի փաստ չկա»: