Հայաստանի հպարտ հարկատուի գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաեթերից թուրք-ադրբեջանական նարատիվներն արդեն իրենք՝ ադրբեջանցիներն են քարոզում։ Ճիշտ է՝ Հանրայինի հարցազրուցավարն այդ հանգամանքը չի շեշտում, հայտնի ադրբեջանցի ակտիվիստ, քաղաքագետ Արիս Յունուսովին ներկայացնում է որպես Նիդերլանդներում բնակվող։
Հրապարակ թերթը գրել է․ Յունուսովն իսկապես Նիդերլադներում է բնակվում, անգամ մայրական կողմից հայկական արմատներ ունի, նույնիսկ՝ ալիեւյան ռեժիմին ընդդիմադիր հայացքներ, ավելին՝ հայտնի է որպես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակից, բայց այս ամենը նրան չի խանգարում, որ ադրբեջանաթուրքական նարատիվներն այնպես պրոպագանդի, որ լսողին թվա, թե Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն իրականում երկնային մանանա են մեզ համար։
Ադրբեջանցի քաղաքագետը, ի դեպ, 90-ականներին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ վերլուծական վարչությունն է ղեկավարել ու վստահաբար, տիրապետում է քարոզչական բոլոր հնարքներին, որոնք անթաքույց ի ցույց էր դնում հարցազրույցի ընթացքում։
Արիս Յունուսովը, օրինակ, էական չհամարեց այն զիջումը, որը Փաշինյանն արեց Վաշինգտոնում՝ անգամ չստանալով վերջնական փաստաթուղթ։ «Էական չէ Մինսկի խումը»,- ասում էր նա ու շեշտում, որ Ադրբեջանի սկզբունքային պահանջը Սահմանադրության փոփոխությունն է, հետո կարծիք էր հայտնում՝ «միջանցքի ստեղծումն է կարեւոր»։
«Սա սովորական երթուղի չէ, քաղաքացիները Հայաստանի տարածքով անցնելու են առանց հայկական կողմի հետ կոնտակտի, եւ պետք է լինի կառավարիչ՝ օպերատոր, այսինքն՝ մի կողմ, եւ դա առանձին պահանջ էր, ի դեպ, որ Ադրբեջանը կապի իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ, եւ քաղաքացիները Հայաստանի տարածքով անցնելու են առանց Հայաստանի հետ կոնտակտի․․․»,- անկեղծորեն շարունակում էր ադրբեջանցի քաղաքագետը ու նկատում, թե Հայաստանի ինքնիշխանության հարցն ամբողջությմաբ լուծված է։
Հետո նա հայտարարում էր, թե «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը՝ այդ կազմակերպությունը, որպես այդպիսին, դադարեցրել է իր գործունեությունը», ասում էր, որ «նախագահի աշխատակազմն է այդպես որոշել», որ «ակտիվիստները հրահանգ են ստացել այլեւս Հայաստանին չքննադատել, գովաբանել», որ «շատերը նույնիսկ բարի խոսքով սկսել են հիշել, թե ինչպես են հայերի հետ ապրել անցյալում», որ այդ համայնքի առաջնորդներից մեկը հռետորաբանությունն այնպես է փոխել, որ խոսում է այն մասին, թե «նույն տեղում է ծնվել, մեծացել, որտեղ Փաշինյանը․․․»:
Վերջին դրվագում, ի դեպ, Հանրայինի եթերից հայ հասարակությանը մոլորեցնող կեղծիք ու սուտ տարածվեցին, որովհետեւ օգոստոսի 15-ին, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբարլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հերքել էր հաղորդումները, թե կազմակերպությունը լուծարման հանձնարարություն է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: «Սա բացարձակապես եւ ամբողջությամբ կեղծ լուր է»,- պնդել էր նա:
Ապա ադրբեջանցի հյուրն անցնում է առօրյայում իրականացվելիք փոփոխություններիին ու բաց տեքստով հայտարարում, թե «հանձնաժողովը ստիպված կլինի կարծրատիպեր քանդել, սա լուրջ աշխատանք է, որը պետք է հեռանկարային լինի, պետք է դասագրքեր փոխվեն, արձանների եւ կոթողների նկատմամբ փոփոխություն լինի, այսինքն՝ թշնամու կերպարի փոփոխություն լինի»։
Նա նաեւ աշխարհաքաղաքական խաղաքարտերը բացեց՝ շեշտելով, որ թուրքական պետությունները միանում են ու նույնիսկ Հայաստանին են ներգրավում, իսկ այդ ամենի հիմքում, ինչպես ընդգծեց Յունուսովը, Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է։ «Դրան ԱՄՆ-ն էլ է մասնակցում, բայց բանակցությունների գործընթացը սկզբունքորեն Թուրքիան է վարում։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը գնալու է այս տարածաշրջանից»,- ասում էր։
Կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանն ամենեւին պատահական չի համարում Հայաստանի պետական հեռուստաալիքի եթերից նման քարոզը։ «Մենք բազմիցս համոզվել ենք, որ այս իշխանությունները հայկական շահեր չեն սպասարկում, հետեւաբար, տրամաբանական է դա եւ հետեւանք է առկա իրավիճակի։ Քարոզչությունն ավելի է սրվում, իրականում հայ ժողովուրդն համաձայն չէ այս ամենին, բայց որպեսզի չընդվզի ու հույսեր փայփայի, թե գուցե ինչ-որ բան փոխվի, գուցե այս իշխանությունն այդքան էլ հակահայ չէ ու ինչ-որ պահի խելքի կգա, քարոզչական տեխնոլոգիաներ են կիրառում, դրանք հայտնի տեխնոլոգիաներ են՝ արդեն արտաքին գործոններ են մեջտեղ բերում՝ քիչ-քիչ հայ ժողովրդին սովորեցնելով, թե նորմալ է, որ Հանրայինի եթերից ադրբեջանցի փորձագետը ելույթ ունենա ու իր դիրքորոշումներում ներկայացնի այն թեզերը, որոնք մենք համարում ենք հակահայ, բայց դա ներկայացնի այնպես, իբրեւ թե դրանք հայ ժողովրդի շահերից են բխում»,- «Հրապարակ»-ին ասում է Ավետիսյանն ու ընդգծում, որ այսպիսով, իշխանությունը փորձում է հայ ժողովրդի մոտ իմունիտետ ձեւավորել ու հասնել նրան, որ եթե վաղը նրա կողքի հարեւանն ադրբեջանցի լինի, երեւույթը նորմալ ընկալվի։
Հովհաննես Ավետիսյանը համոզված է՝ Հայաստանի գործող իշխանությունը ներկայացնում է օտար, մասնավորապես թուրքական շահեր, ու դա ոչ մեկ դրվագով ու փաստով է հիմնավորվել։ Այս ելակետից դիտարկելով իրավիճակը, կառավարման փորձագետն ասում է․ «Իրենց պատկերացումներով, Ցեղասպանությունն ուրացվի, ազգայնականությունը կոտրվի, քանի որ Թուրքիայի հակահայ գաղափարախոսության մեջ, որը մշտական է, այլ ոչ թե անցյալում մնացած, հայ ազգայնականը թշնամի է»։
Իսկ ազգայնականը, ըստ մեր զրուցակցի, այն անձն է, որը չի ուրանում իր հայրենիքը, չի ուրանում, որ իր պապերին ցեղասպանել ու տեղահանել են, որ ինքը ժառանգություն ունի՝ եկեղեցիներ, գերեզմաններ, հող։
«Այս իշխանությունը պայքարում է այդ ամենի դեմ, եւ դրա սիմվոլները՝ արձաններ, պատմական իրադարձություններ՝ նկարագրված գրքերում, պետք է փոխեն, որովհետեւ պատմությունը ժողովրդին կրթում-դաստիարակում է»,-ադրբեջանցի քաղաքագետի խոսքերն է մեկնաբանում Հովհաննես Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է միջանցք բացելու մասին ուղերձին, ըստ մեր զրուցակցի, Հանրայինի եթերից հնչած այդ հայտարարությունից հետո հայ հասարակությունը, եթե քարոզչական թմբիրի մեջ չգտնվեր, պետք է արթնանար։
«Ես՝ ինքս, 2020թ․ նոյեմբերից ասում եմ, որ այդ միջանցքը մեզ պետք չէ, այն թուրքերին է պետք՝ թուրքական աշխարհը միացնելու, եւ այդ առումով ես տեսնում եմ, որ եթե այդ մարդն է ներկայացնում, ու եթե մեր հանրությունն այդ քարոզչության ազդեցության տակ թմրած չլիներ, միանգամից պետք է զարթներ, ասեր՝ փաստորեն, այս մարդիկ՝ մերոնք, որ խոսում էին, դա վարկած չէր, այլ՝ իրողություն։ Հիմա ադրբեջանցին է խոսում այդ մասին, բայց խոսում է իբր դրական համատեքստում, իբր Ռուսաստանը մեզ ստրկացրել էր, մենք հիմա ազատվում ենք ստրկացումից, հիմա թուրքական աշխարհը միավորվում է, ու մեզ էլ են ներգրավում։ Քարոզչական հնարքը հենց այստեղ է, որ մեզ համար բացասական երույթը ներկայացնում են որպես դրական»,-բացատրում է մեր զրուցակիցը։
Հովհաննես Ավետիսյանը համոզված է, որ եթե սցենարն իրականացվի այնպես, ինչպես ծրագրված է, հերթը հասնելու է Հայաստանը փափուկ ուժով գրավելուն, ու դա իրականացվելու է, այսպես կոչված, ադրբեջանցիների վերադարձով, եւ այս ամբողջ քարոզը դրան է ուղղված։
«Մենք գիտենք, որ Ադրբեջանում օֆիցիալ կերպով մարդկանց բաժանում են անձը հաստատող փաստաթղթեր՝ նույնականացման քարտեր, որոնց վրա նշում են հայկական տեղանունները, իբրեւ թե անձի ծագումն այդտեղ է։ Դա հեռահար նպատակ է հետապնդում՝ նախ, չեղած կամ մասնակի եղած հիշողություններ արթնացնել, հետո ինչ-որ պահի նրանց վերադարձի հարցը միջազգային ատյաններում բարձրացնել, թե տեսեք, 200-300 հազար մարդ կա, որոնք անձնագրեր էլ ունեն՝ հայկական տեղանուններով։ Ադրբեջանը սա ինչ-որ պահի պատրաստվում է օգտագործել, երբ հայկական իշխանություններ լինեն Հայաստանում ու Արցախ վերադարձի հարցը բարձրացնեն, նա այդ խաղաքարտը նրանց դեմ է օգտագործելու, մինչդեռ դրանք համարժեք չեն, որովհետեւ ավելի շատ հայեր ԽՄ տարիներին ապրել են Ադրբեջանում, եւ դա այդ համատեքստում դիտարկվող խնդիր է, այլ ոչ թե Արցախ վերադարձի։ Եթե իրենց մոտ ստացվի Սահմանադրություն փոխել, ինչ-որ տարածքներ վերցնել, հաջորդիվ փորձելու են նրանց վերադարձի հարցը բարձրացնել, բնակեցնել Հայաստանում եւ ինչ-որ պահի փափուկ ուժով գրավել»,- վատագույն սցենարն է կանխատեսում Հովհաննես Ավետիսյանը։
Բաց մի թողեք
Իշխանության օրակարգը պարզ է, որն է ընդդիմության օրակարգը
Ավինյանը իր մտերիմ Կամսար Բաբինյանին վերանշանակել է … Լուսանկար
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում