23/08/2025

Փաշինյանը խաբվել է ու ապակողմնորոշում է ողջ ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե ժողովուրդը սահմանադրական փոփոխություններին դեմ կքվեարկի այն պարագայում, եթե հանկարծ պարզվի, որ դա կարող է ազդեցություն ունենալ խաղաղության գործընթացի վրա:

Ֆորմալ առումով, թերևս, կարելի է ընդունել, որ Հայաստանի սահմանադրության նախաբանը Բաքվի համար «մտահոգիչ է»:

Բայց Ադրբեջանի սահմանադրության նախաբանը Հայաստանի համար ավելի մտահոգիչ է, քանի որ սկզբունքորեն հակասում է նախաստորագրված Համաձայնագրի հիմնակազմիչ՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանները փոխադարձաբար ճանաչելու մասին հոդվածին:

Որևէ պայմանագիր տվյալ երկրի սահմանադրության նկատմամբ իրավական գերակա ուժ չունի, ուստի հայ-ադրբեջանական Համաձայնագիրը չպետք է պայմանավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությամբ:

Տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչումը պետք է իրավական վավերացում ստանա այլ ակտերով:

Դա բարդ է, բայց քաղաքական կամքի առկայության դեպքում՝ հասանելի և կլինի վերջնական: Հայաստանի Սահմանադրական դատարանը կառավարության կամ Ազգային ժողովի պատգամավորների հայցի հիման վրա կարող է ուժը կորցրած կամ առ ոչինչ ճանաչել ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշումը, իսկ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը նախագահի նախաձեռնությամբ որոշի, որ 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջոդությունը առմիշտ չի կարող Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի հիմք հանդիսանալ:

Տարածքային պահանջի անդառնալիության մասով մտահոգությունները պետք է փոխադարձաբար՝ կողմերի սահմանադրական դատարանների անբեկանելի վճիռներով, փարատվեն Համաձայնագիրն ստորագրելուց առաջ:

Ոչ ոք պայծառատես չէ, չի կարող երաշխավորել, թե 2027 թվականին աշխարհում և մեր տարածաշրջանում ինչ իրավիճակ է լինելու:

Ստացվում է, որ Փաշինյանը խաբվել է ու ապակողմնորոշում է ողջ ժողովրդին ․․․