Անցած շաբաթ իշխող կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկեց արտահերթ ընտրությունների հարցը, որից հետո ՔՊ փոխնախագահ Գեւորգ Պապոյանը հայտարարեց, թե թիմը կողմ չէ արտահերթին` գնալու են հերթականի։
Հրապարակ թերթը գրել է․ Ոչ վաղ անցյալում արտահերթի մասին խոսակցությունները կտրականապես հերքող իշխանականներն ու Փաշինյանը հենց այնպես հարցը չէին մտցնի օրակարգ, ընդդիմադիր դաշտում կասկածներ ունեն, որ Փաշինյանը հող է նախապատրաստում` հիմա թիմում 10-15-ն է կողմ հերթականին, վաղն այդ թիվը կմեծանա, եւ կհայտարարվի արտահերթ ընտրությունների մասին, քանի որ վաշինգտոնյան խաղաղության ակտի փուչիկը վաղ թե ուշ պայթելու է: Քանի դեռ քարոզչական էֆեկտը կա, պետք է գործել։
ՔՊ-ական պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Գագիկ Մելքոնյանը վստահ է, որ իրենց վարկանիշը չի մարելու, գնալով աճելու է հենց վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում, ուստի կարիք չկա արտահերթի գնալ, իսկ թե ինչու է հարցն իշխանության օրակարգ մտել, ասում է` ընդդիմադիրները քննարկում էին, իրենք էլ որոշել են հետ չմնալ ու հարցը փակել։ «Մեր վարկանիշը միշտ բարձր է եղել, էդ թղթից հետո էլ ավելի է բարձրանալու, արտահերթ գնալու իմաստ չկա։ Քննարկել ենք, որովհետեւ կողքերից ինչ-որ մարդիկ, ընդդիմությունն է անընդհատ խոսում, թե գնում ենք արտահերթի, դրա համար վերջնականապես քննարկվեց, եւ լսեցինք, որ թիմում կողմ չեն արտահերթին»,- ասաց պատգամավորը։
Նա համաձայն չէ այն փաստարկին, որ վաշինգտոնյան համաձայնագիրն իրականում խաղաղության մասին չէ, անորոշ մի թուղթ է, որն ընդդիմությունը հռչակել է հերթական զիջումների մասին պայմանավորվածություն․ «Ի՜նչն է անորոշ․․․ Վերահսկողությունը մենք ենք իրականացնելու, ՀՀ-ն: Անխոչընդոտն էլ էն է, որ հիմա մենք ո՞նց ենք անխոչընդոտ Ռուսաստան գնում ու անխոչընդոտ հետ գալիս, ո՞վ է մեզ խոչընդոտում, նույնն էլ՝ իրենց, այդ մաքսակետը դրվելու է, հայ-ամերիկյան ընկերությունն է նստելու, բայց ճանապարհի ամբողջ անվտանգությունը մենք ենք ապահովելու, մենք էլ նույն ձեւով Նախիջեւանով պետք է գնանք Մեղրի, հետ գանք: Սպասեք, էլի, հիմա բոլոր կետերը հատ առ հատ կքննարկվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի»։
Ասում են` դեմ եք արտահերթին, որ չզրկվեք պատգամավորական բարձր թոշակից։ «Էդ հեքիաթներին մի հավատացեք»։
Իսկ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ասում է, որ լավ ճանաչելով Փաշինյանին՝ վստահ է, որ արտահերթ լինելու է։ «Այդ կապիկությունները, թե իբր քննարկել են, դեմ են․․․ դրանք՝ բոլորը, Նիկոլ Փաշինյանն է սարքում։ Սկզբում ինքն էլ էր կատեգորիկ դեմ, հետո ասաց, որ պիտի քննարկվի, հետո քննարկել են, մի մասը կողմ է եղել, մի մասը` դեմ, ինքը պետք է բերի այն վիճակին, որ իբր թիմում բոլորը կողմ են, եւ ինքը ստիպված է գնում այդ քայլին»,- ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու առնվազն 3 հիմնավոր պատճառ ունի․ «Բոլշեւիկյան ժամանակաշրջանում ո՞նց էին մարդկանց ուղեղները լվանում, հիմա էլ նույն իրավիճակն է։ Ակնհայտ է, չէ՞, թե ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, բայց, գրողը տանի, եթե այդ ամենը վերջնական լիներ, էլի ջհանդամն ու գյոռը, բայց վերջնական չէ, եւ մենք զիջումներ ունենք։ Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունեցել, բայց Նիկոլ Փաշինյանն այնպես է պատմում, ասես հասարակությանը մի հանճարեղ բան է ներկայացնում։ Որոշ ժամանակ հետո այդ տեղեկատվությունը կանցնի, եւ 2026 թվականի համար դա գործոն չի հանդիսանա:
Էյֆորիկ իմաստով, շանտաժի իմաստով գուցե գործոն կհանդիսանա, նկատի ունեմ իր մանիպուլյացիան` եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի։ Հետեւաբար, այս էյֆորիկ վիճակը զիջելու է գործնական փուլին, որտեղ ինքը թույլ է, ուստի կարող է օգտագործել պահը ու գնալ ընտրությունների։ Մյուս պատճառն այն է, որ ընդդիմության դաշտում քաղաքական հոսանքները չեն բյուրեղացել, եւ դեռեւս չի նշմարվում՝ ինչ ուժեր կարող են մասնակցել արտահերթին։ Ես միայն Էդմոն Մարուքյանի հայտարարությունն եմ լսել, որ իր կուսակցությունը պատրաստ է։
Այս հանգամանքը եւս շահեկան է իշխանության համար։ Եվ երրորդ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանքը․ հերթական ընտրությունների ժամանակ նախընտրական ցուցակները, ըստ օրենքի պահանջի, հաստատվում են կուսակցության վարչության կողմից, արտահերթի դեպքում ՔՊ-ի ցուցակը հաստատելու է վարչապետը, որը Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հարցերն արդեն լուծել է, որ շատ չխանգարեին պետականությանը եւ այլնին, հիմա մի քանիսին էլ սուտի դուրս կմղի, կասի` ձեններդ կտրեք, վեր ընգեք տեղներդ, որ արեւի տակ հետո տեղ ունենաք, ցուցակն էլ կներկայացնի պուպուշ, նորաձեւ մի բան»։
Աղազարյանը կարծում է՝ չնայած հավաքական Արեւմուտքը վաշինգտոնյան արձանագրության տեսքով քարտ-բլանշ է տվել Փաշինյանին՝ հաջորդ ընտրություններին ընդառաջ, բայց նա հասկանում է, որ ժամանակն իր օգտին չի լինելու, այդ համաձայնությունը գործնականում կիրառելու ժամանակ վեր են բարձրանալու բոլոր խնդիրները․ «Փաշինյանն ուժեղ է միայն էմոցիոնալ դաշտում, մյուս տիրույթներում շատ թույլ է, եթե առաջ հակասում էր իր 3, 4, 5 տարվա ասածներին, հիմա՝ 3-4 ամսվա ասածներին, վաղը կարող է նախորդ օրվա ասածին հակասել։ Ամենավառ օրինակը. ասում էր` Խաղաղության պայմանագիրը կլինի ինձնից ձախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ ինձնից աջ, այսինքն՝ սկզբից կստորագրեմ պայմանագիրը, հետո կլուծարեմ Մինսկի խմբի ֆորմատը, բայց ինքն արեց, չէ՞. առանց խաղաղության պայմանագրի նախաստորագրած տեքստում ներառված է Մինսկի խմբի լուծարման հարցը։
Այո, Արեւմուտքը տվել է քարտ-բլանշ, ուզում է, որ այստեղ խաղաղություն լինի, բայց տարածաշրջանում խաղաղության 2 մոդել կարող է լինել՝ հայկական, որն անկայուն խաղաղության մոդել է, քանի որ, ըստ այդ մոդելի, Հայաստանն այստեղ որպես պետականություն պետք է գոյություն ունենա եւ ամենալավ հարաբերություններն ունենա իր հարեւանների հետ, եւ թուրք-ադրբեջանական մոդել, որը կայուն խաղաղության մոդել է, բայց դրանով Հայոց պետականությունը պետք է վերանա, եւ հաստատվի խաղաղություն, մոտավորապես այնպես, ինչպես Արցախում է։ Տեսանք, չէ՞, ինչ էին անում Արցախում խաղաղություն հաստատելու համար. Մակրոն, Պակրոն, Կակրոն, Թրամփ, Մրամփ, Պրամփ, չգիտեմ՝ էլ ինչ բառեր օգտագործեմ էդ այլանդակների, հոմոսեքսուալիստների հարցում, որոնք թփթփացնելով վարչապետի ուսերին` սկզբից Ղարաբաղը խլեցին, հիմա էլ ուզում են այստեղ կայուն «խաղաղություն» հաստատել։ Ես դեմ եմ այդ խաղաղությանը, եւ պետք է ամեն ինչ անել, որ Փաշինյանին թույլ չտանք՝ իր քայլերով կյանքի կոչի թուրքական մոդելը»։ Վերադառնալով արտահերթին՝ Աղազարյանն ասաց, որ այն, ըստ ամենայնի, տեղի կունենա մինչեւ տարեվերջ։
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար