09/09/2025

Մեկ անգամ հայավարի կանգնել-ասե՞լ է՝ սիրելի Սերժ, թանկագին Ռոբ, այն ձևը, որով երկիր եք կառավարում, հայավարի չէ

ՌԴ և ՀՀ քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանը որոշել է մինչև ընտրություններ իր ձևով շարժում ձևավորել, դրա հիման վրա էլ՝ կուսակցություն։ Այս շարժման շնորհանդեսի ժամանակ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն իր մի խումբ ընկերների հետ փորձում էր ապացուցել, որ, ի հեճուկս իշխանության, որը փորձում է ժողովրդին համոզել, թե զիջումների պետք է գնա, քանի որ «ձև չունի», իրականում «ձև ունի», և այդ ձևը «մեր», այսինքն՝ կարապետյանենց իմացած ձևն է։

Թե ինչ ասել է «Մեր ձևով»-ը, ինչ դրսևորում ու կերպ ունի՝ հայ ժողովուրդը վերջապես իմացավ։ Եվ ուրեմն, այդ ձևը «հայավարին» է՝ պատվով, խելքով, աշխատասիրությամբ՝ Ս. Կարապետյանի եղբորորդին վերծանեց։

Այդպես հայավարի էլ, ստացվում է, գործարարը պատրաստվում էր միջամտել եկեղեցու դեմ արշավին՝ փաստորեն կասկածելով ՀՀ քաղաքական (ընդդիմադիր) գործիչների պատվով, խելքով ու աշխատասեր լինելուն: Այդպես հայավարի էլ նույն Սամվել Կարապետյանը պատրաստվում է թաթախվել քաղաքական պրոցեսներում՝ մասնակցելով ԱԺ առաջիկա ընտրություններին, և ենթադրաբար հենց այսպես հայավարի էլ ժամանակին գործակցում էր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարությունների հետ, բայց խուսափում էր սեփական դեմքով քաղաքականության մեջ մտնել։

Հայավարի լինելու դեպքում, մինչդեռ, ռուսաստանցի գործարարը կապավիներ իր խելքին ու պատվին ու, տեսնելով իր հայրենիքում տիրող իրավիճակը, կկանգներ ու կազդարարեր՝ սիրելի Սերժ, թանկագին Ռոբ (կամ հակառակը), այն ձևը, որով երկիր եք կառավարում, որով քաղաքական համակարգ եք «շինում», որով տնտեսություն եք «զարգացնում», որով արդարադատություն, սոցիալական քաղաքականություն եք իրականացնում, հեչ հայավարի չի, ախր։

Եկեք, քարը փեշներիցդ թափեք, հայերիս երկիրը իմ առաջարկած հայավարի «ձևով» կառավարեք՝ ազատագրեք կոռուպցիայի ճիրաններից, տնտեսական մենաշնորհներից, սաշիկիզմից ու ստվերից, դադարեք վերարտադրվել ընտրական զեղծարարություններով, ինչքան ուզել, էդքան խփելով, «ստոպ» տվեք Հայաստանը «լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված» երկիր սարքելուն ու երրորդ աշխարհի ռեժիմների շարքը գլորելուն։

Եթե ասած լիներ, ապա 2018-ին ՀՀ հպարտ քաղաքացիները հեղափոխություն չէին իրականացնի, եղբորորդու բերանով ՀՀ տնտեսության վերաբերյալ կսկծալից մեկնաբանություններ չէր անի։ Թե. «Հայաստանի տնտեսությունը հիմնականում հիմնված է հիմնական Սովետական Հայաստանի փլատակների վրա հիմնված ընկերությունների վրա։

Հայաստանը 30 տարիների ընթացքում գրեթե չի ստեղծել տնտեսական զարգացման նոր մոդել, որ ամեն հաջորդ կառավարությունն իմանա, որ պետք է շարունակի նախորդ կառավարության վերցրած երկարաժամկետ մոդելը։ Մենք հավաքելու ենք համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ, և նրանք մշակելու են ՀՀ-ի տնտեսական զարգացման նոր մեդելը»։

Էստեղ են ասել՝ յա, իրո՞ք, Նարեկ ջան, բա մինչև հիմա ո՞ւր էիք դու, հորեղբայրդ ու մնացածը, ինչո՞ւ ձեր ահռելի ֆինանսական միջոցներն ի սպաս չէիք դնում այդ թիմը հավաքելու վրա, ահագին օգնած կլինեիք Սերժ Սարգսյանի վարչապետներին՝ Հովիկ Աբրահամյանին ու Տիգրան Սարգսյանին։ Հիմա եկել, հայավարի հավաքվում եք, որ ի՞նչ անեք։ Այ էսպես եք արել, որ «խիյարը թարս է բուսնել»։

Հա, ի դեպ, բուսնել ասացինք՝ հիշեցինք՝ 2016-ի մոտավորապես այս օրերին հանկարծակի «բուսնած»՝ վարչապետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանն էլ էր ահազանգում տնտեսության հիվանդ լինելու մասին՝ ազդարարելով՝ «վիճակը պալաժենի» է։ «Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»։

Թե ովքեր էին մեղավոր նման ծանր դրության համար, պետք է որ առնվազն հետաքրքրած լիներ ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող Սամվել Կարապետյանին։

Ի դեպ, երբ նրա եղբորորդուն հարցրել են՝ արդյոք 2018-ից առաջ եղած իրավիճակը, այսինքն՝ այն ձևը, որով կառավարվում էր քաղաքական դաշտը, տնտեսությունը, գոհացնո՞ւմ էր իրենց՝ Կարապետյան ընտանիքին։ Ենթադրվում է, որ գոհացնում էր, քանի որ հակառակի դեպքում բողոքի ձայն կբարձրացնեին ու «մի ոտ շուտ» կսկսեին իրենց ձևով շարժումը, 2018-ի հեղափոխությունն էլ տեղի չէր ունենա։

«2000 թվականների մոտեցումը պրոյեկցիա անել 2030 թվականի վրա՝ սխալ է։ Մինչև հեղափոխությունը եթե խնդիրներ չլինեին, պարզ է, որ հեղափոխություն չէր լինի։ Կար սոցիալական բազա, որպես տնտեսագետ կարող եմ ասել՝ տնտեսական խնդիրը, տնտեսական քաղաքականության մեջ կային մի քանի թերություններ, որոնք բերեցին հանրության մեջ այդ խնդրին…»,- եղել է պատասխանը։

Կարող ենք արձանագրել, որ որպես նորաթուխ հասարակական-քաղաքական գործիչ՝ Նարեկ Կարապետյանը հոյակապ է տիրապետում անցանկալի հարցերը բառերի անկապ կույտի միջոցով սվաղելու արվեստին։

Հ.Գ. Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ «Մեր ձևով» շարժման հենքի վրա կուսակցություն են ձևավորելու ու մասնակցելու են ԱԺ գալիք ընտրություններին։ Ենթադրվում է, որ կուսակցության մասին կազդարարեն նոր տարվա նախաշեմին՝ նվեր մատուցելով կուսակցություններից կուշտ (2025 թ. տվյալներով՝ պետական գրանցում ունի ավելի քան 120 կուսակցություն) հայ հանրությանը։

«Էս սհաթիս» հայտնի չէ, թե ով է լինելու լոռեցի ու միաժամանակ լեռնցի Սամվել Կարապետյանի ձևավորելիք կուսակցության դե յուրե ղեկավարը, բայց ստույգ հայտնի է, որ նա է լինելու դրա գաղափարական և ֆինանսական առաջնորդը։

Այսինքն՝ ինչն ինչպես կասի, այնպես էլ «Թիմուրն ու նրա թիմը» կանեն։ Երեկ շարժման նախաձեռնող խումբը, ավելի ճիշտ՝ փոքրիկ խմբակը՝ բաղկացած երիտասարդ ու հանրությանը գրեթե անհայտ դեմքերից, հրավիրված ասուլիսում ներկայացրեց կենացի ժանրում, մեկումեջ էլ՝ չորրորդ դասարանի շարադրության ոճով գրված այն անելիքները, որոնք պատրաստվում են «իրենց ձևով», այսինքն՝ հայավարի իրականացնել։