04/12/2025

Հիմա էլ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի բոլոր դաշնակիցների հետ

Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ մասնակից այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումները եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արված ռեւերանսները երեկվանից ակտիվ քննարկումների նյութ են դարձել։

Հրապարակ թերթը գրել է․ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Պուտինը նշել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության եւ երկխոսության համար, որը ձեւավորվել է մեր միջեւ. նկատի ունեմ ե՛ւ մեր անձնական երկխոսությունը, ե՛ւ, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը՝ մեր եղբայրական երկրների միջեւ»: Երկու ղեկավարների շփումից այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։

Փաշինյանի այս ռեւերանսները, իրենց հարաբերությունները եղբայրական գնահատելու նրա խոսքերը հնչում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից հետո, որը, ինչպես տեսանք, Ռուսաստանում խանդավառությամբ չընդունեցին, ավելին՝ ընդամենը մի քանի օր առաջ Երեւանում Փաշինյանն ակնարկում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ինչպես նաեւ՝ Չինաստանի նախագահի հետ բանակցություններն ու այդ գերտերության հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանի հայտը, որոշ փորձագետների գնահատմամբ՝ տարօրինակ են դառնում վաշինգտոնյան ակտի ֆոնին, եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչված ԵՄ անդամության փուչիկը։

Ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան, սակայն միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը հիշեցնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու Փաշինյանի սպառնալիքները եւ ընդգծում, որ հնարավոր չէ չլինել ԵԱՏՄ անդամ եւ անդամակցել ՇՀԿ-ին․ «Դրանք միմյանց լրացնող ինտեգրացիոն կարգեր են, կա միջազգային հարաբերություններում ընդունված ձեւակերպում՝ ինտեգրացիա՝ ինտեգրացիայով, այսինքն, մեկ կազմակերպություն կարող է ամբողջությամբ ինտեգրվել մյուսի մեջ, բայց հնարավոր չէ լինել ԵԱՏՄ անդամ եւ լինել ԵՄ անդամ։ Դա այնպիսի անհեթեթություն է, ինչպես, օրինակ, քննարկել Սահարա անապատում ծաղկաբուծության հարցը կամ այգեգործության զարգացման հնարավորությունը»։

Միջազգայնագետը դրական է գնահատում ՇՀԿ-ին անդամակցության հայտը. «Այստեղ կենտրոնացված է երկրագնդի բնակչության կեսից ավելին եւ ռեսուրսների մոտ 80 տոկոսը»։ Սակայն իրարամերժ է համարում Փաշինյանի՝ դեպի Արեւմուտք եւ Պեկին վոյաժները, ինչպես նաեւ՝ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Ճապոնիա կատարելիք այցը․ «Քայլերը, որոնք արվեցին ե՛ւ Չինաստանում, ե՛ւ այնտեղ մեկնելուց առաջ, մեկը մյուսին հակասող, հակադրվող հայտարարություններ ու քայլեր են եւ, իմ կարծիքով, լավ տեղ չեն տանելու»։

Հատկապես զարմացած է՝ Փաշինյանը մերժեց Պուտինի ճանապարհը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եւ ընտրեց Թրամփի մայրուղին, հետո Հայաստանում 102-րդ ռազմաբազան հանելու ցույցեր եղան, ԵԱՏՄ-ից հրաժարվելու հայտարարություն, մինչդեռ Շանհայում տեսանք Պուտինին ուղղված Փաշինյանի քծնանքը․ «Դու ինչքան էլ քծնես Պուտինին, բայց փաստ է, որ մերժել ես նրան, փոխարինել Թրամփով։ Ինչքան էլ նստես Պուտինի դիմաց եւ ասես, որ եղբայրական երկրներ ենք, դիմացդ հիմարներ չեն եւ հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում»։

Բալասանյանը քաղաքական կարճատեսություն բնորոշեց Փաշինյանի մեկ այլ քայլը, որ Չինաստանից հետո որոշել է Ճապոնիա մեկնել․ «Չինաստանում մասնակցել Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, ապա այնտեղից մեկնել Ճապոնիա՝ ուղղակի զավեշտ է, կարելի էր մեկ շաբաթ հետո մեկնել, բայց Չինաստանից մեկնել Ճապոնիա՝ ուղիղ հարված է Չինաստանին, որի հետ ստորագրած ռազմավարական համագործակցության պայմանագիրը զրոյացնում է ուղղակի։ Հայաստանն այդպիսով ցույց է տալիս որ ոչ հուսալի, իրավիճակային գործընկեր է եւ չի հասկանում իր շահը, այդ հանդիպումներից հետո մեկնել Ճապոնիա, որի հետ Չինաստանն ու Ռուսաստանն առնվազն բարդ հարաբերություններ ունեն, չգիտես, թե ինչ են ուզում դրանով ասել։ Սա բազմավեկտոր քաղաքականություն չէ, անդեմ քաղաքականություն է, որը, ըստ էության, ոչ մի տեղ չի տանում, ավելին՝ Հայաստանը դարձնում է անսկզբունք մի պետություն, որի հետ ոչ ոք ցանկություն չի ունենալու գործ ունենալ»։
Խոսելով Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ Բալասանյանն ասաց․ «Այն կրկնակի հարվածի տակ է դնելու Հայաստանը, քանի որ Պակիստանը Հայաստանի ոչ թե ուղղակի հակառակորդն է, այլ՝ թշնամական դիրքորոշում ունեցող երկիր, իրենք էլ են մեզ այդպիսին համարում։ Հիմա այստեղ հարց է առաջանում՝ ինչ է լինելու Հնդկաստանի հետ հարաբերություններում, Հյուսիս-Հարավ առեւտրային միջանցքի հետ, որը Հնդկաստանը պնդել է, որ պիտի անցնի Հայաստանով, եւ արդյո՞ք Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը շատ ավելին արժե, քան Հնդկաստանի հռչակած բազմամիլիոնանոց տնտեսական ծրագիրը։ Երկրորդ․ երբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հնդկաստանի հետ, ո՞ր սահմաններով եւ ի՞նչ դիրքրոշում է հայտնում Ջամմու եւ Քաշմիր նահանգների պատկանելության հետ կապված։ Սրա հետ կապված ոչինչ չասվեց»։

Միջազգայնագետը տպավորություն ունի, որ մենք գործ ունենք Ալիեւի հերթական պահանջի հետ․ «Հայաստանն Ադրբեջանի հետ թվացյալ խաղաղության գործընթացին զուգահեռ պետք է, պարտադրված է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի բոլոր դաշնակիցների հետ, այդպես եղավ Իսրայելի հետ, որն ամբողջությամբ հակահայկական պետություն է, Հունգարիայի, Պակիստանի։ Հայաստանին կտրում են իր դաշնակիցներից եւ դարավոր բարեկամներից ու տանում-մտցնում են մի աշխարհ, որը թուրքական աշխարհն է, որ Հայաստանը որեւէ խնդիր չունենա նրանց հետ, նրանց դեմ չքվեարկի միջազգային ասպարեզում, եւ կարծես Ալիեւը լավություն է անում բոլորին՝ Հայաստանին պոկելով իր բնական արեալից եւ տանելով թուրքական աշխարհ»։