17/09/2025

Եվ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում ու ամեն մեկին իր արժանին մատուցում

Յուրաքանչյուր ժամանակ իր պահանջներն ունի եւ իր կանոնները։ Ոչ միայն մարդկանց կենցաղն ու տեխնոլոգիաներն են տասնամյակների ընթացքում կտրուկ փոփոխությունների ենթարկվել, այլեւ բնավորությունը, սովորույթները, աշխարհայացքը, ցանկությունները։

Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, կան հաստատուն-մնայուն արժեքներ, որոնք բոլոր ժամանակներում նույնն են, ինչպես ծնողի նվիրումն ու հոգատարությունը զավակների հանդեպ, ինչպես սերը հայրենիքի հանդեպ, ինչպես հավատարմության, ազնվության, կարեկցանքի, բարության եւ այլ արժեքները։

Կան նաեւ արժեքներ, որոնք մերժելի են բոլոր ժամանակներում՝ ինչպես սուտն ու խաբեությունը, դավաճանությունն ու անազնվությունը, տգիտությունն ու վախկոտությունը։

Բայց առավել անտանելի է, երբ ստախոսը խոսում է ճշմարտությունից ու ազնվությունից, իր երկիրն աղետի հասցրածը՝ հայրենիքի հանդեպ սիրուց, տգետը՝ կրթվելու կարեւորությունից, վախկոտը՝ քաջությունից, ապերախտը՝ երախտագիտության զգացումից, իր հայացքներին դավաճանածը, իր նախկին բոլոր ասածներից հրաժարվածը խոսում է սկզբունքներից ու հետեւողականությունից։

Նրանց՝ բոլորի հույսը մարդկանց կարճ հիշողությունն է։ Այն, որ իրենց ճանաչողները պարկեշտ ու մեծահոգի կգտնվեն եւ չեն բացահայտի ողջ եղելությունն իրենց մասին, իսկ չճանաչողները կհավատան իրենց ստերին։

Հույս ունեն, որ վստահ տոնով ասված ստերը ճշմարտության տեղ կանցկացնեն, իսկ իրենց մարդ դարձրած, աջակցած, անշահախնդիր կերպով օգնածներն իրենց փոխարեն կամաչեն ու կլռեն։

Բայց նմանները պետք է հասկանան, որ կա մի վերին արդարադատություն, որի առաջ իրենք մի օր կանգնելու են։ Եվ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում ու ամեն մեկին իր արժանին մատուցում։ Երախտամոռն ու դավաճանն իրենց արժանին են, ի վերջո, ստանում, ստախոսն ու սրիկան՝ իրենց։