Երգչուհի Ալլա Պուգաչովան երկար տևած լռությունից հետո առաջին անգամ ծավալուն հարցազրույց է տվել, խոսել Ռուսաստանը լքելու որոշման և պատճառների, ընտանիքի, սիրո, քննադատությունների մասին:
Այդ ամենը նա ասել է Կատերինա Գորդեևայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-ի ալիքում:
Այս հարցազրույցը ծավալով և քննարկված թեմաներով առաջինն է Պրիմադոննայի՝ 3,5 տարի առաջ ՌԴ-ից հեռանալուց ի վեր:
Պուգաչովան նշել է, որ իզուր են իրեն քննադատում երկիրը լքելու և այդպիսով իր երկրին դավաճանելու համար:
«Ինչո՞վ եմ ես դավաճան: Զգացողություն է, որ մանկուց պառկած եմ եղել փափուկ բազմոցի վրա, և երկիրը գդալով կերակրել է ինձ: Այն փաստը, որ ես աշխատել և սովորել եմ՝ դա չի հաշվվում: Մարդն իրավունք ունի հեռանալ, որպեսզի իրեն չվիրավորեն: Եթե նրան վիրավորում են առանց պատճառի… ես վաղուց ասել եմ, որ կարող եմ լքել երկիրը միայն մեկ դեպքում՝ եթե այն դավաճանում է ինձ: Այն դավաճանել է ինձ, բայց միլիոնավոր երկրպագուներ չեն դավաճանում ինձ: Ասում են՝ ես փախել եմ ՌԴ-ից, հո բա՞նտ չէր, որ ես փախչեի. ՌԴ-ն մեծ, հզոր երկիր է, բայց պակասում է մեծահոգությունը»,- ասել է երգչուհին:
Ալլա Պուգաչովան և նրա ընտանիքը լքել են Ռուսաստանը 2022 թվականի աշնանը, երբ նրա ամուսինը՝ շոումեն և դերասան Մաքսիմ Գալկինը, ճանաչվեց որպես օտարերկրյա գործակալ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հրապարակային քննադատության պատճառով։
Երգչուհին երկար ժամանակ չէր մեկնաբանում այս իրադարձությունները։
Ընտանիքն այս ընթացքում փոխել է մի քանի երկիր և, ի վերջո, բնակություն է հաստատել Կիպրոսում, որտեղ զույգի երեխաները դպրոց են հաճախում և օտար լեզուներ ուսումնասիրում, իսկ ծնողների հասցեին վիրավորանքն ընդունում են ծիծաղով:
«Նրանք ինտերնետ չունեն, Instagram չունեն։ Նրանք հատկապես չեն հետաքրքրվում դրանով, ինչու՞ հետևել այդ ամենին: Մենք ամեն ինչ բացատրում ենք ծիծաղով, որպեսզի նրանք նույնպես ծիծաղեն։ Ես միշտ նրանց ասում եմ, որ «սա այն է, ինչ ասում են մեզանից ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ»։ Մեր հասցեին ասվածները մեզ չեն վերաբերում, թող ասեն այն, ինչ ուզում են։ Քանի դեռ մեզ մոտ ամեն ինչ լավ է, նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են», – ասել է Պուգաչովան։
Նա նաև զարմանք է հայտնել այն փաստի մասին, որ ազատ խոսքը ճնշվում է:
«Ինձ համար այնքան սուր ցավ էր, որ այդպես եղավ: Ես չեմ հասկանում, թե ինչու են խելացի մարդկանց կարծիքները ճնշվում։ Պետությունում պետք է լինեն տարբեր կարծիքներ, որովհետև՝ ինչպե՞ս կարող ես ճիշտը որոշել, եթե կարող ես միայն մեկ կարծիք ունենալ, իսկ մնացած բոլորը ճնշվում են։
Ես չէի լռի, որովհետև ինձ համար ավելի լավ կլիներ հեռանալ։ Ես գիտեի, թե ինչպես կարող էր դա ավարտվել։ Խիղճն ավելի արժեքավոր է, քան փառքը, շքեղությունը՝ հատկապես իմ տարիքում»,- նշել է Ալլա Պուգաչովան:
Շարունակելով տարիքի թեման, վերջինս հավելել է, որ բացարձակ չի վախենում մահից ու ապրում է կյանքի ամեն ակնթարթը:
Երգչուհին խոսել է նաև իր և Գալկինի ամուսնության մասին՝ համարելով այն իրական ու անդրադարձել այն պնդումներին, թե Գալկինը համասեռամոլ է.
«Ասում են, որ Մաքսիմը համասեռամոլ է: Կարող են նրան անգամ կին անվանել, սա նրանց սիրելի թեման է: Դա մեզ չի վերաբերում, թող ասեն ինչ ուզում են, մենք ունենք իսկական երջանկություն: Մաքսիմը իսկական տաղանդ ունի ինձ, իմ ընտանիքին սիրելու և իմ մասինհոգ տանելու»,- անկեղծացել է Պրիմադոննան:
Մաքսիմ Գալկինը (ճանաչված որպես օտարերկրյա գործակալ Ռուսաստանի Դաշնությունում) և Պուգաչովան պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները 2011 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ վեց տարի անց նրանք ամուսնացել են։ Զույգը երբեք չի թաքցրել, որ օգտվել է փոխնակ մոր ծառայություններից և ունի 2 համատեղ երեխա:
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո զույգը Ռուսաստանից մեկնել է Իսրայել։ Այժմ նրանք ակտիվորեն ճանապարհորդում են աշխարհով մեկ։ Զույգն ունի իսրայելական անձնագրեր և Կիպրոսի քաղաքացիություն։
Բաց մի թողեք
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը. Լուսանկար
Հայրիկիս տեղը կարող էր լինել ուրիշ երեխաների հայր, յուրաքանչյուր հայրենասեր մարդ. Լուսանկար