Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով աննախադեպ միջազգային ցուցահանդեսը։
«Այս բացառիկ ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն Լուվրի թանգարանի հավաքածուներից տասնվեց ուշագրավ ցուցանմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր թանգարանային առարկաների հետ։
Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։
Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։
Յուրատեսակ ցուցադրական միջավայրում ներկայացվող այս հավաքածուները ոչ միայն համաքրիստոնեական հոգևոր մշակույթի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության իսկական գլուխգործոցներ են։
Ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։
Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը Քրիստոնեությունը պետականորեն ընդունած և խոր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21 -ը:
Բաց մի թողեք
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
Հայկական «Վերելք» թատրոնը ներկայացնելու է «Թմկաբերդի առումը». Լուսանկար