Մինչ իշխանությունը քափ ու քրտինքի մեջ արդեն նախընտրական քարոզչության փուլ է մտել եւ ամեն քվեի համար կռիվ է սկսել, ընդդիմության դաշտում անորոշ ու շփոթահար վիճակ է։
Խորհրդարանական ուժերը, որոնց իշխանությունը մի հավաքական անունով է կնքել` «նախկին թալանչիներ» պիտակը կպցնելով, ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ արդարանալու ռեժիմից եւ ակտիվանալ: Իսկ նոր բեւեռներ էլ կարծես դեռ չեն ձեւավորվում։
Հրապարակ թերթը գրել է․ Հույս կար, որ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքական միավորների այն խումբը, որը փորձում էր համախմբվել «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» սկզբունքով, կարող է հաջողել՝ քաղաքական արենայում ծանրակշիռ դերակատարում վերցնելով իր վրա, սակայն տեղեկացանք, որ տեւական ամիսների խորհրդակցությունները կարծես թե արդյունք չեն տալիս, եւ այս ֆորմատի հեռանկարը եթե անգամ ավարտված չէ, ապա մշուշոտ է։
Խոսքը ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ», Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր»-ի միջեւ ընթացող կոնսուլտացիաների մասին է, որին մասնակցում էին նաեւ մի շարք անհատներ, օրինակ` նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը եւ ուրիշներ:
Այս ուժերի ներկայացուցիչները, ի դեպ, արդեն մի քանի տարի ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկումներ են ունենում, սակայն հիմա արդեն ընտրությունները սարի ետեւում չեն: Մեր տեղեկություններով, վերջին հանդիպումները եղել են Վաղարշապատի ընտրությունների թեմայով: Փորձել են միանալ եւ թեկնածու առաջադրել, սակայն բանակցություններն անարդյունք են ավարտվել` կա՛մ թեկնածու չեն գտել, կա՛մ` մասնակցության շուրջ համաձայնության չեն եկել։
Վերջին հավաքը կայացել է օգոստոսի վերջին, «Օպերա սյուիթ» հյուրանոցում։ Կոնսուլտացիաներին մասնակցած Սուրեն Սուրենյանցը մեզ փորձեց վստահեցնել, որ ոչ մի բան էլ չի տապալվել, շարունակվում են կոնսուլտացիաները․ «Խորհրդակցությունները շարունակվում են, ընդ որում՝ դա միակ ֆորմատը չէ, այլ բազմաշերտ է։ Ո՛չ այնտեղ նշված ուժերն են դրանով սահմանափակվում, ո՛չ էլ դրա մասնակից կուսակցություններից մեկը կաշկանդված է այլ շփումների հարցում»։
Հիշյալ բոլոր կուսակցությունները, Սուրենյանցի փոխանցմամբ, ունեն պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակելու վերաբերյալ, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի վերջերին-հոկտեմբերի սկզբներին հերթական հանդիպումը կունենան․ «Ցանկացած կոնսուլտացիայի նպատակ, եթե տարբեր կուսակցությունների միջեւ է լինում, լինում է ռացիոնալ համախմբում ձեւավորելը, կուզեք անունը դաշինք դրեք, կուզեք` միավորում եւ այլն։ Նման կոնսուլտացիաների նպատակն ուժերի մեկտեղումն է, միավորումների ստեղծումը, կոնկրետ այս պարագայում այդ կոնսուլտացիաներն ինչի՞ կհանգեցնեն՝ կոնկրետ միավորմա՞ն կամ գուցե այդ բազայի վրա մի քանի միավորումների՞, գուցե ոչ մի բան էլ չի ստեղծվում, ցույց կտա ժամանակը, բայց, բնականաբար, այս պրոցեսների վրա նախընտրական տրամաբանությունն իր կնիքը դնում է»։
Նկատեցինք, որ անգամ Էջմիածնի ընտրություններին մասնակցելու լոկալ հարցում համաձայնության չեն եկել, սա չի՞ նշանակում արդյոք, որ ավելի հեռուն գնալ չեն կարող՝ համապետական ընտրություններ․ «Բայց թեման փակված չէ, ոչ էլ առաջադրումների փուլն է վերջացել, իսկ թե ի վերջո ընդդիմադիր մասնակցության ինչպիսի տարբերակ կգտնվի` քննարկել ենք, խոսել ենք, պայմանավորվել ենք, որ հետո պետք է քննարկվի»։
Թե ինչը կամ որ գաղափարներն են միավորում նշված ուժերին, հաջողության դեպքում արդյոք չի՞ ձեւավորվելու ոչ թե գաղափարական, այլ մի հերթական իրավիճակային, նախընտրական միավորում, Սուրենյանցն այսպես պատասխանեց․ «Տեսեք, շատ պարզ խնդիր կա․ Հայաստանի քաղաքական կյանքը ներփակված է եղել մի սխալ բանաձեւի մեջ՝ «նախկիններ եւ ներկաներ», հիմա կան քաղաքական ուժեր, որ ուզում են ստատուս քվոն փոխել, դա միավորո՞ղ հատկանիշ է, թե՞ ոչ, իմ կարծիքով՝ այո, քաղաքական դաշտը բազմաբեւեռ դառնալու խնդիր ունի, հետեւաբար, մի քիչ արհեստական է հարցադրումը՝ ինչն է միավորում, եւ, ի վերջո, եթե միավորում լինի, այն ունենալու է հռչակագիր, առնվազն վեց-յոթ սկզբունք, որի շուրջ բոլորը պետք է նախապես համաձայն լինեն, ոչ թե միանան` նոր համաձայնեն կամ չհամաձայնեն»,- եզրափակեց Սուրենյանցը։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար