28/09/2025

Բայց ի՞նչ է սովորելու ՔԿ նախագահը չինացիներից, երբ Չինաստանում ՔԿ չկա

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը «բացահայտում է» Չինաստանը: Նա մի շաբաթից ավելի է՝ Չինաստանում է: Հաղորդագրություններ է, որ ուղարկում են ԶԼՄ-ներին: Սրա ձեռքը սեղմեց, նրան տեսավ, էսինչն ուսումնասիրեց:

Հրապարակ թերթը գրել է․ Սեպտեմբերի 16-ին, օրինակ, Պողոսյանը հանդիպել է Չինաստանի Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին, անդրազգային հանցավորության մասին են խոսել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների գործակցության հնարավորությունների:

Երեկ էլ Լիանյունգան քաղաքում է եղել, մասնակցել է ինչ-որ ցուցահանդեսի: «Ծանոթացել է չինական ոստիկանության կողմից օգտագործվող` քրեական վարույթների քննության, երթեւեկության կառավարման, հակաահաբեկչական գործողությունների, հրամանատարության եւ կապի համակարգման նորագույն տեխնոլոգիաներին եւ արտադրանքին»,- հայտնում է ՔԿ-ն:

Հիշեցինք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Մինչ ապագա խնամիները տանը Նատալյա Սեմյոնովնային էին սպասում, նա հարեւան շրջանում էր, ցուցահանդեսներ ու համերգներ էր այցելում:

Հարյուր – հազարավոր մարդիկ Հայաստանում լուրեր են սպասում Քննչական կոմիտեի նախագահից, նորություններ հազարավոր քրեական վարույթներից, իսկ նա ցուցահանդեսներ է այցելում:

Ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արթուր Պողոսյանն ամփոփում էր Երեւան քաղաքի քննչական վարչության եւ ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այդ խորհրդակցության ժամանակ արձանագրվեց, որ միայն Երեւանում, նախորդ տարվա համեմատ, մոտ 6 հազարով ավելի վարույթ է քննվել, որ ամեն քննիչի ձեռքի տակ այսօր 121 վարույթ կա՝ նախորդ տարվա 88-ի համեմատ:

Քննիչներն ու հատկապես նրանց ղեկավարն այս պայմաններում պետք է օրնիբուն աշխատեն, բայց Արթուր Պողոսյանը ճանապարհորդում է Չինաստանով: Սա՝ դեռ ոչինչ, եթե նպատակը հասկանալի լիներ, եւ այցը՝ արդյունավետ:

Բայց ի՞նչ է սովորելու ՔԿ նախագահը չինացիներից: Չինաստանի իրավապահ համակարգը կտրուկ տարբերվում է դեմոկրատական երկրների իրավապահ համակարգերից` եվրոպականից կամ ամերիկյանից:

Չինաստանում ամենքը, այդ թվում՝ պետական մարմինները, ենթարկվում են Կոմունիստական կուսակցությանը, ներառյալ դատարաններն ու դատախազությունը: Քաղաքական եւ այլ նուրբ գործերում արդարություն սպասելն անիմաստ է: Քաղաքական, խոսքի ազատության կամ պետական մարմինների հետ կոնֆլիկտների գործերում առաջնահերթը միշտ իշխանության շահն է, ինչպես Հայաստանում:
Ահա, ոչ հեռու անցյալից մի քանի քրեական պատմություն: Անցյալ տարվա հունվարին ուզբեկ ռեժիսոր Իքրամ Նուրմեքմետին 6,5 տարվա ազատազրկման դատապարտեցին Չինաստանում ահաբեկչական գործունեության համար: Ռեժիսորը վկայություն էր տվել, որ նրանից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզել` խոշտանգելով: Նրա հարազատներին երկար ժամանակ չէին տեղեկացրել դատավճռի մասին: Մեկ այլ գործ․ փաստաբան Լյուս Սիվեյան, որը ներկայացնում էր ընդդիմադիրների շահերը, դատվեց եւ դատապարտվեց 11 ամսվա բանտարկության, նաեւ՝ տուգանվեց: Դատաքննությունն անցնում էր փակ դռների հետեւում:

Ի դեպ, Չինաստանում Քննչական կոմիտե առհասարակ գոյություն չունի, ի տարբերություն Հայաստանի, եւ քննությունը վարում է ոստիկանությունը, իսկ դատախազությունը վերահսկում է ոստիկանների գործողությունների օրինականությունը եւ հաստատում է մեղադրանքը: Եվ, ուրեմն, ի՞նչ ունի Արթուր Պողոսյանը սովորելու Չինաստանից: