28/09/2025

Նիկոլ Փաշինյանի ՔՊ համագումարի ելույթը նախընտրական շոու էր՝ 2018-ի ոգով

Նա իշխանության եկավ՝ պառակտելով հանրությանը, փշուր-փշուր անելով ազգային ու բարոյական արժեքները։ Եվ ահա այսօր նորից հիշել է 2018-ը ու գործի դրել նույն գործիքը, որովհետև «նախընտրական հոտը  դիպել է քիմքին»։ 

Հրապարակ թերթը գրել է․ Այս անգամ բարձրացվում է «պետական շահի պաշտպանության» թեման՝ ՀԷՑ-ի շուրջ։ Փաշինյանը հայտարարում է․

«Տեղի է ունենում շատ էական մի բան. մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք՝ Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում և ոչ մի թիզ ավել։ Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, մենք գնում ենք։ Նրանք, ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։

Ինչո՞ւ եմ հիշեցնում 2018-ը և ինչո՞ւ եմ սա համարում պոպուլիզմի նոր դրսևորում՝ ժողովրդի վրեժխնդրությունը բորբոքելու համար։

Որովհետև Փաշինյանը կրկին կառուցում է պարզ սխեմա․ «ժողովուրդը ընդդեմ օլիգարխների / միլիարդատերերի»։ Նշանակում է՝ «մենք պաշտպանում ենք ժողովրդին ու պետությունը, իսկ նրանք ուզում են Հայաստանը դարձնել իրենց խաղալիք»։ Սա հզոր էմոցիոնալ մեսիջ է, որը հեշտ ընկալվում է ու շատերին ոգեշնչում։

ՀԷՑ-ի շուրջ նրա խոսքը շատերին թվում է ուժեղ պետական դիրքորոշում։ Հասարակ մարդը լսում է․ «Հայաստանը յախտա կամ սամալյոտ չէ» և մտածում․ «Վերջապես մեր կառավարությունը մեր կողմն է»։ Բայց իրականում այստեղ գործում է ժողովրդի վրեժխնդրությունը բորբոքելու մեխանիզմը։ Դա նույնն է, ինչ արեց 2018-ին․ նա նորից հակադրում է ժողովրդին ու «միլիարդատերերին»։

Այսպիսի հակադրությունը շատ պարզ է, բայց չի բացատրում իրական լուծումները։ Այո, պետական շահը կարևոր է։ Բայց երբ առաջնորդը խոսում է միայն գեղարվեստական ու կտրուկ բառերով, առանց ծրագրի ու կոնկրետ հաշվարկների, դա վերածվում է քաղաքական հնարքի՝ մարդկանց զգացմունքների վրա խաղալու և աջակցություն հավաքելու համար։

Փաշինյանը գիտակցված օգտագործում է հնչեղ բառեր՝ «յախտա», «սամալյոտ», «փաթաթել ու դնել տեղում»։ Դրանք ոչ թե տնտեսական լուծման բացատրություններ են, այլ ուժի, արժանապատվության և քողարկված վրեժի խորհրդանիշներ։ Դրանք ուղղված են վիրավորված ինքնասիրությանը, որպեսզի հասարակությունը մոռանա խնդրի բարդությունը և ամբողջությամբ կանգնի իր ղեկավարի կողքին։

Արդյունքում՝ իրականում բարդ տնտեսական ու իրավական հարցերը ներկայացվում են պարզ ու զգացմունքային փաթեթով։ Իսկ հասարակությունը, որին միշտ գրավում է ուժեղ արտահայտված արդարության զգացումը, հեշտությամբ ընկնում է այդ թակարդը։

Այս հայտարարության ամբողջ նպատակը հաշվարկված է․ հուզել, ոգեշնչել, գրգռել և նորից «համախմբել» հանրությանը՝ հին, փորձված պոպուլիստական գործիքներով։ Նպատակը պարզ է՝ ամեն գնով մնալ աթոռին և հանրության վստահության քվեով շարունակել իրականացնել ծրագրային պակաս մասը։