27/09/2025

Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ. Ալիև

Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ «Բաքվի անվտանգության ֆորում»-ի երրորդ նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում նոր համագործակցության ձևաչափ ստեղծելն է, որը հիմնված կլինի փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Այս ուղղությամբ նպատակային ջանքերը հետագայում կհանգեցնեն հարևան երկրների միջև գործընկերության ամրապնդմանը։

Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում, ԱՄՆ-ի հովանու ներքո, ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Սա կարևոր պատմական քայլ էր՝ մեր երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար»,- նշել է Ալիևը։