27/09/2025

Մակրոնը կոշտ քննադատել է ԱՄՆ դեսպանին՝ Ֆրանսիայում հակասեմիտիզմի վերաբերյալ արած հայտարարությունների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպան Չարլզ Քուշների կողմից իրեն հրապարակայնորեն մեղադրելը՝ հակասեմիտիզմի դեմ պայքարում անբավարար քայլեր ձեռնարկելու մեջ, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքական դիրքորոշումը երկրի ներսում հրեաների դեմ բռնության դեպքերի հետ կապելն, անթույլատրելի է։

Օգոստոսին Wall Street Journal-ում հրապարակված նամակում Քուշները գրել էր Մակրոնին, որ «խորապես մտահոգված է Ֆրանսիայում հակասեմիտիզմի կտրուկ աճով և ձեր կառավարության կողմից դրա դեմ պայքարի անբավարար քայլերով»։

«Իսրայելի հասցեին արված հրապարակային հայտարարությունները և Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված քայլերը խթանում են ծայրահեղականներին, հրահրում են բռնություն և վտանգի տակ են դնում Ֆրանսիայի հրեաների կյանքը», – գրել էր նա՝ կոչ անելով Մակրոնին «ապահովել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին օրենքների լիարժեք կիրառումը՝ առանց բացառության, ապահովել հրեական դպրոցների, սինագոգների և ձեռնարկությունների անվտանգությունը, խստորեն հետապնդել իրավախախտներին» և «հրաժարվել այն քայլերից, որոնք լեգիտիմություն են հաղորդում ՀԱՄԱՍ-ին և նրա դաշնակիցներին»։